06/11/2024

90-ական թվականները մեզ համար մեղմ ժամանակներ կթվան

Չնայած «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը Մյուռոնօրհնեքի օրը լրագրողների հետ ճեպազրույցում ոտքի վրա հերքել էր տեղեկությունները, թե Փաշինյանի իշխանությունը ՀԷՑ-ը «Տաշիր գրուպ»-ից խլելու քայլեր է անում, բայց վերջին մի քանի օրերի պաշտոնանկություններն անուղղակիորեն գալիս են հաստատելու այդ տեղեկությունները, որոնց մասին «Հրապարակն» արդեն մոտ մեկ ամիս է՝ գրում է։

Հրապարակ թերթը գրել է․ Բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք անուղղակիորեն կարող էին ներգրավվածություն ունենալ ՀԷՑ-ի շուրջ հնարավոր զարգացումներին, մեկը մյուսի հետեւից հրաժարական են տալիս։

Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի հրաժարականը, որը երրորդն էր վերջին երկու օրերի հրաժարականների շքերթում, պայմանավորում են այն հանգամանքով, որ ՀԷՑ-ի զարգացման ծրագրին, նախ, էկոնոմիկայի նախարարությունը պետք է հավանություն տա, որից հետո այն պետք է ՀԾԿՀ ներկայացվի, որի նախագահ Գարեգին Բաղրամյանի ազատման լուրը նախօրեին հաստատվեց։ Հայտնի դարձավ նաեւ  տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի՝ պաշտոնից ազատման լուրը։ Պաշտոնանկությունների այս շարքը թույլ է տալիս եզրակացնել, որ, ըստ ամենայնի, վերջիններս չեն ցանկացել մաս դառնալ ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի շուրջ հնարավոր սցենարներին, ինչը պետք է դիտարկել ոչ միայն պետական ռեկետի, ինչպես ԶՊՄԿ-ի դեպքն էր, երբ կասկածելի պայմաններում կառավարությունը բաժնեմաս «նվեր ստացավ», այլեւ Ռուսաստանից Հայաստանը «պոկելու» արտաքին քաղաքական պատվերի համատեքստում։

Հայաստանին ուղղված արեւմտյան ու, մասնավորապես, ամերիկյան դրամական աջակցությունների նպատակներում կարմիր թելի պես անցնում է «էներգետիկ ոլորտում դիմակայունության բարձրացում» ձեւակերպումը, իսկ սա թարգմանաբար նշանակում է՝ Հայաստանի էներգետիկ համակարգը կտրել ռուսական էներգոհամակարգից։ Սրան են միտված նաեւ մոդուլային ատոմակայանի կառուցման մասին խոսակցությունները, ինչի ռիսկերին առիթ ունեցել ենք անդրադառնալու։

Որ էներգետիկ ոլորտում ՔՊ-ական իշխանության օրոք քաղաքականություն գոյություն չունի` քաոս է, մասնագետները նոր չէ, որ ահազանգում են։ Էներգետիկ եւ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտում է՝ Հայաստանն ինքնուրույն չէ որեւէ հարցում, այդ թվում՝ էներգետիկ քաղաքականության։ «Մենք տեսնում ենք արեւմտյան տարբեր կառույցների հայտարարությունները, բայց այդ ուղղությամբ որեւէ ռեալ ներդրում գոյություն չունի։ Իրականության մեջ եթե նայում ենք, վերջին վեց տարում երկրի էներգետիկ քաղաքականությունն ամբողջությամբ ձախողվել է, այս իշխանությունը չի կարողացել ավարտին հասցնել նույնիսկ կնքված պայմանագրերը։ Սա կառավարման անընդունակ մարդկանց կողմից իրականացվող քաոտիկ քաղաքականություն է, որի հետեւանքով Հայաստանն օրեցօր գնում է դեպի էներգետիկ ճգնաժամ»,- ասում է մասնագետը։

Մանվելյանի խոսքով՝ Հայաստան-Ռուսաստան էներգետիկ համագործակցությունն էներգետիկ կախվածություն է որակվում, որից իբրեւ թե ազատվելու համար, օրինակ, ԱՄՆ ՄԶԳ-ն առաջարկում է արեւային կայաններ կառուցել, զարգացնել վերականգնվող էներգետիկան, ինչը, ըստ մասնագետի, ավելի շատ ցանկությունների, քան իրականության ոլորտից է։ «Հիմա մենք տարեկան արտադրում ենք մոտ 8 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա, իրենք ասում են՝ լավ կլինի, որ դա հասցնեք 15-ի։ Իհարկե, լավ կլինի, բայց թե ինչպես են անելու, դրա պատկերացումները չկան։ Բացի այս, այդ պանելները ներկրվում են Չինաստանից, դա նշանակում է, որ մենք կախվածության մեջ ենք հայտնվում Չինաստանից, որովհետեւ այս պանելներն անընդհատ փչացող, կոտրվող ապրանք են, որն անընդհատ պետք է ներմուծես։ Դա կբերի էներգետիկ համակարգի կայունության անկման։ Մենք պետք է հասկանանք, որ «էներգետիկ անկախություն» հասկացությունն իրականում կեղծ է, այն գոյություն չունի, որովհետեւ բոլոր երկրներն ունեն տարբեր կախվածություններ, եւ նույն ԱՄՆ-ի ատոմակայաններում օգտագործվող հարստացած ուրանի 30 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից՝ նույնիսկ այս իրավիճակում։ Անգամ նավթ ունեցող երկրներն են կախված արտաքին շուկաներից, որովհետեւ արտահանում են գազ ու նավթ, բայց քանի որ մեզ մոտ 6 տարի է՝ իշխանության են դիլետանտները, Արեւմուտքը դա օգտագործում է իր շահերից ելնելով, իսկ իրենք էլ՝ իրենց նեղ, կլանային շահերից ելնելով»,- բացատրում է Արմեն Մանվելյանն ու  նկատում, որ ձախողված էներգետիկ քաղաքականության հետեւանքով արդեն վաղուց էլեկտրաէներգիայի անջատումները երկրում դարձել են «նորմալ», ինչի պատասխանատվությունը բարդելու համար իշխանությունը «քավության նոխազ» է փնտրում։

Արմեն Մանվելյանի խոսքով՝ Արեւմուտքը պատասխանը տվել է, թե ինչպես է Հայաստանը լուծելու էներգետիկ խնդիրները՝ դիվերսիֆիկացիայի անվան տակ առաջարկվող սցենարի դեպքում «մի քանի ձմեռ կմրսեք»։ «Սրան պետք է լուրջ վերաբերվել, որովհետեւ եթե իրենք հասնեն նրան, որ ատոմակայանը փակվի, Հայաստանն ուղղակի էներգետիկ կոլապսի առաջ կկանգնի, եւ 90-ական թվականները մեզ համար մեղմ ժամանակներ կթվան։ Միեւնույն է, գազի ներմուծման այլընտրանք չունենք, ատոմակայանի ամբողջ համակարգը վերականգնել ու վերանորոգել կարող է միայն «Ռոսատոմը», եթե հանկարծ չորոշեն այն կանգնեցնել, ուրանը կարող ենք ներկրել միայն Ռուսաստանից, որովհետեւ տեխնոլոգիապես միայն Ռուսաստանն է այդ տիպի ուրան արտադրում, իսկ Արեւմուտքը երբ ասում է՝ անկախանալ Ռուսաստանից, նկատի ունի իր այդ անկեղծությունը, որ 2-3 ձմեռ մենք ուղղակի կարող ենք առանց էլեկտրաէներգիայի մնալ, այսինքն, տրամաբանությունը սա է՝ ընդհանրապես էներգետիկա մի ունեցեք եւ այդ դեպքում կլինեք անկախ»,-ասում է մեր զրուցակիցը՝ նաեւ հիշեցնելով ատոմակայանը փակելու Թուրքիայի պահանջը, որն այդ երկիրը վաղուց ու հստակ է դնում եւ չի պատրաստվում հրաժարվել այդ պահանջից։

«Թուրքիան դա ուղղակիորեն էլ է ասում, ԱՄՆ ՄԶԳ-ի իր գործընկերների միջոցով էլ է փորձում ճնշում գործադրել։ Եթե, Աստված մի արասցե, սրանք գնան դրան, մենք ոչ թե էներգետիկ ճգնաժամի, այլ խոր անդունդի մեջ կհայտնվենք»,- եզրափակում է փորձագետը։