Լրտեսության մեջ մեղադրվող Ստեփանակերտի բնակիչ Սարգիս Գալստյանին առաջադրված մեղադրանքը, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ուղարկվել է Սյունիքի մարզի քրեական դատարան, դատական առաջիկա նիստի օր է նշանակվել (հիմնական դատալսումներ) հոկտեմբերի 8-ին, ժամը 15։00-ին։ Դատավոր Գ. Աբելյանն ավելի վաղ կայացրած որոշմամբ Գալստյանի խափանման միջոց կալանքը երկարաձգել է մինչև հոկտեմբերի 30-ը։
Նաև սահմանափակել է մեղադրյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը՝ թույլատրելով հաղորդակցվել միայն մերձավոր ազգականների հետ (բացառությամբ մեղադրյալի դստեր՝ Աստղիկ Սարգիսի Պետրոսյանի)։ «Դատալեքս» հարթակում հրապարակված դատարանի հուլիսի 26-ի որոշումից (մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցի քննությանն առնչվող) civic.am-ը տեղեկացավ, որ հանրային մեղադրող Կ. Հարությունյանը, ի թիվս այլնի, հայտնել է, որ «առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերն ու կանխատեսական մտավախությունները, մասնավորապես՝ մեղադրյալը տևական ժամանակ կատարել է իրեն մեղսագրված արարքը, Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո շարունակել է մնալ այնտեղ, ուստի մեծ է հավանականությունը, որ վերջինս ազատության մեջ մնալու դեպքում հնարավոր է համասեռ արարքներ կատարի։ Անդրադառնալով փախուստի հիմքին՝ նշել է, որ կանխատեսվող պատիժը և այլ հանգամանքները համակցության մեջ վկայում են այն մասին, որ վերջինս կարող է ցանկացած ճանապարհ օգտագործելով ապօրինի հատել ՀՀ սահմանը։ …
Ի թիվս այլնի, նշել է նաև, որ մեղադրյալ հաղորդակցության իրավունքը պետք է սահմանափակել նաև դստեր հետ, քանի որ վերջինս ևս հարցաքննվել է սույն վարույթի շրջանակներում և ներառված է դատակոչի ենթարկված վկաների ցանկում։ Ամփոփելով՝ հանրային մեղադրողը նշել է, որ ընտրված խափանման միջոց տնային կալանքը պետք է պահպանել, քանի որ դրա հիմքերը չեն վերացել, իսկ այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ուստի անհրաժեշտ է այն երկարաձգել 3 ամիս ժամկետով»:
Պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևն էլ, անդրադառնալով մեղադրյալ Սարգիս Մամիկոնի Գալստյանի կողմից նոր հանցանք կատարելու հիմքին, հայտնել է, որ որպես նշված հանգամանքի հիմնավորում ներկայացվել է միայն իրեն մեղսագրվող արարքը, ինչը իրավաչափ չէ։ Հավելել է, որ վարույթի նյութերում առկա չեն տվյալներ առ այն, որ մեղադրյալ Սարգիս Գալստյանը կատարել է լրտեսություն և ազատության մեջ մնալու պարագայում կշարունակի կատարել։
Ինչ վերաբերում է թաքնվելուն՝ պաշտպանը նշել է, որ հանրային մեղադրողի կողմից ներկայացված այն հանգամանքը, որ մեղադրյալ Սարգիս Գալստյանը կարող է փաստաթուղթ կեղծել և վերադառնալ Արցախի Հանրապետություն կամ Ադրբեջան, կանխատեսական բնույթի է, քանի որ քրեական վարույթի նյութերում առկա տվյալներն ու անձը բնութագրող հանգամանքները չեն վկայում այն մասին, որ մեղադրյալն ունի փաստաթղթեր կեղծելու կարողություն։ Անդրադառնալով Արցախի Հանրապետություն վերադառնալու հանգամանքին՝ պաշտպանը նշել է, որ վերջինիս անվտանգությունն ու ֆիզիկական գոյությունը ապահովված չեն եղել այնտեղ, ուստի վերջինս ստիպված վերադարձել է ՀՀ և, գիտակցելով հետևանքները, հաղորդում է ներկայացրել։
Պաշտպանը, ի թիվս այլնի, անդրադարձել է նաև վկաների վրա ապօրինի ազդեցություն գործադրելուն և հայտնել, որ գործով անցնող վկաներն են Սամվել և Կարեն Շահրամանյանները, իսկ մեղադրյալ Սարգիս Գալստյանը հանդիսացել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ուստի նման պայմաններում իրատեսական չէ, որ մեղադրյալը կարող է ազդեցություն ունենալ իր վերադասի՝ հանրապետության նախագահի վրա։ Մյուս վկան՝ Անդրեյ Գրիգորյանը, ԱՀ ԱԱԾ աշխատակից է, իսկ մյուս վկաները հանդիսանում են մեղադրյալի ազգականները։
Պաշտպանը Դատարանի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ մինչև այս պահը չի արձանագրվել մեկ դեպք անգամ, որ վկաներից ինչ-որ մեկը դիմի վարույթն իրականացնող մարմին և ցանկանա փոխել իր ցուցմունքով հայտնած տվյալները։
Պաշտպանը նաև նշել է, որ կարևոր հանգամանք է մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքները, մասնավորապես՝ մեղադրյալ Ս. Գալստյանը ունի անբասիր վարքագիծ, զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ։
Պաշտպանը, ի թիվս այլնի, հայտնել է նաև, որ մեղադրյալին մեղսագրվող արարքը հաստատվում է ցուցմունքներով, և որևիցե այլ տվյալ առկա չէ, որ վերջինս հաղորդակցվել է Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցիչների հետ, իսկ ինչ վերաբերում է հեռախոսահամարների վերծանումներին, ապա նշել է, որ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանման օրերին գրեթե բոլորին զանգահարում էին Ադրբեջանից և ծաղրում, նվաստացնում՝ այդ կերպ փորձելով հոգեբանական ազդեցություն գործադրել։
Պաշտպանն անդրադառնալով մեղադրյալի մոտից թուրքերեն բառարան հայտնաբերելուն՝ նշել է, որ վերջինս մասնագիտությամբ արևելագետ-թուրքագետ է, ուստի նշված բառարանն իր մոտից հայտնաբերելը տրամաբանական է, սակայն չի կարող վկայել այն մասին, որ մեղադրյալ Ս. Գալստյանը կապ է հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2018-2023 թթ. սեպտեմբեր ամիսը Արցախի Հանրապետությունում զբաղեցնելով տարբեր պաշտոններ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար կատարել է լրտեսություն։
Հ. Մ.
Բաց մի թողեք
Զախարովային զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների հարվածը. Լուսանկար
Կառավարող թիմի «ճաքերից» ոգևորված ընդդիմադիր ճամբարում ի՞նչ իրավիճակ է՝ ճաքա՞ծ, թե՞ ճաքճքած, փլվա՞ծ…
Ադրբեջանը և Իրանը ստորագրել են ռազմական համագործակցության արձանագրություն