04/11/2024

Նորավանքից դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի դուռը բացվել է և 2 երեխա և 1 ծնող ընկել են ավտոբուսից․ Լուսանկար

Հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում, ոստիկանության Արարատի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արարատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 երեխա և 1 կին։

ՀՀ ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորները սովորում են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 116 դպրոցում և «Temsa» մակնիշի ավտոբուսով երեխաները ուսուցիչների և մի քանի ծնողների հետ Նորավաանքից վերադառնում էին Երևան ու Արարատի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Զոդի կամրջի» ոլորապտույտ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, ավտոբուսի դուռը բացվել է և 3 հոգին հայտնվել են դրսում։

Նշված ավտոբուսով էլ վիրավորներին տեղափոխել են «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն են ստացել ու նրանց տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։