10/10/2024

ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից, Փաշինյանն էլ դժգոհ է ՔՊ-ից

Հինգշաբթի օրը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող նիստն անցել է բուռն մթնոլորտում։ Կուսակցությունից չորուցամաք հայտնեցին միայն․ «Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելուն, ինչպես նաև կադրային քաղաքականությանն առնչվող հարցեր։ ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփի Դավոյանը և Լուսինե Բադալյանը հանդես են եկել զեկույցներով»։ 

Հրապարակ թերթը գրել է․ Սակայն երեք ժամանոց նիստի ընթացքում տասնյակ ՔՊ-ականներ` առանց անուններ տալու, ելույթներ են ունեցել, արձանագրել, որ կոռուպցիան ոչ միայն սողոսկել է, այլեւ արմատավորվել հեղափոխական իշխանության մեջ եւ այդ մասին են փաստում տարատեսակ ինֆորմացիաներն ու մամուլի հրապարակումները: Այս թեմայով բավականին բոցաշունչ ելույթ է ունեցել նախկին գայիշչնիկ Արմեն Խաչատրյանը, ասել է, որ մինչ նախկիններին են քննադատում, այսօրվա իշխանություններից շատերն իրենց ունեցվածքով անգամ գերազանցում են նրանց, բայց անուններ չի տվել, ընդամենը նշել է, որ տեսնում-լսում են ամեն ինչի մասին։

ՔՊ-ում միաձայն քննադատել են նաեւ վարվող կադրային քաղաքականությունը, դժգոհել, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կադրերը բարձր պաշտոններ են զբաղեցնում, ինչը հանրության կողմից, մեղմ ասած, «լավ չի ընկալվում»։ Ծավալուն զեկուցով է հանդես եկել ՔՊ վարչության անդամ Արփի Դավոյանը, ով զեկույցի առյուծի բաժինը նվիրել է արդարադատության նախարար Գրիգորի Մինասյանին` Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբորը։

Ասել է՝ հերիք չէ, որ ինքը նշանակվել է բարձր պաշտոնի, իր կադրային քաղաքականությունն էլ իրականացնում է նախկինների միջոցով, առանցքային պաշտոններին նշանակում է նախկիններին կամ նրանց հետ փոխկապակցված անձանց։ Հնչել են անուններ՝ արդարադատության փոխնախարարի պաշտոնում վերջերս նշանակված Սիրվարդ Գեւորգյանին է հիշել, ով Ռոբերտ Քոչարյանի դստեր համակուրսեցին է եղել, նաեւ` մտերիմը, թեեւ` հանուն պաշտոնի, փոխնախարարն ուրացավ այդ մտերմությունը եւ անգամ Նիկոլ Փաշինյանին սեր խոստովանեց։

Դավոյանը խոսել է ինչ-որ փորձագիտական վարչության ղեկավարի մասին եւս, որը նախկիններից է ու հեգնել է՝ արդյոք տվյալ պաշտոնյան կարո՞ղ է անաչառ փորձաքննություն իրականացնել նախարարի եղբոր, հոր նկատմամբ հարուցված գործերով։

Հիշատակվել է նախարարության Պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանը, որը Երևանի նախկին փոխքաղաքապետ, «Դիմադրություն» շարժման հանրահավաքների ակտիվ մասնակից Վահե Նիկոյանի եղբայրն է, որն աշխատել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման տարիներին, բայց հրաժարվել էր աշխատել Հայկ Մարությանի հետ։ Եւ չնայած բազում պաշտոններ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ են համալրվում եւ բնական է, որ նա է դրանց «դաբրո» տալիս, սակայն խոսակցությունը թեժ է ստացվել։ Ի դեպ, պատմեցին, որ Դավոյանից բացի այլ ՔՊ-ականներ էլ են Գրիգոր Մինասյանի նշանակումը քննադատել, իսկ Արման Եղոյանն ասել է, որ եթե անգամ Մինասյանը սուպեր մասնագետ է, ապա Միշիկի եղբայր լինելու համար անթույլատրելի էր նրա նշանակումը։ Ի դեպ, Գրիգոր Մինասյանի նշանակման պահին էլ ՔՊ-ում շատերը դեմ էին դրան, բայց Փաշինյանը միանձնյա որոշում կայացրեց:

Հատուկենտ առարկություններ են հնչել, որ կադրային քաղաքականության հարցում սխալ է առաջնորդվել «պոլի փետ լինի` ՔՊ-ից լինի» հայտնի լոզունգով, սակայն նման բան ասողներն էլ են հավելել, որ իրենք էլ չեն ողջունում նախկին կարկառուն անձանց հետ ուղիղ կապ ունեցողների նշանակումը։

Ելույթ ունենալով վերջում՝ Փաշինյանը պատասխանել է բոլոր մեղադրանքներին՝ իրեն բնորոշ եղանակով աբարոտկա ֆռռալով եւ վերադարձնելով կուսակիցներին։ Նա մուննաթ է եկել՝ թե ինչի եք դժգոհում նշանակումներից, դժգոհելուց առաջ ուրեմն լավ կլինի այլեւս չգաք ինձ մոտ, խնդրեք, միջնորդեք, որ այսինչ մարդուն այս պաշտոնին նշանակեմ, հետո էլ մեկ ուրիշ խումբ գա ու խնդրի, որ՝ չէ, այդ մարդը այդ պաշտոնում չպետք է աշխատի։ Օրինակը բերվել է ՔԿԾ նախկին պետ Սերգեյ Ատոմյանի վրա, ապա շարունակել է՝ կամ գալիս խնդրում են, թող Տոնոյանը կալանավայրից քննիչ հանձնաժողով գնալու ճանապարհին մտնի մորը տեսնի, ընդառաջում ես, մեկ էլ՝ հաջորդ խումբ է բողոքում, արդյունքում իմ ընկերոջ որդին՝ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Արման Մելքոնյանն ազատվում է զբաղեցրած պաշտոնից։ Հիշեցնենք, որ խոսքը Գագիկ Մելքոնյանի մասին է, ում փաստորեն Փաշինյանն իրեն ընկեր է համարում։

Ապա շարունակել է ՔՊ-ականներին ուղղված մեղադրանքները, որ հեղափոխությունից հետո ՍԴ-ում իրականացրած «իշխանափոխության» ընթացքում ինքն ընդամենը մեկ դատավորի է առաջարկել՝ Վահե Գրիգորյանին, մնացածին ՔՊ-ն է առաջարկել ու ընտրել, եւ հենց նույն ՍԴ-ն 2021 թվականին Քոչարյանի գործով հայտնի եզրակացությամբ արդարացրեց նրան։ Փաշինյանը նաեւ հավելել է՝ եթե արդար դատարան եք ուզում, ուրեմն մի դժգոհեք։ Ասել է նաեւ, որ իշխող խմբակցությանը մշտապես ասել է՝ եթե որեւէ պաշտոնյայի նկատմամբ հիմնավոր կասկածներ ունեն, կարող են 2/3-ի ստորագրությամբ դիմել եւ հարցը քննարկման առարկա դարձնել, մինչդեռ մինչ օրս որեւէ պաշտոնյայի մասին ՔՊ-ն նման քննարկում չի նախաձեռնել։ Զայրացել է, թե Քաղշին կոմիտեի ղեկավարի պաշտոնը տեւական ժամանակ թափուր էր, մրցույթ էր հայտարարվել, բայց ոչ մի կարկառուն ՔՊ-ական չդիմեց։ Կոռուպցիայի մասին ելույթներին էլ գրեթե չի արձագանքել։