Երկրպագուների «Հայկական առաջին ճակատ» (ՖԱՖ) շարժումը պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը: «Մենք աջակցել ենք Արմեն Մելիքբեկյանին, ցանկացել ենք, որ դրական փոփոխություններ լինեն մեր ֆուտբոլում: Բայց, ցավոք, այդ փոփոխությունները մենք չենք տեսել:
Հրապարակ թերթը գրել է․ Մեր դիրքորոշումը եղել է այն, որ ֆեդերացիային պետք է ժամանակ տալ: Սակայն հասել ենք այն իրավիճակին, որ ՀՖՖ նախագահը չի գալիս մեզ հետ հանդիպման, եւ սա առաջին դեպքը չէ: Այս պարագայում մենք այն կարծիքին ենք, որ ՀՖՖ նախագահը պետք է հեռանա»,-ասել է ՖԱՖ շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը:
Ապա մի շարք ակումբների ֆան-ակումբներն էլ են միացել ՖԱՖ-ին եւ հայտարարություն են տարածել, որը ստորագրել են «Արարատ-Արմենիայի», «Փյունիկի», «Ուրարտուի» եւ «Շիրակի» ֆան-ակումբները: «Դեռ ամիսներ առաջ՝ ՀՖՖ նախագահի ընտրություններից առաջ, հանդես եկանք համատեղ հայտարարությամբ, որում պնդեցինք, որ ՀՖՖ գործող ղեկավար կազմի վերընտրվելու դեպքում հայկական ֆուտբոլը ոչ միայն չէր բարձրանալու նոր մակարդակի, այլեւ շարունակելու էր իր ազատ անկումը: Ցավոք, մենք ճիշտ էինք մեր պնդումներում: Դրա վառ ապացույցը տոտալ ձախողումներն են, որոնք արձանագրվել են ընտրություններից հետո»,- նշված է հայտարարության մեջ։
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը, Երեւանում հյուրընկալելով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին, զիջեց 0:2 հաշվով: Դրան հաջորդեց ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հեռացումը զբաղեցրած պաշտոնից՝ թերեւս, ֆուտբոլասերների դժգոհությունը պարպելու եւ հարվածը Մելիքբեկյանից շեղելու համար։
Սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին, նշեց. «Շատ էլ լավ են անում: 2019 թվականին, երբ նախագահի ընտրություն տեղի ունեցավ, Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց, իրավիճակը լարվեց: Ես սրանց ուղնուծուծով գիտեմ: Այդ երկուսն էլ լրագրողներ են իբր: Նիկողոսյանը քաղաքապետարանում հաշվապահ էր աշխատում, հետո սկսեց «Հայկական ժամանակին» թղթակցել: Ձեռքից հոտ էր քաշում ու քննադատություններ գրում: Մելիքբեկյանն էլ որտեղ աշխատեց՝ ձախողվեց: Մեկնաբան փորձեց դառնալ, ամեն տեղից հեռացվեց, չկայացավ այդպես էլ: 2019-ին, երբ տեսա, թե ինչ է կատարվում, ցանկանում էի, որ արդար ընտրություններ լինեն, բայց ամեն ինչ արեցին, որ ոչ մի արդարություն էլ չլինի: Մարդկանց վախեցրին, տարբեր ճանապարհներով բռնազավթեցին Ֆուտբոլի ֆեդերացիան: Մեծ պատերազմ է գնացել մեր միջեւ, Ձեր թերթի արխիվներում էլ կան այդ մասին փաստող նյութեր: Հայկական ֆուտբոլի հետ նրանք ոչ մի կապ չունեն, ոչ մի բան չեն անում ֆուտբոլի համար, պատահական եկան, ներխուժեցին ինչ-ինչ ճանապարհներով, չեմ էլ ուզում արդեն այդ մասին խոսել, հոգնել եմ արդեն այդ մասին խոսելուց: Ֆեդերացիան բռնազավթված է հարյուր տոկոսով, նրանք չեն ընտրվել: Ոչ մի քննադատություն չեն լսում, ակումբների հետ շատ լարված փոխհարաբերությունների մեջ են, ի՞նչ է դա նշանակում: Դու ֆեդերացիայի նախագահ ես, պարտավոր ես համերաշխ մթնոլորտ ստեղծել: Այն խաղադաշտերը, մարզադաշտերը, որոնք գտնվում են ֆեդերացիայի ենթակայության տակ, անհասանելի են դարձել, զրկում են այնտեղ խաղի հնարավորություն տալուց: «Փյունիկի» հետեւից էլ են ընկել: Երեկ փողոց դուրս եկան, ընդվզեցին, որովհետեւ տեսնում են, թե ինչ է կատարվում: Նրանք պատասխան են տալու: Աշխարհում չկա ոչ մի տեխնիկական մասնագետ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մասնագետի չափ աշխատավարձ ստանա: Իրենց այդպես է պետք՝ այդպես են անում: Խինես Մելենդեսի մասին է խոսքը, թոշակառու մարդ է եւ ո՛չ մարզիչ էր, ո՛չ մի բան, բերել էին իբրեւ հայկական ֆուտբոլը զարգացնելու, այն էլ ի՞նչ՝ ոչ մի բան էլ չարեց: Պայմանագիրը մեկ տարով էր, բայց եւս մեկ տարով երկարացրին: Հետո Կապարոսին բերեցին, որը թոշակառու էր, նա էլ ձախողվեց: Նրա աշխատավարձն էլ գաղտնի էր պահվում: Ֆեդերացիան ՀԿ է, բոլոր ծախսերը պարտավոր են հրապարակել, ընդհանուր շարժեր են ասում, բայց չեն ասում, թե, օրինակ, հավաքականի մարզիչը որքան գումար է ստանում: Սրանք չեն ղեկավարում, չգիտեմ ինչ են անում արդեն 5 տարի: Փողերը քամուն են տալիս, չկա հաշվետվություն, մանկապատանեկան ֆուտբոլն էլ լավ վիճակում չէ: Այս 5 տարվա մեջ մի հպարտանալու առիթ չի եղել: Կադրեր չկան, եղածներին էլ հոգեբանորեն սպանում են»:
Բաց մի թողեք
ՔՊ նիստը թեժ է եղել. Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների շղթան մեծանում է
Ինչպես հարեւանի տան պայթյունը վախեցրեց գեներալ ՔՊ-ականին. Ցուցմունքներ
Սրբուհի Գալյանի՝ ԱՆ դառնալու հեռանկարով կիրականան նաև Վարդապետյանի նպատակները