13/11/2024

Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր․ Մհեր Գրիգորյան

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվել են կանոնակարգի հաստատումից հետո համաձայնեցնել հերթականությունն ու շարունակել սահմանի բոլոր հատվածների սահմանազատման գործընթացը, ներառյալ անկլավների և էքսկլավների հարցերը։

Կանոնակարգով լրացվում են հանձնաժողովների գործունեության իրավական հիմքերը։

Այս մասին ԱԺ-ում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ կանոնակարգով ստեղծվում են սահմանամերձ բնակիչների անվտանգության լրացուցիչ մեխանիզմերի կիրառման հնարավորություններ։

«Կարգավորվում են նաև հետագայում կնքվելիք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի մասին պայմանագրին առնչվող ընթացակարգային հարցերը, որում ՀՀ պետական սահմանի միջազգային իրավական հիմքերի ամրագրումը ՀՀ անվտանգության ապահովման, տարածքային ամբողջականության ապահովման իրավական երաշխիք է։

Կանոնակարգից բխում է, որ հետագայում երկու երկրների միջև կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր, այն անցնելու է ներպետական ընթացակարգեր, որից հետո ուժի մեջ կմտնի սահմանագծի անցման նկարագրությունը»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը: