13/10/2024

«Երեւանտրանս» ՓԲ ընկերությանը հատկացվել է 3 միլիոն 520 հազար դրամ՝ պադավատների համար

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ «Երեւանտրանս» ՓԲ ընկերությանը հատկացվել է 3 միլիոն 520 հազար դրամ՝ «Երեւանի քաղաքապետարանին վարձակալության հանձնված ընդհանուր թվով 22 տրանսպորտային միջոցների ավտոկայանատեղիի տեղական վճարի համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով»:

Հրապարակ թերթը գրել է․ Քաղաքապետարանի մեր աղբյուրը բացատրեց՝ հատկացված գումարը 22 «պադավատ» կարմիր գծերում պարկինգի` կայանելու համար է․ ««Երեւանտրանսը» սպասարկում է քաղաքապետարանի «պադավատները», հիմա քաղաքապետարանը «կարմիր գծերի» համար այս գումարը տալիս է «Երեւանտրանսին»՝ 22 հատ մեքենայի համար` 22 անգամ 160 հազար դրամ, եւ այդ փողը «Երեւանտրանսը» վճարում է «Փարկինգ սիթիին»։ Վճարվում է այդ մեքենաների գույքահարկը քաղաքապետարանի կողմից, իրենց տրվում է բենզին՝ ում, ոնց, նայած չափի, հիմնականում՝ ամսական սկսած 200 լիտրից…

Դարձրել են «կարմիր գիծը» 160 հազար դրամ ու համայնքի բյուջեից վճարում են։ Կարող էին ասել՝ գնում եք ինչ-որ տեղ Կենտրոնում, կամայական տեղ կանգնում եք` ժամով վճարեք։ Այդ 160 հազարը շատ թանկ է, իսկ իրենք համայնքի բնակիչների հաշվին այդ վճարումն անում են՝ մեքենաների համար»։

Երեւանի քաղաքապետարանից այս հարցի վերաբերյալ մեկնաբանում են, որ այդ 22 մեքենաները Երեւանի քաղաքապետարանի այն փոխադրամիջոցներն են, որոնք օպերատիվ ծառայություն են իրականացնում․ «Ըստ անհրաժեշտության՝ կարող են գիշերը դուրս գալ շրջայցի, ե՛ւ լուսադեմին, ե՛ւ ցերեկը։ Մենք մի շարք վարչություններ ունենք՝ հասարակական կարգի պահպանության, հողի վերահսկողության, անօրինական շինությունների:

Այսինքն՝ այն ստրուկտուրայի մեքենաներն են, որոնց կանխատեսել, թե օրվա մեջ որ ժամին որտեղ կլինեն, եւ, ըստ դրա էլ՝ ժամավճարով վճարել, հնարավոր չէ։ Եթե, օրինակ, իմանայինք էլ, թե ինքը որ ժամին է լինելու ծառայության մեջ, որ այդ մի ժամի համար վճարեինք, վարորդն անձամբ ինքը պետք է աներ, իսկ քաղաքապետարանը՝ որպես իրավաբանական անձ, չի կարող այդ սկզբունքով եւ իրավահարաբերություններով աշխատել»։ Այդ ծառայողական մեքենաները նշված վարչություններին սպասարկող մեքենաներ են։

Սա միայն վարչությունների «պադավատների» մասով է, չհաշված այն, որ ծառայողական մեքենաներ կան, որոնք սպասարկում են քաղաքապետին, նրա տեղակալներին, օգնականին, խորհրդականներին, որոշ վարչությունների պետերին ու նրանց տեղակալներին, առանձին մասնագետների, քաղաքապետարանի պարետին եւ այլն:

Վերջին տվյալներով՝ Երեւանի քաղաքապետարանն ունի 99 ծառայողական մեքենա։ Նախորդ տարվա ավագանու նիստերից մեկի ժամանակ դրանց անդրադարձավ «Ազգային առաջընթացից» ավագանու անդամ Հայկ Գրիգորյանը։ «Ուզում եմ տեղեկացնել, որ գոյություն ունի 99 ծառայողական մեքենա՝ «պադավատ» կոչվածը, եւ ունենք 54 վարորդ:

Մենք այս հարցը բարձրացրել էինք, մեզ պատասխանեցին, որ նույնիսկ փոխթաղապետերն ունեն վարորդներ, եւ նրանք օգտագործվում են նաեւ թաղապետարանի աշխատակիցների առօրյա աշխատանքային գործերի համար: Դա այդպես չէ, մենք ունենք ուռճացված ավտոպարկ եւ վարորդների ուռճացված թիվ: Ունենք վարչություններ, որտեղ ունենք վարչության պետ, բաժնի պետեր եւ վարչության պետի տեղակալներ»։

Այս բոլոր մեքենաների ծախսերը՝ գումարած կայանատեղիների գումարները, փաստորեն, հոգում է քաղաքապետարանը` երեւանցիների վճարած գումարներից: Մի կողմից՝ կայանատեղիների եւ այլ տուրքերի գներն է բարձրացնում, որը լրացուցիչ բեռ է երեւանցիների համար, մյուս կողմից՝ իրենց մեքենաների համար առաջացող ծախսերն է բարդում երեւանցիների վրա: