Գագիկ Ծառուկյանին պատկանող Առինջ Մոլում այսօր տեղի է ունեցել իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացումը։ Միջոցառմանը պետք է մասնակցեր նաեւ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:
Կեսօրին մի շարք լրատվամիջոցների նկարահանող խմբերը մեկնել են Առինջ` միջոցառումը լուսաբանելու, սակայն ի զարմանս ներկաների` «Առինջ Մոլի» սեփականատեր Գագիկ Ծառուկյանը չի եկել միջոցառմանը, թեեւ նախապես անոնսավորված էր եղել։ Նախարար Գևորգ Պապոյանը, իրանցիների հետ, կտրել է խանութի բացման կարմիր ժապավենը՝ չսպասելով Ծառուկյանին։ Նախարարն ասել է` «ուշ է, ժամանակ չկա»։
Անմիջապես լուրեր տարածվեցին, որ Ծառուկյանը վիրավորվել է` դրա համար չի եկել արարողությանը: Բայց տեղեկացանք, որ այսօր Գագիկ Ծառուկյանը մասնակցել է իր հետ կապված քրեական գործով դատական նիստին եւ դատարանն այնքան է ձգձգել նիստը, որ նա չի հասցրել Առինջի միջոցառմանը մասնակցել: Իսկ իշխանության ներկայացուցիչները, օգտվելով դրանից, փորձել են տպավորություն ստեղծել, թե իրենք են այդ Կենտրոնի բացման հեղինակը։
Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը հաստատեց, որ այսօր դատական նիստ է նախատեսված եղել, որը սկսվել է 10։00-ին, ավարտվել ժամը 14։00-ին: Դեռ 20 օր առաջ էին նշանակել նիստի օրը։ Փաստաբանն ասաց, որ դատարանի կողմից դատական նիստը արհեստականորեն ձգձգելու միտում չի նկատել։ Ըստ ամենայնի, ենթադրել են, որ այսօրվա դատական նիստը կարճ կտևի, եւ Ծառուկյանը կհասցնի մասնակցել առևտրի կենտրոնի բացմանը։ Բայց չի ստացվել:
Բաց մի թողեք
«Գազել»-ի վթարի հետևանքով 7 տուժածից մեկն անչափահաս է. բոլորի վիճակն այս պահին գնահատվում է ծանր
«Գազել»-ը կողաշրջվել է. նախնական տվյալներով կա 8 տուժած և 1 զոհ. Լուսանկար
Ոստիկանությունը դատախազության շենքի մոտից «բերման» ենթարկեց կալանավորի խրտվիլակին. Լուսանկար