Հրապարակ թերթի հարցազրույցը ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանի հետ
– Գիտեմ, որ չեք միացել Գրիգոր Մինասյանի դեմ ստորագրահավաքին, ինչո՞ւ այդպես եղավ, եւ ինչպե՞ս ընդունեցիք Մինասյանի հրաժարականի լուրը։
– Ես չեմ ուզում մեկնաբանել, որոշողը կառավարությունն է, վարչապետը։
– Բայց պատգամավորներդ էիք նախաձեռնել, ու Դուք էլ, չմիանալով, փաստացի դիրքորոշում չէիք հայտնել, չէ՞ որ արդարացի չէ, երբ մի խումբ պատգամավոր որոշում է նախարար փոխել։
– Ես չեմ ուզում այդ մասին մեկնաբանություն տալ, ես մեր բոլոր նախարարների, գործընկերների հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, իրենց աշխատանքի գնահատականն էլ ժողովուրդն է տալիս ու կառավարությունը, բնականաբար, պատգամավորներն աշխատանքի ընթացքում դժգոհություն են ունենում ու իրենց դժգոհությունն արտահայտում են։
– Ես ճի՞շտ հասկացա, որ մի խումբ գործընկերների՝ նախարարի հետ վատ հարաբերությունների պատճառով այս հրաժարականը տեղի ունեցավ, որովհետեւ Դուք ասում եք, որ լավ հարաբերություններ ունեք։
– Ես նման բան չասացի ու կրկնում եմ՝ չեմ ուզում այս թեմայով մեկնաբանել։
– Ասացիք՝ ժողովուրդն է իր գնահատականը տալիս, դուք էլ ժողովրդի կողմից ընտրված մարմնի ներկայացուցիչ եք, մարդիկ ձեզ դիմե՞լ են, ասե՞լ են, որ Մինասյանը վատ է աշխատում, կամ, առհասարակ, արդարադատության ոլորտի վերաբերյա՞լ են եղել ժողովրդի կողմից դժգոհություններ։
– Ես գործընկերներիս առավելությունները պատրաստ եմ քննարկել, բայց աշխատանքային թերացումները, խնդիրները՝ ոչ, դրանք մեր ներքին խնդիրներն են։
– Ձեր գործընկերներ Լուսինե Բադալյանն ու Արփի Դավոյանը հրաժարականից հետո ասացին, որ արդարադատությունը կաղում էր մեզանում, ժողովուրդը դժգոհ է եւ այլն: Օրինակ, ժողովուրդը ձեզնից՝ պատգամավորներիցդ կամ կառավարության մյուս անդամներից գո՞հ է։
– Եթե ձեզ թվում է, թե ժողովուրդը գոհ է, իհարկե՝ ոչ, բոլորի հանդեպ էլ թե՛ դժգոհություններ կան, թե՛ գոհունակության շատ խոսքեր։ Ես բոլորի մասով էլ լսում եմ թե՛ դժգոհություններ, թե՛ գոհունակության խոսքեր։ Իսկ արդարադատության մեջ հստակ բան կա․ միշտ չէ, որ արդարադատությունն արտացոլում է իրական արդարությունը, որովհետեւ արդարության սպասումներն իրականում այլ են, արդարադատությունը, իրավական ակտերը՝ բոլորովին այլ, եւ այն ակնկալիքները, որ ուներ ժողովուրդը, հնարավոր է՝ չարդարանան։
– Ինչո՞ւ, այնուամենայնիվ, չմիացաք ստորագրահավաքին։
– Չեմ ուզում մեկնաբանել, միշտ իմ գործողությունները կշռադատված եմ անում, որ հետագայում կարողանամ բացատրություններ տալ, բայց այս դեպքում չեմ ուզում։
– Ստացվում է, որ Դուք ՔՊ-ի բարիկադի այն կողմում եք, որը չէր ուզում արդարադատություն լինի երկրում։
– Մեր թիմում բարիկադներ չկան, արհեստական բաղդատում մի արեք, մի մասնատեք։
– Դուք՝ ինքներդ եք ձեզ մասնատել, 71 հոգանոց ֆրակցիայից 27-ն է ստորագրել Գրիգոր Մինասյանի դեմ, կարո՞ղ ենք ասել, որ արհեստական պահանջ էր, ի վերջո, ինչո՞ւ այն նախաձեռնվեց։
– Չգիտեմ, չեմ կարող ասել՝ ինչու, չեմ հետաքրքրվել, խորացել։ Ես իմ դիրքորոշումն ունեմ եւ արտահայտել եմ։
– Նիկոլ Փաշինյանն էլ պաշտոնավարման վեց տարվա ընթացքում այնպիսի խոստումներ է տվել, որոնք մնացել են չկատարված, ինչո՞ւ մի ստորագրահավաք էլ նրա համար չեք նախաձեռնում, որ հեղափոխական արժեքները մնացին թղթի վրա։
– Մեկը մեկի հետ կապ չունեցող համեմատություն եք անում, զուտ տրամաբանությունը, որ խորանաք, կտեսնեք, որ կապ չունի։
– Ունի, ձերոնք ասում են՝ Մինասյանը լավ չէր աշխատում, հանեցինք, համ էլ՝ յուրային չէր, ուզում են, որ թիմակիցը լինի այդ պաշտոնում։
– Ես չգիտեմ՝ ինչ են ասում, չեմ խորացել, որովհետեւ ես ունեմ իմ դիրքորոշումը։
– Ուրա՞խ եք, որ Մինասյանը հրաժարական տվեց, թե՞ տխուր։
– Ուրախ չեմ, որովհետեւ երբ մեր թիմի անդամներից մեկն աշխատանքից դուրս է գալիս, տխրում եմ։
Բաց մի թողեք
«Համեստ, ընկերասեր, որքան դրական հատկանիշներ կային, Տիգրանիս համար էին». Տիգրան Ղարիբյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. Լուսանկարներ
ՔՊ-ում պայթյունավտանգ իրավիճակ է, բարիկադներ են ստեղծել
Ով է կտրել 45 բարդին․ Լուսանկար