13/11/2024

Գավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին տեղից տեղ են տանում, նախարարն ու մարզպետը կոմպետենտ չեն

«ՀՀ առողջապահության ոլորտը ամեն նոր նախարարի հետ կոռուպցիոն նոր գործերի էպիկենտրոն է դառնում։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ 2021 թվականին «Գավառ» ԲԿ-ի եւ Գավառի հիվանդանոցի վերամիավորման պրոցես սկսվեց, իսկ 2022 թվականին երկուսը միասին դարձան մեկ միավոր՝ Գավառի բժշկական կենտրոն։ Ավելի հասկանալի եթե բացատրենք, Գավառի պոլիկլինիկան, որը սպասարկում է արդեն Գավառ խոշորացված համայնքի 61 հազար 904 մարդու, միացվեց Գավառի հիվանդանոցին։

Միավորումից որոշ ժամանակ անց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հենց Գավառում հայտարարեց, որ՝ «Գավառի պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքներ ենք իրականացնում պետական ծրագրով»։ Հենց այս հայտարարությունից հետո պոլիկլինիկայի անձնակազմին շենքից հանեցին եւ տեղափոխեցին Գավառի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք, իսկ ինֆեկցիոն բաժանմունքը սկսեց գործել մանկական բաժանմունքում։ Ակնհայտ է՝ անթույլատրելի եւ անհամապատասխան գործողություններ են ծավալվել, քանի որ բազմաթիվ իրավական նորմեր են խախտվել։ Այս երեւույթը կոչվում է «չլիցենզավորված գործողություն»։

2023 թվականի հունվարին Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարարը մարզպետ Կարեն Սարգսյանի հետ հայտարարում է, որ 2023 թվականի ապրիլից մեկնարկում է Գավառի պոլիկլինիկայի կառուցումը։ 2024 թվականի ամռանը ՀՀ առողջապահական տեսչական մարմինը տարեկան ստուգում է անցկացնում Գավառի պոլիկլինիկայում։ Նախարարությունը, հասկանալով, որ տեսչական մարմինը որոշ խնդիրներ կնկատի, պոլիկլինիկայի աշխատակիցներին նորից հետ է տանում եւ տեղավորում է կրկին Գավառի պոլիկլինիկայի շենքում։ Արձանագրենք, որ որեւէ վերանորոգում այդպես էլ չիրականացվեց, եւ այս հարցը մնաց օդում կախված։ Ինչպես հայտնում են մարզի բնակիչները՝ հիվանդանոցի կողքին տարածք են նախատեսում պոլիկլինիկա կառուցելու համար, ոչ թե նախկին շենքը վերանորոգելու։

Այսպիսով՝ մեկ-երկու տարվա ընթացքում 2-ից 3 անգամ փոխվեցին նախարարության որոշումները, իսկ թե երբ կկառուցվի կամ կվերանորոգվի Գավառի կլինիկան, հարցական է»։