13/11/2024

Դեսպանների ռոտացիան հենց այնպես չի եղել․ Արա Սահակյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայի Lotte հյուրանոցի մեծ սրահում Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը մեծ ընդունելություն է կազմակերպել` նվիրված Հայաստանի անկախության տոնին, որին 600-ից ավելի մարդ է մասնակցել, որից 100-ից ավելին հայ համայնքի ներկայացուցիչներն են եղել` բիզնեսմեններ, հեղինակավոր անձինք:

Հրապարակ թերթը գրել է․ Մոտ 80 երկրի դեսպաններ եւ նույնքան բարձրաստիճան դիվանագետներ, 3 փոխվարչապետ` Հայաստանից Մհեր Գրիգորյանը, ՌԴ-ից` Օվերչուկը եւ Ղազախստանի փոխվարչապետը, մեծ թվով մշակույթի գործիչներ, բիզնեսմեններ: Երաժշտական մասն ապահովել է Վահագն Հայրապետյանը` իր խմբով, հայկական եւ եվրոպական խոհանոցի հյուրասիրություն, կենդանի երաժշտություն եւ այլն: Ոմանց մոտ հարցեր են ծագել, թե ինչու են սեպտեմբերի 21-ի տոնը հոկտեմբերի կեսերին նշում, սակայն աշխարհում ընդունված է նաեւ, որ դեսպանությունները նման ընդունելություններ կազմակերպեն նշվող օրվանից հետո ցանկացած օր: Թերեւս այս ընդունելությունն ավելի շուտ նոր դեսպանի բեմելու արարողությունն էր` ոչ այնքան պետական տոնին նվիրված իրադարձություն, որից հայ համայնքը տպավորված է: Մենք մի քանի հարց ուղղեցինք Գուրգեն Արսենյանի վաղեմի ընկերոջը՝ Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանին:

– Գուրգեն Արսենյանին Ռուսաստանում Հայաստանի դեսպան նշանակելուց հետո մի քանի հրապարակում եղավ, մասնավորապես այն, որ նրա հավատարմագիրն ընդունեց կարգավիճակով ցածր պաշտոնյա` փոխնախարարը…

– Ներեցեք, դա հորինվածք էր, անտեղյակության կամ անբարեխղճության արդյունք։ Պետական արարողակարգը եւ ավանդույթը թելադրում են՝ նախ, հավատարմագրերի պատճենը հանձնվում է ԱԳՆ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի, ապա՝ պետության գլխին։ Այլ կարգ չկա։

– Նման ճոխ ընդունելությունը Lotte Hotel Moscow-ում ի՞նչ է արժեցել, ո՞վ է հոգացել ծախսերը։

– Դիվանագիտական ընդունելությունը պետք է լինի սրտաբաց, հե՛նց ճոխ։ Դա հրավիրող կողմի համար կարեւոր իրադարձության առիթով հավաքույթ է, որը սովորաբար ուղեկցվում է ֆուրշեթով՝ հոտնկայս հյուրասիրությամբ։ Մասնակցում են դիվանագիտական կորպուսը, այլ պաշտոնյաներ, երեւելի անձինք։ Որքան ներկայացուցչական ու բարձրաստիճան, այնքան՝ պատվաբեր։

– «Լոտտե»-ում անցկացված ընդունելությունն այդպիսի՞ն էր։

– Անտարակույս։ Դատելով արձագանքներից՝ Հայաստանի անկախության տոնին նվիրված բարձրակարգ ընդունելություն է եղել։ Դեսպաններ, փոխվարչապետներ, ՌԴ փոխարտգործնախարար, այլ դիվանագետներ, պատգամավորներ, սենատորներ, լրագրողներ, հայ եւ ռուս եկեղեցականներ…

– Եվ այդքան ծախս…

– Ծախսերը տրամադրվում են ԱԳՆ բյուջեից։ Ճիշտ որոշում է ընդունվել։ Ծախսին նայես՝ առաջ չես գնա։ Մեր որոշ դեսպաններ, ծախսերից խուսափելով, հայտնվում են խոցելի վիճակում, երբ պետության ազգային տոները չեն նշում։ Նաեւ ծիծաղելի է, երբ մասնակցում են այլ դեսպանությունների ընդունելություններին, իսկ իրենք հանդես չեն գալիս հյուրընկալողի դերում։ Տգեղ է։

– Հետաքրքիր է, այնուամենայնիվ, ինչո՞ւ հետ կանչվեց Վաղարշակ Հարությունյանը, եւ ինչո՞ւ նշանակվեց հենց Գուրգեն Արսենյանը։ Ո՞րն է Ձեր մեկնաբանությունը:

– Հետաքրքրասիրությունը մարդկության զարգացման խթան է, լավ հատկանիշ է, բայց ունի սահման։

– Խուսափո՞ւմ եք պատասխանից։

– Ամենեւին։ Դեսպանների ռոտացիան հենց այնպես չի տեղի ունենում։ Դա գրեթե միշտ առնչակցվում է հավատարմագրման երկրի հետ հարաբերությունների հեռանկարին։

– Իսկ եթե ավելի պա՞րզ…

– Նոր դեսպանի անձը հուշում է՝ պահպանվո՞ւմ է հարաբերությունների նախկին կուրսը, դրակա՞ն փոփոխություն է սպասվում, թե՞ վատթարացում։

– Եվ ի՞նչ է հուշում Գուրգեն Արսենյանի անձը։

– Դեսպանության կայքի լրահոսին հետեւելով նկատում եմ, որ դեսպանի աշխատանքային ժամանակացույցը հագեցած է, մշտական հանդիպումների ռեժիմի մեջ է՝ նրան ընդունում են իշխանության տարբեր ճյուղերում…

– Ըստ գործող հոռի ավանդույթի, պակասում են «ի տարբերություն նախկին դեսպանի» բառերը։

– Պակասում են, այո, բայց չտրվենք հոռի բարքերին։ Յուրաքանչյուր դեսպան ներկայացնում է իր պետությունը, կատարում է Կենտրոնից տրված հրահանգները։ Խնդիրն այն է, թե ինչ արագությամբ, որակով, նվիրումով է դրանք կատարում, որքանով է նախաձեռնող, խիզախ, ինքնուրույն, ինչ խորությամբ է ընկալում վիզավիի խոսքը, անգամ թերասացությունը, տեղեկատվության ինչ աղբյուրներից է օգտվում եւ ինչ մեթոդաբանությամբ։ Դիվանագետից պահանջվում է պրոֆեսիոնալիզմ, նա պետք է լինի բանիմաց, լայն աշխարհընկալմամբ հասուն անհատականություն, որը նաեւ որոշումներ ընդունելու խիզախություն պետք է ցուցաբերի։

«Հրապարակ». Դեսպանների ռոտացիան հենց այնպես չի լինում