Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Հրապարակ թերթը գրել է․ Հայ հասարակությունը նախատեսվող հանդիպման մասին տեղեկացավ ոչ թե ժողովրդավար ՔՊ-ական իշխանությունից, այլ՝ թուրքական լրատվամիջոցներից, որոնք հանդիպումից հետո գրում են, որ Էրդողանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության շուրջ գործընթացների հարցերը: Էրդողանը Փաշինյանին նվիրել է իր հեղինակած «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» անվանումով գիրքը, եւ համացանցում է հայտնվել երջանիկ ժպտացող Փաշինյանի լուսանկարը` Էրդողանի կողքին կանգնած, նրա գիրքը մեծ ջերմությամբ կրծքին սեղմած։ Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:
– Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը ջերմ հանդիպում են ունեցել, քննարկել որոշ հարցեր, Էրդողանն անգամ Փաշինյանին իր հեղինակած գիրքն է նվիրել: Այս ամենը հայ հասարակության թեժ քննարկումների առարկան է դարձել: Ի՞նչ եք կարծում` ի՞նչ մեսիջ է պարունակում այս հանդիպումը: Թուրքիան, 1915 թվականի ցեղասպանությունից զատ, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ էլ հովանավորեց ու անմիջականորեն մասնակցեց Ադրբեջանի կողմից իրականացվող հարձակմանն Արցախի դեմ: Հետո բացահայտորեն խոստովանեց դա եւ ողջունեց Ադրբեջանի «տարածքային ամբողջականության վերականգնումը», օրերս էլ հայտարարել էր, որ Ղարաբաղը «հայկական օկուպացիայից ազատագրեցինք»: Այժմ Նիկոլ Փաշինյանը երջանիկ դեմքով նվերներ է ընդունում Էրդողանից:
– Նախեւառաջ ուզում եմ ասել, որ այդ գիրքը թուրքական ծավալապաշտության գերխտացման մասին է: Էրդողանի գաղափարներից է, որ ՄԱԿ-ի անվտանգության մշտական հինգ անդամների կազմը պետք է ընդլայնվի, եւ Թուրքիան պետք է անպայման տեղ գտնի դրանց շարքերում` մասնակցելով աշխարհի տարբեր խնդիրների լուծմանը, եւ աշխարհը կլինի ավելի արդար: Այդ գիրքը հենց այդ մասին է: Գիրքը կարդացել եմ ամիսներ առաջ, այն Թուրքիայի եւ Էրդողանի ամբիցիաների մասին է: Եթե այդ ամենը Հայաստանի վարչապետի մոտ ժպիտ ու ուրախություն է առաջացնում, այստեղ ավելացնելու ոչինչ էլ չի մնում: Մի քանի կարեւոր նյուանսներ էլ կան: Այդ հանդիպումը տեղի ունեցավ թուրքական տարածքում` Թուրքական տուն կոչված երկնաքերում: Ահռելի Նյու Յորքում չեն կարողացել մի չեզոք տարածք գտնել եւ հանդիպել են հենց թուրքական տարածքում: Արդեն իսկ այս փաստը հայկական կողմից զիջման մասին է փաստում: Այդ տարածքը, որտեղ հանդիպել են նրանք, հայկական շահերի դեմ բաստիոն է: Ամերիկայում ողջ հակահայկական գործունեությունը համակարգում են այդ շենքում: Չեմ կարծում, թե այնտեղ հանդիպման գնալն անկարեւոր հանգամանք է: Դիմավորելու հարցը նույնպես կարեւոր է: Էրդողանն իր թիմակիցների հետ Փաշինյանին դիմավորեց սեղանի մոտ, աթոռների կողքին: Ի վերջո, Էրդողանի շարժումները, ժեստերը դիվանագիտության մեջ ունեն շատ կարեւոր նշանակություն: Էրդողանին նման կերպ ժպտալը նույնպես կարեւոր դետալ էր: Այո, ճիշտ նկատեցիք, Թուրքիան Հայաստանի դեմ պատերազմի, Արցախի դեմ ողբերգությունների հովանավորն է եղել, Հայաստանի դեմ քաղաքականության, ցեղասպանական գործողությունների հիմքն է, եւ Հայաստանի ղեկավարը գոնե ինչ-որ ներքին մեխանիզմների օգնությամբ պետք է կարողանար կարգավորել իր հիացմունքը, ժպիտը, մանավանդ, որ արդեն վեց տարվա կառավարման փորձ ունի: Ենթադրում եմ, որ նա պետք է արդեն իմանար, որ նման նյուանսները շատ կարեւոր են, եւ դրանց պետք է անպայման ուշադրություն դարձնել: Ողջ թուրք-ադրբեջանական մեդիան ողողված է այդ լուսանկարներով: Դրանք այն մասին են, թե ինչպես կարելի է մեկ լուսանկարով հարված հասցնել ողջ հայ ժողովրդին եւ նրա ինքնությանը: Ինչ վերաբերում է այդ հանդիպման մասին հայտարարություններին, որոնք երկու երկրների հարաբերությունների մասին են, մեղմ ասած, ժպիտ են առաջացնում: Որովհետեւ ավելի շատ նախապայմաններ Թուրքիայի կողմից երբեք Հայաստանի առջեւ չեն դրվել, եւ Հայաստանը երբեք այսքան պատրաստակամ չի եղել՝ կատարելու Թուրքիայի նախապայմանները: Այնպես որ, նշված հայտարարությունները, որոնք արվել են այս հանդիպման մասով, կարելի է դասագրքերում ներառել որպես ինքնախաբեության ցցուն օրինակ:
– Ի դեպ, թուրքական կողմից ներկա էին թուրք բարձրաստիճան, փորձառու գործիչներ, իսկ Հայաստանը ներկայացնում էին Նիկոլ Փաշինյանը, նրա խոսնակ Նազելի Բաղդասարյանը եւ էլի մի քանի անփորձ երիտասարդներ:
– Ասեմ, որ, Էրդողանից բացի, սեղանի շուրջ հավաքված էին մարդիկ, որոնց անվանում են Թուրքիայի ուղեղներ: Այնտեղ էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, ով հատուկ ծառայության ղեկավար է եղել, այնտեղ էր նաեւ Թուրքիայի հատուկ ծառայությունների այսօրվա ղեկավարը, որը մինչ այդ Էրդողանի խորհրդականն էր, մարդ, որն ունի ահռելի փորձ եւ հմտություններ: Գերփորձառու եւ գերհմուտ մարդիկ էին ներկա: Ցավով, բայց պետք է ընդունել, որ Թուրքիան ունի շատ հաջող եւ փորձառու կադրեր: Նրանք աշխարհի տարբեր հարցերում են ընդգրկված, խաղացողներ են եւ լուծումներ առաջարկողներ:
Ունեն ահռելի փորձ, հմտություն ու գիտելիքներ: Հայաստանից ներկա էին մարդիկ, որոնց նայելով` միայն անպաշտպանություն ես զգում: Նրանք չեն կարող անգամ մրցել թուրք գործիչների հետ, ես ուղղակի ուրախ կլինեի՝ այդ սեղանի շուրջ տեսնելու այնպիսի հայ գործիչների, որոնք գոնե կլինեին մրցունակ: Եթե անգամ այս մարդիկ շատ էլ ցանկանան, չեն կարող այդ պատվիրակության հետ մրցել: Ցավը հենց սա է, գուցե շատ ցանկանան, բայց չեն կարող: Ունեն տարբեր քաշային կատեգորիաներ` փորձի առումով: Այդ ամենին նայելով՝ ուղղակի կարելի է ասել, որ մենք տեսնում ենք հայկական դիվանագիտության թշվառությունը:
– Ինչո՞ւ ենք նման հանդիպումների մասին առաջինը թուրքական ԶԼՄ-ներից տեղեկանում: Հայաստանի իշխանությունները գիտակցո՞ւմ են, որ այս տեսակ հանդիպումները հնարավոր չէ գաղտնի պահել: Գուցե հասկանում են, որ դրանք կարող են բացասաբար ազդել, դրա համա՞ր են փորձում թաքցնել:
– Չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունները նման վախեր ունենան: Ես հիշում եմ ֆուտբոլային դիվանագիտության շրջանը, երբ Սերժ Սարգսյանը խաղի ժամանակ ժպտում էր Թուրքիայի նախագահին, եւ հիշում եմ, թե այդ ընթացքում մեր հասարակությունն ինչպես արձագանքեց դրան: Նայում եմ նաեւ այսօրվա արձագանքները: Այն ժամանակ պատերազմում չէինք պարտվել, Հայաստանի նախագահը հաղթանակած էր, երբ ժպտում էր, հիմա ժպտում է պարտված ղեկավարը: Նա Հայաստանի դժբախտությունների հեղինակն է, սակայն ես չեմ տեսնում այն արձագանքը, որը պետք է լիներ:
Բաց մի թողեք
«Համեստ, ընկերասեր, որքան դրական հատկանիշներ կային, Տիգրանիս համար էին». Տիգրան Ղարիբյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. Լուսանկարներ
ՔՊ-ում պայթյունավտանգ իրավիճակ է, բարիկադներ են ստեղծել
Ով է կտրել 45 բարդին․ Լուսանկար