13/11/2024

ԵՄ-ն պատրա՞ստ է Բաքվի առաջարկած «սակարկությանը»

Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Եվրամիության առաջ բարձրացնելու է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման ժամկետի երկարաձգման հարցը, մասնավորապես այդ հարցում Ադրբեջանի հետ խորհրդակցելու անհրաժեշտության հանգամանքը:

Ալիևը դժգոհել է, որ երկամսյա ժամանակավոր տեղակայումից հետո, առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու, առանց Բաքվի կարծիքը հաշվի առնելու է կայացվել առաքելությունը երկու տարի ժամկետով տեղակայելու որոշումը:

Դեկտեմբերին լրանում է ԵՄ առաքելության տեղակայման ժամկետը: Երևանը նշում է, որ այն պետք է երկարաձգել, քանի որ դեռևս կա սահմանին կայունություն ապահովելու անհրաժեշտություն: Որքանով է այդ կայունության հարցում մեծ ԵՄ առաքելության դերը, ստույգ պատասխանելը, միարժեք պատասխանը, թերևս, բարդ է:

ԵՄ առաքելության տեղակայումից հետո, որ համաձայնեցվեց Ջերմուկի երկօրյա պատերազմից հետո, ըստ էության, չի եղել սահմանային որևէ էական բախում, թեև միջադեպեր ու զոհեր եղել են: Անգամ եղել են դեպքեր, երբ Ադրբեջանը կրակել է հենց դիտորդների ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, ԵՄ դիտորդական առաքելությունը որևէ կերպ անկարող եղավ օգտակար լինել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցման հարցում, երբ Ադրբեջանը անընդհատ կրակոցներով փաստորեն ստիպեց Հայաստանին կայացնել գործարանը սահմանից հեռու կառուցելու որոշում:

Բաքվի համար, սակայն, բուն խնդիրը թերևս ԵՄ դիտորդներին Հայաստանից հեռացնելը չէ, այլ այդ որոշումից իր բաժինը ստանալը: Ըստ էության՝ երբ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացվեց ժամանակավոր տեղակայման որոշումը, Ադրբեջանի «բաժինը» այն էր, որ Հայաստանը փաստորեն Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս: Ալիևը, ըստ էության, ասում է, որ հետո արդեն՝ երկամյա ժամկետով տեղակայման հարցում չի ստացել իր «բաժինը» և այժմ դրա մասին հիշեցնում է ժամկետի երկարաձգման վերաբերյալ նոր քննարկումների ֆոնին:

Հետաքրքիր է, եթե Ադրբեջանի այդ ակնկալիքը թե՛ Երևանը, թե՛ առավել ևս Բրյուսելը չարդարացնեն, ի՞նչ կանի Բաքուն: Ադրբեջանը փորձում է օգտվել գազային հանգամանքից և դրա հանդեպ Եվրամիության հատկապես ձմեռնամուտի զգայունությունի՞ց:

ԵՄ խոսնակ Պիտեր Ստանոն երկու օր առաջ, պատասխանելով Ազատության ադրբեջանական ծառայության հարցին, հայտարարել է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը գործակցել է Ադրբեջանի հետ և պատրաստ է շարունակել դա հետագայում: ԵՄ խոսնակի այդ հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ ԵՄ-ն պատրաստ է Բաքվի առաջարկած «սակարկությանը»: