05/10/2024

Արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել

Սիրվարդ Գևորգյանը հայտնել է, որ հրաժարականի դիմում է ներկայացնում արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:

«Խարդավանքները հաղթեցին բանականությանը: Այսօր հրաժարականի դիմում ներկայացրեցի Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:

Մեծ ցավով ու ափսոսանքով եմ թողնում Արդարադատության նախարարության իրապես պրոֆեսիոնալ թիմը՝ նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ: Այս համակարգում երկար տարիներ եմ աշխատել ու դեռ շատ անելիքներ կային: Շատ կուզեի մասնակցել այդ ամենօրյա ծանր, բայց իրապես կարևոր աշխատանքին:

Նորից շնորհակալ եմ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ինձ ցուցաբերված մեծ վստահության համար:

Ցավում եմ, որ քաղաքական երկու բևեռներում ինձ վրա հարձակվեցին չարացած մարդիկ, ովքեր շահարկեցին ամեն հնարավորն ու անհնարը սեփական քաղաքական շահերի կամ անձնական խարդավանքների համար: Ոչ մի պաշտոն կամ աշխատանք ինձ չի կարող ստիպել հարվածի տակ դնել կամ ուրանալ իմ ընկերներին ու գործընկերներին»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ Սիրվարդ Գևորգյանը սեպտեմբերի 5-ին էր նշանակվել արդարադատության նախարարի տեղակալ: ՀՀ կառավարության սեպտեմբերի 26-ի նիստում էլ նա նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ:

Արդարադատության նախարարի տեղակալ նշանակվելուց հետո համացանցում սկսել էր շրջանառվել 2019-ին արված լուսանկար, որում Սիրվարդ Գևորգյանի հետ նաև վերջինիս համակուրսեցին՝ Ռոբերտ Քոչարյանի դուստրն է և արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը: Լուսանկարում Սիրվարդ Գևորգյանի ձեռքին նկատելի է նաև Ռոբերտ Քոչարյանի գիրքը:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը անդրադարձել է փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականին․

«Վերջին օրերին բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ: Ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները:

Շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի:

Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»,- գրել է Գրիգոր Մինասյանը։

Հիշեցնենք՝ Գևորգյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ հայտարարությամբ՝ «խարդավանքները հաղթեցին բանականությանը»։

Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել: