Զանգեզուրի միջանցքի շուրջ զարգացումները կանգ չեն առնում։ Նիկոլ Փաշինյանը բոլոր ջանքերը գործի է դնում, որ չիրականացնի նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը, ըստ որի՝ ռուսական սահմանապահ ծառայությունը պետք է վերահսկի ապաշրջափակված ճանապարհը, որն Ադրբեջանը կապելու է Նախիջեւանի հետ։
Հրապարակ թերթը գրել է․ Հայկական կողմը մեկնաբանում է, որ այդ կետն ընդամենը մոնիթորինգի մասին է, ոչ թե գետնի վրա վերահսկողության։ Մինչդեռ Արեւմուտքի պահանջն է՝ բացել այդ ճանապարհը, բայց այն ՌԴ-ի վերահսկողությանը չվստահել, եւ, առհասարակ՝ ռուսներին ամբողջովին վտարել Հայաստանից ու տարածաշրջանից։
ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքի ժամանակ ունեցած իր ելույթում Փաշինյանը հերթական անգամ ակնարկել է այդ մասին, նախ ընդգծել, որ իրականությանը չեն համապատասխանում «բոլոր հայտարարությունները», թե իբր Հայաստանն ինչ-որ ձեւով համաձայնել է, որ «երրորդ երկրներն ապահովելու են հաղորդակցության անվտանգությունն իր ինքնիշխան տարածքում», ապա, նկատի ունենալով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ասել, որ իրականությանը չեն համապատասխանում նաեւ այն հայտարարությունները, որ «դա նախատեսված է որեւէ փաստաթղթով»։
«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների եւ մարդկանց երթեւեկության անվտանգությունը։ Սա մեր ցանկությունն է, մեր պարտավորությունը, եւ մենք դա երաշխավորում ենք։ …Ավելին, մենք պատրաստ ենք որոշակի պարզեցումներ կատարել սահմանային հսկողության ընթացակարգերում՝ փոխադարձության, իրավահավասարության, կողմերի ինքնիշխանության եւ իրավազորության սկզբունքների հարգման շրջանակներում»,- ասել է Փաշինյանը։
Նկատենք, որ արդեն որերորդ անգամ է Փաշինյանը հրապարակային խոսում «պարզեցված ռեժիմի» մասին եւ խոստանում, որ ադրբեջանական բեռներն ու վարորդները հանգիստ կանցնեն ՀՀ տարածքով։
Իսկ ի՞նչ է նշանակում պարզեցված ռեժիմ: Տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը բացատրում է․ «Ենթադրենք, միջազգային ընկերության փոխադրողը Եվրոպայից գալիս է Հայաստան, նախ մտնում է Ռուսաստանի տարածք, հետո պետք է Վրաստան գա` այդ սահմանային կետում որեւէ ստուգման չի ենթարկվում, նույնը՝ նաեւ Վրաստանում, ոչ մի սահմանային ձեւակերպում չի անցնում, որովհետեւ միջազգային փոխադրումների համար կա նման երաշխավորված փաստաթուղթ, ով տվել է այդ փաստաթուղթը, նա է պատասխանատու։ Եթե դու կասկածում ես, կարող ես կանգնեցնել, ստուգել, եթե կասկածդ հաստատվեց, կարող ես տույժ-տուգանք սահմանել, եթե՝ ոչ, ապա պարտավոր ես ինչ-որ բան վճարել։ Սա հենց պարզեցված ընթացակարգն է»։ Այսինքն, շենգեն գոտու պե՞ս։ «Ոչ, դա շատ է պարզեցված, մեր եւ Ադրբեջանի միջեւ դժվար թե այդքան պարզեցում արվի, շենգենում սահմանն անցնում ենք, չենք էլ ջոկում, որ անցել ենք։ Իսկ մեր դեպքում ենթադրում եմ, որ որոշակի ստուգումներ կլինեն, օրինակ՝ անձը հաստատող փաստաթղթի, գուցե բեռնատարողության չափի վերաբերյալ սահմանափակում դրվի, Հայաստանում ինչ-որ օրենսդրական դաշտ կա` սահմանը հատողի հետ կապված, այդ օրենքի շրջանակներում էլ կարվի»,- ասաց Քոչինյանը՝ նշելով, որ, ըստ ամենայնի, բեռների ստուգում եւ այլն, դժվար թե լինի, քանի որ դա չի մտնում պարզեցված ընթացակարգի մեջ։
Մեր զրուցակիցը հիշեց, որ երբ 90-ականների սկզբներին Իրանի հետ ճանապարհային հսկողության պարզեցված ռեժիմի են անցել, դա արել են փուլ առ փուլ․ «1993թ․ առաջին փաստաթուղթը ստորագրվեց տրանսպորտի նախարարությունների միջեւ, որտեղ գրված էր՝ այսինչ բաները ստուգում ենք, սրանք չենք ստուգում եւ այլն, բեռնատարողությունը՝ այսքան: Հետո անցան տարիներ, ավելի պարզեցվեց, հետո՝ ավելի շատ։ Օրինակ, կար ժամանակ, որ իրանական կողմն արգելում էր մեր մեքենաներին իրենց հողում վառելիք լիցքավորել, որովհետեւ այնտեղ էժան էր, հետո պարզեցվեց-պարզեցվեց, այսօր առավել քան պարզեցված ռեժիմ է գործում։ Իրանի համար մենք տարանցիկ ճանապարհ ենք, որոշակի վճարումներ են կատարում` ընդամենը, կամ՝ մենք Իրանով երբ գնում ենք Արաբական Էմիրություններ: Հետեւաբար, ամեն ինչ փոխադարձ վստահության հիման վրա պետք է լինի»։
Քոչինյանը, օրինակ, չի պատկերացնում, որ հայերն էլ են օգտվելու այդ ճանապարհից, բայց ադրբեջանցիները դա կանեն․ «Ես իրոք չեմ պատկերացնում, որ կնստեմ մեքենան ու Ադրբեջանով Ռուսաստան կգնամ։ Իրենք դա կանեն, անգամ ուզում են գալ, Հայաստանում ապրել»: Եվ չի էլ հավատում՝ եթե անգամ գնա, ճանապարհին շարքային ադրբեջանցին դժվար թե խոչընդոտի իր ուղեւորությունը․ «Դժվար է պատկերացնել, որ մի ադրբեջանցի քարով կխփի մեքենային կամ այլ բան, գուցե քաղաքական ուժ նման բան սարքի, բայց ո՛չ շարքային ադրբեջանցիները»: Նույնկերպ քիչ հավանական է համարում, որ պարզեցված ռեժիմի ընթացքում ադրբեջանցիները մեր պետության տարածքում սադրանքների դիմեն․ «Այո, գուցե նարկոտիկը, զենքը պետք է ստուգել, բայց լոլիկը հո արկղ-արկղ չե՞ն ստուգելու, ռենտգենով կնայեն: Պետք չէ ծայրահեղությունների մեջ ընկնել, ադրբեջանցին հիմա էլ ուզենա, Հայաստանով կգնա Նախիջեւան, Վրաստանով կմտնի Բագրատաշեն, ապա Երասխով՝ Նախիջեւան։ Այդ «միջանցք» բառն այնքան է արծարծվել, դրա համար էլ բոլորը պատկերացնում են, որ Մեղրիով պետք է միայն մտնեն Նախիջեւան։ Հիմա մենք ասում ենք՝ եկեք-անցեք-գնացեք, դա նշանակում է՝ որտեղից կարող ես, մտի Հայաստան, միջպետական համաձայնագրերով սահմանված ձեւակերպումներն անցիր ու գնա։ Ես կարծում եմ, որ իշխանությունները հասել են այն կետին, որ միջանցք չեն տալու, միջանցք՝ նշանակում է մի ճանապարհ ես տալիս, կողքերը ցանկապատ ես անում ու դու չես կարող այնտեղ մտնել, ինքը կուզի` կգնա, կուզի` կմտնի, ինչ կուզի` կանի, դա ադրբեջանական տարածք ես սարքում։ Դա չի լինելու, ես միշտ դեմ եմ եղել դրան, հիմա ոնց որ իշխանությունն էլ է եկել դրան»։
ՀԳ․ Փաշինյանի ելույթից հետո ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է․ «Ռեգիոնալ հաղորդուղիների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ առանց ՌԴ մասնակցության», եւ հիշեցրել է՝ Հայաստանը հետ չի կանչում իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի համաձայնագրից: Օվերչուկի այդ հայտարարությունը թերեւս ունի այն տողատակը, որ եթե անգամ Հայաստանը հետ կանչի իր ստորագրությունը, Ռուսաստանը, միեւնույն է` թույլ չի տա կապուղիների ապաշրջափակում՝ առանց իր մասնակցության եւ վերահսկողության։






Բաց մի թողեք
ՔՊ-ն ծեծի համար դատվողներին պատգամավոր է դարձնում․ Լուսանկար
Աղազարյանին այս անգամ չմերժեցին
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ