06/11/2024

«Բալասանյան» դաշինքի ընտրացուցակից դուրս գալու դիմումներ է ստացվում

Գյումրիում «Բալասանյան» դաշինքը շարունակում է լուռ մնալ: Մինչ այս պահը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են մանդատները վայր դնելու մասին լուրերը:

Դաշինքը մանդատները վայր կդնի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ այն նույն միասնականությամբ, ինչպես հոկտեմբերի 11-ին չներկայացան ու բոյկոտեցին ավագանու նիստը:

Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը ոչինչ չեն մեկնաբանում:

Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանն էլ նշում է՝ մինչ այս պահը «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամներից դեռ մանդատներից հրաժարվելու դիմում չեն ստացել։

«Ըստ գործող կարգի՝ ավագանու գործող անդամները մանդատից հրաժարվելու համար դիմում են համայնքի ղեկավարին, վերջինս էլ արձանագրություն է կազմում և ընտրատարածքային հանձնաժողով ներկայացնում։ Բայց էս պահին նման արձանագրություն չենք ստացել: Կարող է մի ժամ հետո լինի կամ չլինի»,- ասում է Ղազարյանը:

Միաժամանակ, ըստ նրա, հանձնաժողովը «Բալասանյան» դաշինքի ընտրացուցակում ընդգրկված, բայց մանդատ չստացած անձանցից ցուցակից դուրս գալու 3 դիմում է ստացել: Այս ուրբաթ հանձնաժողովը նիստ կանի, այդ հարցը կքննարկի:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-ին «Բալասանյան դաշինք»-ը իր բացակայությամբ տապալել էր Գյումրու ավագանու նիստը։

Սեփական որոշմամբ՝ հոկտեմբերի 15-ից աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես հեռավար իրականացնելու որոշում է կայացրել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը: