«Սեւ հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը, որը մեղադրվում է իշխանությունը զավթելու փորձի մեջ եւ կալանավորված է, մեր տեղեկություններով, հարցաքննվել է եւ հերքել իրեն մեղսագրվողը։
Հրապարակ թերթը գրել է․ Օրեր առաջ, հիշեցնենք, Քննչական կոմիտեն հայտնեց, թե ԱԱԾ-ի հետ համատեղ իշխանության յուրացման նախապատրաստության գործ են բացահայտել, մեղադրանք է առաջադրվել 7 քաղաքացու, 3-ը կալանավորված է, 4-ը՝ հետախուզման մեջ։ Խումբը, ըստ ՔԿ-ի, կապ է ունեցել Ռուսաստանի հետ, մասնավորապես հավաքագրել է մարդկանց՝ 220 հազար ռուսական ռուբլու դիմաց, ՌԴ-ի տարածքում` Դոնի Ռոստովում, եռամսյա հավաքների մասնակցելու, դրա ընթացքում նոր ծանր զինատեսակների հետ ծանոթանալու, ստացած գիտելիքներն այլ անձանց փոխանցելու համար։
Ինչ-որ մարդիկ ռազմական պատրաստություն անցնողներին ասել են, որ «վարժանքների նպատակը ՀՀ վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է, Հայաստանը մաքրելն ու փրկելը»:
Ենթադրյալ իշխանազավթման մասին նման բան ասողները, ճիշտ է` հետագայում հերքել են, որ նման բան չկա, սակայն ԱԱԾ-ն կարծում է, որ դա «կեղծ հերքում» է եղել` ավելի արժանահավատ է սկզբում ասվածը, ինչի հիման վրա էլ քրգործ են հարուցել: Ավելի վաղ հայտնել էինք, որ գործով կալանավորվածներից մեկը «Սեւ հովազ» ՌՀ ՀԿ նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանն է։ Նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Հրապարակ»-ին հայտնեց, որ Գասպարյանն իրեն ներկայացված մեղադրանքը չի ընդունում։
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 2-ամսյա կալանքը։ Պաշտպանական խումբը պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել։ «Բողոքը կմուտքագրվի վաղը, եւ կտեսնենք, թե Վերաքննիչ քրեական դատարանում ինչ արդյունք կարող ենք ունենալ։ Առերեւույթ նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ բացակայում է անգամ հիմնավոր կասկածը։ Այստեղ պետք է շեշտը դնել ոչ թե նրա վրա, որ կալանքի կիրառման անհրաժեշտությունը չկա, այլ նաեւ վերագրվող արարքի առնչությունը հիմնավորող նյութերն անգամ հիմնավոր կասկածի նվազագույն շեմը չեն հաղթահարում։
Սերոբ Գասպարյանը, բնականաբար, մեղադրանքը չի ընդունում։ Ցուցմունք է տվել ու իր դիրքորոշումը դրա վերաբերյալ հայտնել է։ Նախաքննական գաղտնիքից ելնելով՝ չեմ կարող մանրամասներ հայտնել։ Մեղադրանքը միանշանակ իրավաչափ չէ, որովհետեւ այն նյութերը, որ տրամադրվել են պաշտպանական կողմին, հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարում»,- ասաց Ալեքսանյանը։
Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ երբ հավաքագրված անձինք հրաժարվել են հեղաշրջմանը մասնակցելուց, Սերոբ Գասպարյանը եւ Ա. Ե.-ն մեկնել են նրանց տեղակայման վայր եւ դժգոհությունները վերացնելու համար հերքել են իշխանությունը զավթելու նպատակով վարժանքների կազմակերպման փաստը։ Սակայն հավաքագրված անձանց մի մասը հրաժարվել է մասնակցել վարժանքներին ու վերադարձել է Հայաստանի Հանրապետություն, իսկ Ս. Գ.-ն եւ խմբի մյուս անդամները «հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով, այն է՝ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հանցագործությունը բացահայտվելու արդյունքում չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը»,- գրված է մեղադրանքում:
Էրիկ Ալեքսանյանը շեշտում է՝ որեւէ փաստ չկա, որ Սերոբ Գասպարյանը ՌԴ-ում վերապատրաստվում էր՝ Հայաստանում հեղաշրջում անելու համար։ «Ոչ մի նմանատիպ փաստ չկա, ավելին՝ կալանքի հիմքում դրված այն փաթեթը, որ պաշտպանական կողմին է տրամադրվել, որեւէ ձայնագրություն չունի։ Ես չգիտեմ, թե այդ միֆը որտեղից է հայտնվել։ Ես դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարող են լինել ձայնագրություններ, այն դեպքում, երբ ենթադրյալ արարքները կատարվել են ՌԴ-ում։ Տվյալ պարագայում ենթադրյալ արարքը կատարվել է օտարերկրյա պետության սահմաններում։ Հայաստանն այս երկրի տարածքում հեռախոսային խոսակցությունների վերահսկման գործիքակազմ չունի։ Խոսքը գնում է այլ փաստական տվյալների մասին»,- ասաց նա։ Մեր տեղեկություններով՝ Սերոբ Գասպարյանին կալանավորել են՝ հիմք ընդունելով մեկի ենթադրությունը, թե «կարող է Գասպարյանը գիտեր, որ հեղաշրջման փորձ է լինելու»։
«Փաստական տվյալները շատ քիչ են, չունեն ո՛չ բովանդակություն, ո՛չ ծավալ»,- ընդգծեց փաստաբանը։ Հիշեցնենք, որ այս գործին անդրադարձել է նաեւ Մարիա Զախարովան՝ ասելով, որ դա անհեթեթություն է եւ «պաշտոնապես տարածվող ֆեյք» տեղեկատվություն. «Ռուսաստանը, ի տարբերություն Արեւմուտքի, այլ երկրների ներքին գործերին չի միջամտում»:
Բաց մի թողեք
Մի՞թե բալանսավորված քաղաքականություն է, երբ ասում է մի բան, մտածում` այլ բան, անում` լրիվ ուրիշ բան
Առողջապահության նախարարը անկարող է կիրառել օրենքը
Որ հայտնի դատավորն է քննելու Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը