«Փաստերի ստուգման հարթակ»-ը գրում է.
Ռուսական «Սպուտնիկ Արմենիա» լրատվամիջոցը խեղաթյուրել ու սխալ է ներկայացրել COP 29 միջազգային գագաթնաժողովում Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը։
Այսպես, հոկտեմբերի 1-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման թեմային, նշել է, որ քաղաքական կամքի պարագայում ոչ մի խնդիր չկա այսօր համաձայնեցված այն կետերը, որ կան, կնքել:
«Եթե իրոք, Ադրբեջանը տարածքային նկրտումներ չունի, եթե իրոք, Ադրբեջանի ղեկավարը ուզում է խաղաղություն տարածաշրջանում, գնդակը գտնվում է ադրբեջանական դաշտում արդեն շատ վաղուց, և մենք սպասում ենք Ադրբեջանի և պաշտոնական Բաքվի արձագանքին, թե խաղաղության պայմանագիրը որ հարթակում կկնքենք, ոնց կկնքենք, որտեղ են իրենք առաջարկում, որպեսզի քննարկենք»,— նշել է Սիմոնյանը և հավելել․
«Միջազգային տարբեր գործընկերներ հարթակներ են առաջարկում, և սա ևս մեսիջ է, որ միջազգային հանրությունը սպասում է, և նույն COP 29-ի պարագայում ուզում եմ պատկերացնել, որ արդյո՞ք պետք է, որ COP 29-ի ընթացքում միջազգային գործընկերները, որոնք կայցելեն Բաքու, խոսեն այս պայմանագրից, խոսեն ռազմագերիներից, որոնք գտնվում են Ադրբեջանում, խոսեն ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի նախագահի տարածքային պահանջներից: Ես ուզում եմ հասկանալ՝ դա Ադրբեջանին այդքան հետաքրքի՞ր է և պե՞տք է»,- ասել է նա։
Ալեն Սիմոնյանը նաև նշել է, որ մի ժամվա ընթացքում Ադրբեջանի նախագահը կարող է հայտնի կապի միջոցներով կապ հաստատել և ասել՝ եկեք քննարկենք ստորագրման ձևաչափը, տեղը, և հայկական կողմը կստորագրի։
«Եթե Ադրբեջանը ցանկանում է COP 29-ը վերածել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի և գերիների ազատ արձակման մասին ելույթների ու նման միջոցառման, դա ընտրության հարց է»,— լրագրողներին ասել է Սիմոնյանը։
Ռուսական «Սպուտնիկ Արմենիա» լրատվամիջոցը, ներկայացնելով խաղաղության պայմանագրի շուրջ հնչեցրած Սիմոնյանի մտքերը, նրան վերագրել է միանգամայն այլ միտք՝ նշելով․ «Հայկական կողմը, ԱԺ նախագահի խոսքով, դեմ չէր լինի փաստաթղթի ստորագրմանը Բաքվում կայանալիք COP 29 կլիմայական գագաթնաժողովի շրջանակներում»։
«Սպուտնիկ Արմենիան» վերոնշյալը նույնկերպ թարգմանել է նաև ռուսերեն։ ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը՝ «Սպուտնիկ Արմենիայի» նման մեկնաբանությամբ, արտատպվել է նաև ադրբեջանական «Սպուտնիկ Ազերբայջանի» տելեգրամյան ալիքում։
Ավելի ուշ նույն ձևակերպումներով սխալ միտքը տարածվել է ադրբեջանական մի շարք լրատվականներում (1,2 ,3):
Այսպիսով, ռուսական «Սպուտնիկ Արմենիա» լրատվամիջոցը հայերեն և ռուսերեն հարթակներով տարածել է սխալ ու խեղաթյուրված տեղեկություն՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին վերագրելով միտք, որը պաշտոնյան չի ասել։
Սյուզաննա Համբարձումյան
Բաց մի թողեք
Նոր մանրամասներ Երևանում խոշոր ու շղթայական վթարի մասին․ Լուսանկար
«Պլաշչադկա» են տեղափոխվել օրինախախտ վարորդների թանկարժեք մեքենաներ, այդ թվում՝ ՔՊԿ անդամների․ Լուսանկար
Երկրաշարժ Հայաստանում. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ