13/10/2024

2 բնակարան, «Պորշ» մակնիշի ավտոմեքենա. ինչ է հայտարարագրել Սասուն Խաչատրյանը

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2024 թվականի մայիսի 13-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ նա միանձնյա սեփականությամբ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բազմաբնակարան բնակելի շենքում ունի բնակարան, որը ձեռք է բերել 2005 թվականին՝ որպես նվիրատվություն։

Նույն վարչական շրջանում կրկին բազմաբնակարան բնակելի շենքում նա ունի 2021 թվականին ձեռք բերած բաժնային սեփականությամբ բնակարան, ինչպես նաև՝ 2019 թվականին գնված համատեղ սեփականությամբ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, և 2013 թվականին ձեռք բերած միանձնյա սեփականությամբ հողամաս։

Նշված բոլոր անշարժ գույքերը տարեվերջին պահպանվել են։

Որպես շարժական գույք Խաչատրյանը հայտարարագրել է 2012 թվականի արտադրության «Պորշ» մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 8 մլն դրամով։

Պաշտոնյան 28 մլն 111 հազար 500 դրամի չափով հանձնված և վերադարձված փոխառություններ ունի «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից:

Նրա դրամական միջոցները տարեսկզբին կազմել է 6 մլն 115 հազար 71 դրամ, որը տարեվերջին դարձել է 176 եվրո և 2 մլն 152 հազար 286 դրամ։ Վերջինիս կանխիկ դրամը եղել է 32 մլն 600 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 20 մլն 100 հազար դրամ։

Սասուն Խաչատրյանի տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է 29 մլն 340 հազար 564 դրամ: Դրանից 881 հազար 347 դրամը նա որպես այլ եկամուտներ ստացել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։ Հակակոռուպցիոն կոմիտեից նրա աշխատավարձը կազմել է 28 մլն 459 հազար 217 դրամ։

Կոմիտեի նախագահը նաև հիփոթեք ունի, որի մայր գումարի չափը կազմում է 11 մլն 128 հազար 869 դրամ։