Տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Ըստ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության, հանդիպմանը զրուցակիցները մանրամասն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին: «Ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Կողմերը անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հարցերին:
Փաշինյանը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին»,- ասված է Հայաստանի վարչապետի լրատվականի տարածած հաղորդագրության մեջ:
Հրապարակ թերթը գրել է․ Ի դեպ, ՀՀ կառավարության հաղորդագրությունը չի մանրամասնել, թե որտեղ է կայացել հանդիպումը, սակայն, ըստ թուրքական լրատվամիջոցների, հայտնի է, որ Փաշինյան-Էրդողան հանդիպումը կայացել է Turkish House անունը կրող երկնաքերում, որը տեղակայված է Նյու Յորքի Մանհեթան թաղամասում ու պատկանում է Թուրքիային կառավարությանը: Այստեղ են գտնվում նաև ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցչությունն ու Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոսությունը:
Ըստ թուրքական մամուլի հրապարակումների՝ այս նույն վայրում կայացել են Թուրքիայի նախագահի հանդիպումներն այլ երկրների առաջնորդների, ներառյալ Գերմանիայի կանցլերի, Եգիպտոսի նախագահի, Ուկրաինայի նախագահի և այլ գործիչների հետ:
Իր հերթին՝ X հարթակում Թուրքիայի նախագահի վարչակազմը ևս հաղորդել է հանդիպման մասին՝ կատարելով հետևյալ գրառումը. «Թուրքիայի նախագահը, ով Նյու Յորքում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին մասնակցելու համար, Turkish House-ում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»:
Թուրքական լրատվամիջոցների ու մի շարք տելեգրամյան ալիքների փոխանցմամբ, հանդիպմանը Թուրքիայի նախագահը իր հեղինակած գիրք է նվիրել Հայաստանի վարչապետին:
Բաց մի թողեք
Ի՞նչ կապ կա ԱԱԾ-ով ֆիզիկայի ուսուցչին տանելու եւ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում «դրսից» տնօրեն նշանակելու միջեւ․ Aravot.am
«Ընկերասեր էր, զուսպ, բոլորին հաշտեցնող». հրետանավոր Հարություն Հովսեփյանը վիրավորվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում, անմահացել հոկտեմբերի 20-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով. Լուսանկարներ
Ինչու են քաղաքացիները դիմում «օրենքով գողերին»