06/11/2024

Տուգանելու հերթն հասավ ընդդիմադիր անասնատերերի՞ն

Շիրակի մարզից ընտրված Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Մելքոնյանը, որը ողջ ամառ այցելել է Շիրակի մարզի տարբեր գյուղական համայնքներ, զրուցել բնակիչների հետ ու արձանագրել նրանց խնդիրները, մասնավորապես մարզի սպանդանոցների՝ փաստաթղթով լինելը, բայց իրականում չգործելը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ անասուններին սպանդանոցային մորթի չենթարկելու համար հատկապես սկսել են տուգանել իշխանության վարած քաղաքականությունը քննադատողներին։

Այն ծառայում է մահակ այլախոհներին պատժելու համար։ «Քաղաքացիներից ահազանգեր էի ստանում, որոշեցի անձամբ ստուգել, առաջինը սպանդանոցների խնդիրն է։ Դեպք էր գրանցվել մարզի համայնքներից մեկում, գնացել բնակչին տուգանել էին ոչ սպանդանոցային միս վաճառելու համար։

Պարզեցի, որ այդ մարդը՝ տուգանվողը, չի կիսում գործող իշխանությունների քաղաքական հայացքները։ Սա միակ դեպքը չէ, արդեն 3-րդ դեպքն է, որ իշխանություններին քննադատող քաղաքացիները հայտնվում են թիրախում։

Վերցրեցի ցուցակը իբր մարզում գոյություն ունեցող սպանդանոցների ու հերթով այցելեցի։ Առաջինն Աշոցքն էր, որը գոյություն չուներ, թղթի վրա կար այդ ամենը, շենքը կա, բայց որպես սպանդանոց չի գործում, ես լուսանկարներ ևս հրապարակել եմ։

Երկրորդը Հայկաձոր գյուղում էր՝ Անիի տարածաշրջանում, 3-րդն էլ էլի Անիիի տարածաշրջանում Ձորակապ գյուղի մոտ է՝ Երևան-Գյումրի ճանապարհին։ Պետք է ասեմ, որ երեքն էլ ընդհանրապես չեն գործում ու մարդկանց համար խնդիր է, իրենք դեմ չեն սպանդանոցային մորթի ենթարկելու իրենց կենդանուն, չեն ուզում օրենք խախտել, բայց պայման չկա։

Մոտակա սպանդանոցներն էլ շատ հեռու են, չեմ կարծում մի անասունը մորթի ենթարկելու համար Ամասիայից կամ Բավրայից կգնան, կհասնեն 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող որևէ սպանդանոց, որ այդ սպանդն իրականացնեն։ Կառավարությունը խոսք է տալիս խնդիրը լուծել, բայց ոչինչ չի անում՝ բացի դիմադիր ու ընդդիմադիր հայացքներ ունեցող անասնատերերին տարբերակելուց ու տուգանելուց։

Միայն թղթի վրա սպանդանոց ունենալը շատ-շատ լուրջ թեմա է, մինչդեռ սրանով ճնշում են մարդկանց, որոնք այսօրվա քաղաքական կուրսի հետ համաձայն չեն, դեմ են արտահայտվում գործող իշխանությունների վարած քաղաքականությանը»,-ասաց պատգամավորը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ