Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքի իրավիճակն ու մտահոգություն է արտահայտվել իրավիճակի կապակցությամբ:
Նաև քննարկվել է ռուս-թուրքական հարաբերությունը, Պուտինն ու Էրդողանը հայտնել են դրա առնչությամբ գոհունակություն, ինչպես նաև հետագա զարգացման պատրաստակամություն:
Հատկանշական է, որ չի շոշափվում Պուտինի Թուրքիա այցի թեման: Անկարան կտրե՞լ է հույսն այդ առնչությամբ, թե՞ այդպես չէ, պարզապես Մոսկվայի համար հարցը դուրս է եկել օրակարգից: Սա հատկանշական հանգամանք է, որովհետև Պուտինի հնարավոր այցի մասին խոսվում է 2023թվականի մարտ-ապրիլից, սակայն այց չի կայացել առ այսօր:
Պաշտոնական Անկարան մի քանի անգամ թե՛ պաշտոնապես, թե՛ մամուլի արտահոսքի միջոցով շոշափել է թեման, սակայն Ռուսաստանից արձագանքը եղել է այն, որ չի ստացվում համաձայնեցնել ժամանակացույցը:
Հուլիսին Ռուսաստան էր այցելել Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը, որը հանդիպեց նաև Պուտինի հետ և դարձյալ շոշափվեց այցի թեման, սակայն Ռուսաստանից, ըստ էությանլ նույն արձագանքով:
Սա, անշուշտ, վկայում է այն մասին, որ Մոսկվայի ու Անկարայի միջև չնայած շարունակվող գործակցությանը տարբեր հարցերում, ի հայտ են եկել սկզբունքային տարակարծություններ:
Դրանք հատկապես ո՞ր ուղղությամբ են արտահայտվում՝ ուկրաինակա՞ն, կովկասյա՞ն, Մերձավոր Արևելքի, թե՞ Կենտրոնական Ասիայի:
Հնարավոր է, որ խնդիր կա բոլոր ուղղություններով: Հատկանշական ուշադրության է արժանի սակայն այն, որ վերջին մեկ-մեկուկես տարիների ընթացքում Անկարան է Մոսկվայի հետ «շփումներ» փնտրողի կարգավիճակում, իսկ Մոսկվան կարծես թե նկատելիորեն փորձում է բարձրացնել դրա գինը:
Պատճառն ըստ երևույթին այն է, որ ուկրաինական ուղղությամբ Ռուսաստանը իրեն զգում է վստահ, միևնույն ժամանակ կարծես թե կայուն է Իրանի հետ պայմանավորվածությունների համակարգը, չնայած թվում էր, որ մայիսին Իբրահիմ Ռայիսիի հետ կատարված ողբերգությունից հետո կարող է այդ ուղղությամբ արձանագրվել փլուզում, ինչը անկասկած բարձրացնելու էր Թուրքիայի դերն ու նշանակությունը:
Դա տեղի չունեցավ, և Անկարան շարունակում է «փնտրել» Ռուսաստանի հետ թերևս այն շփումը, որը կապահովի օրինակ ցանկալի ճանապարհային ռեժիմ դեպի Կենտրոնական Ասիա:
Բաց մի թողեք
Պուտինը փորձում է խաղալ․ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար չի ուրվագծվում
Օվալաձև աշխատասենյակում հայտնվել է Թրամփի դեմ մահափորձը պատկերող բրոնզե արձանը. Լուսանկար
Քրդական PKK-ն հայտարարել է ինքնալուծարման և Թուրքիայում ապստամբության ավարտի մասին