Մի շարք «սունկ կայքեր» և սոցիալական մեդիայի էջեր հոկտեմբերի 24-ին կեղծ տեղեկություն են տարածել, թե առաջիկա օրերին Հայաստանում իբր փոթորիկ է սպասվում։
Այսպես, vendeto.am, hraparaknews.am, mediablog.am, erevanblog.am կայքերը, օգտագործելով «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, եղանակի տեսության մեկնաբան Գագիկ Սուրենյանի լուսանկարը, նույնաբովանդակ տեքստ են տարածել՝ գրելով, թե «եղանակային ծառայությունների հաղորդմամբ՝ 20:00-ից սկսած մեր երկրի տարածքում կլինի անձրևախառը փոթորիկ, որը կարող է մեծ վնաս հասցնել, եթե նախապես չպատրաստվենք»։
Սունկ կայքերն իրենց ընթերցողներին նաև մի շարք «խորհուրդներ են տվել»՝ նշելով, թե իբր «անհրաժեշտ է փակել լուսամուտները և դռները», «խուսափել երեկոյան ժամերին դրսում գտնվելուց, երբ փոթորիկն իր գագաթնակետին կհասնի», ինչպես նաև «պատրաստել անհրաժեշտ պարագաներ՝ լապտերներ, լիցքավորված հեռախոսներ, տաք հագուստ և անհրաժեշտ սնունդ»։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կայքն ու սոցիալական մեդիայի էջերն ու պարզել, որ դրանք առաջիկա օրերին Հայաստանում սպասվող փոթորիկի մասին չեն հաղորդել։
Մասնավորապես, համաձայն ՊՈԱԿ-ի տարածած եղանակի տեսության վերջին հաղորդագրության, հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հոկտեմբերի 26-ի երեկոյան ժամերին, 27-ի գիշերը հնարավոր է անձրև։
FIP.am-ն ուսումնասիրել է նաև ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սուրենյանի ֆեյսբուքյան էջը ու պարզել, որ նա ևս առաջիկայում սպասվող փոթորկի մասին գրառում չի արել։
*«Սունկ կայքեր» ասում են տեղեկատվական տիրույթում հանկարծակի հայտնվող և որպես կանոն կարճատև կյանք ունեցող ռեսուրսներին, որոնք տարածում են հիմնականում ցածրորակ` կեղծ, մոլորեցնող, խիստ էմոցիոնալ ու սենսացիոն բնույթի բովանդակություն։
Դրանց նպատակը արագ տեսանելիության, մեծ քանակությամբ այցելուներ ապահովելու միջոցով գովազդից մեծ շահույթ ապահովելն է։
Նանե Մանասյան






Բաց մի թողեք
Ուշագրավ բացահայտում․ Պեսկովի նախապապը Բաքվի 26 կոմիսարներից է եղել
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել է 3 մեքենա. կան զոհ և 2 վիրավոր․ Լուսանկարներ
Շղթայական ավտովթար՝ Երևանում. խցանումն էլ հասնում էր մոտ 3 կմ-ի․ Լուսանկար