02/11/2024

Ողբերգական ավտովթար՝ Աշտարակի նախկին ՃՈ-ի հարևանությամբ․ Լուսանկար

Հոկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 22։00-ի սահմաններում «Hyundai Solaris» մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառերի, կոտրել դրանք և հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Ողբերգական ավտովթար՝ Աշտարակի նախկին ՃՈ-ի հարևանությամբ

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները վարորդի մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Իրավիճակը դեպքի վայրում բավականին լարված էր, քանի որ դեպքի վայր էին ժամանել մահացածի հարազատները։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Նշված հատվածում ուժեղացված ծառայության են անցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացած վարորդի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը