Գրել էինք, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ջանքերով վիժեցվել է սեպտեմբերի 19-ն Արցախի տոնացույցում որպես ցեղասպանության օր ամրագրելու նախաձեռնությունը:
Հրապարակ թերթը գրել է․ Բաբայանի կուսակից՝ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավորների բոյկոտի հետեւանքով սեպտեմբերի 18-ի երեկոյան Արցախի ԱԺ նիստը չի գումարվել՝ քվորումի բացակայության պատճառով։ Արցախի ԱԺ-ն կազմված է 33 պատգամավորից, որից 9-ը ներկայացնում է «Միասնական հայրենիք» խմբակցությունը: Արցախի ԱԺ Կանոնակարգ օրենքով քվորումը 17 պատգամավորի ներկայությունն է, բայց քանի որ մի քանիսը հիվանդ են եղել, մի քանիսն էլ երկրից բացակայել են, ուստի Բաբայանի թիմակիցների բացակայությունը վճռորոշ դեր է խաղացել։
Նիստ չի գումարվել, բնականաբար, նախագիծը չի ընդունվել, թեպետ բոյկոտի վերաբերյալ որեւէ հիմնավորում չեն ներկայացրել, սակայն Արցախի քաղաքական շրջանակները վստահ են, որ Բաբայանը հերթական անգամ ՀՀ իշխանությունների կամքն է կատարել՝ փորձելով փակել ու պատմության արխիվն ուղարկել Արցախի թեման։ Բաբայանի թիմից նիստին մասնակցել է միայն Գագիկ Բաղունցը, որը Դավիթ Իշխանյանի՝ ադրբեջանական գերության մեջ հայտնվելուց հետո կատարում է ԱԺ նախագահի պարտականությունները։ Սակայն ուշագրավ է, որ նախօրեին Բաղունցն ԱՀ քաղաքական էլիտայի հետ չի այցելել Եռաբլուր, որտեղ տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքի օծման՝ հիմնարկեքի արարողությունը: Հուշակոթողը նվիրված է արցախյան բոլոր նահատակների, Արցախում բոլոր հուղարկավորվածների եւ սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակին:
Սամվել Բաբայանի թիմակիցների վերջին օրերի պահվածքն անհանգստություններ է առաջացրել Արցախի քաղաքական շրջանակներում, նրանք մտավախություն ունեն, որ Բաբայանն իր թիմով կարող է վերջապես իրականություն դարձնել ՀՀ իշխանությունների այն երազանքը, որ Հայաստանում չպետք է գործեն Արցախի պետական ինստիտուտները, այս դեպքում՝ Արցախի խորհրդարանը, որը մեկ տարի շարունակ գործել է, չնայած ոչ մի վարձատրություն պատգամավորները չեն ստացել։ Եթե այսօր շարքային պատգամավորներն են բացակայում նիստից, վաղը կարող է նիստը վարող Բաղունցը բոյկոտել այն։
Ուստի, եթե այս իրավիճակը շարունակվի, ամենայն հավանականությամբ, ԱՀ խորհրդարանը Բաղունցին անվստահություն հայտնելու գործընթաց կսկսի եւ կընտրի նրան փոխարինող։ Արցախի ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ 17 պատգամավորով կարող են կյանքի կոչել այդ նախաձեռնությունը, եթե, իհարկե, Բաղունցն ինքնակամ հրաժարականի դիմում չգրի։ Այդ դեպքում անվստահության նախագիծ է ներկայացվում, ապա խորհրդարանական խմբակցությունները նոր փոխնախագահ են ընտրում, եւ հնարավոր է, որ այդ պաշտոնը տրվի «Ազատ հայրենիք» կուսակցությանը՝ որպես խորհրդարանական ամենամեծ խմբակցության։ Սա, հիշեցնենք, Արայիկ Հարությունյանի ձեւավորած կուսակցությունն է:
Ի դեպ, Բաբայանը վերջին ամիսներին պարբերաբար հանդիպումներ էր նախաձեռնում ԱՀ խորհրդարանական ուժերի հետ, միասնության կոչեր անում, առաջարկում առաջիկա ՀՀ ԱԺ ընտրություններում մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները եւ հանդես գալ միասնական ճակատով, տեղ զբաղեցնել ՀՀ խորհրդարանում ու առաջ մղել Արցախի հարցերը: Հանդիպումների ընթացքում նա տեղ-տեղ էլ քննադատում է Նիկոլ Փաշինյանին՝ փորձելով վստահություն ներշնչել համերկրացիների մոտ, սակայն, փաստորեն, առաջին իսկ կարեւոր պահին, ըստ Արցախի ընդդիմության, կողմնորոշվեց հօգուտ ՀՀ իշխանությունների․ պաշտպանելով նրա գիծը` Արցախի հարցը պատմության գզրոցներ ուղարկելու հետ կապված։
Բաց մի թողեք
«Ընկել է ձեռքը, համոզել է, փրթել, ղասաբ են». Արթկոսմեդում մահացած կնոջ ամուսինը մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից
Բոյկո՞տ․ Գյումրու ավագանու նիստը չկայացավ, քաղաքապետի գլխավորությամբ բացակա էին «Բալասանյան դաշինք»-ը և «Հանրապետական»-ը․ Լուսանկարներ
Վարչապետի հետ սելֆիից՝ ՔԿ նախագահի տեղակալ․ ի՞նչ են խոսում համակարգում. Լուսանկար