Հայտնի է դարձել, որ ՄԱԿ-ի Կլիմայի խորհրդաժողովին մասնակցելու և երկկողմ հարաբերությունները քննարկելու նպատակով Բաքու կմեկնի Իսրայելի նախագահ Հերցոգը:
Այս տեղեկատվությունը փոխանցող The Israel Times-ը հատուկ ընդգծել է, որ վարչապետ Նաթանյահուն Բաքու չի մեկնի:
Մեկ շաբաթ առաջ Իսրայելի Ընդհանուր անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել ծագումով Ադրբեջանից յոթ անձի ձերբակալության մասին: Նրանց ներկայացվել է Իրանի օգտին լրտեսության մեղադրանք:
Այդ առթիվ հայտարարություն է տարածել «Մեր տուն Իսրայել» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Լիբերմանը և հատուկ ծառայություններին ու դատախազությանը մեղադրել, որ հաղորդագրության մեջ հատուկ ընդգծել են նրանց էթնիկ ծագումը և նախկին բնակության երկիրը: Լիբերմանը, ընդ որում, ասել է, որ նրանք Իսրայել են տեղափոխվել ոչ թե Ադրբեջանից, այլ ԽՍՀՄ-ից:
Այս ֆոնին «ռումբի պայթյունի» տպավորություն է թողնում Ընդհանուր անվտանգության ծառայության նոր՝ հոկտեմբերի 31-ի հաղորդագրությունը, ըստ որի՝ Հայֆայում ձերբակալվել են Ռաֆայել Հուսեյնովը և Լալա Հուսեյնովան: Նրանք ամուսիններ են, երեսուներկու տարեկան, Ադրբեջանից Իսրայել են տեղափոխվել մի քանի տարի առաջ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Իրանի օգտին լրտեսություն կատարելու համար նրանց հավաքագրել է Ադրբեջանի քաղաքացի, 56-ամյա Էլխան (Էլշան) անունով մի տղամարդ: Նա ամուսիններին փոխանցել է իրանական կողմի հանձնարարությունը, ապա կատարած լրտեսական աշխատանքի համար վճարել: Ընդհանուր առմամբ Հուսեյնով ամուսիններն ստացել են 26 հազար դոլար:
Իսրայելական աղբյուրների փոխանցմամբ՝ Հուսեյնովները հիմնականում լուսանկարել են Հայֆայի նավահանգիստը՝ բոլոր օժանդակ ենթակառուցվածքներում, իսրայելական հատուկ ծառայությունների՝ այդ տեղաշրջանում նստավայրերը, վարժական կենտրոնները, ինչպես նաև անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհվածների գերեզմանները:
Խիստ ուշագրավ է, որ նույն օրը, երբ Իսրայելի անվտանգության մարմինները հայտնել են լրտեսության մեջ կասկածվող ադրբեջանցիների ձերբակալության մասին, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը տասնչորս տարվա ազատազրկման է դատապարտել Աֆղանստանի քաղաքացուն, որ Բաքվում օտարերկրյա դեսպանատան դեմ ահաբեկչություն է նախապատրաստել:
Խոսքը Բաքվում Իսրայելի դեսպանատան մասին է: Թե ինչ հանգամանքներում և ում աջակցությամբ պիտի Աֆղասնտանի քաղաքացին իրականացներ հանցավոր մտադրությունը, դատական նիստի մասին տեղեկատվությունից ոչինչ պարզ չէ:
Տպավորություն է, որ Բաքվում Իսրայելից դիվանագիտական խողովակներով կոշտ բողոք են ստացել, և այդ դատավարությունը բեմականացված է, որպեսզի տպավորություն թողնվի, որ երկկողմ հարաբերություններում ամեն ինչ կարգին է:
Իսրայելի խորհրդարանը, մինչդեռ, լրջորեն քննարկում է օրենքով վերաբնակիչների հրեական ծագման կամ Իսրայելի հետ այլ կապի հաստատման խստացումներ սահմանել: Ինչպես մամուլն է փոխանցում, պատգամավորները դժգոհել են, որ վերջին քառորդ դարում ով ասես՝ հրեայի անվան տակ Իսրայելի քաղաքացիություն է ձեռք բերել:
Վերջին լրտեսական սկանդալի մասին տեղեկատվություն տարածվել է նախագահ Հերցոգի Բաքու մեկնելու մասին լուրը պաշտոնապես հաստատվելուց մեկ օր անց: Այդ «նուրբ» իրավիճակում նա կուղևորվի՞ Բաքու: Կամ ի՞նչ տոնայնությամբ է Իսրայելի նախագահը բանակցելու Իլհամ Ալիևի հետ:
Բաց մի թողեք
Անհայտ վարակի բռնկում թուրքական հանգստավայրում, տասնյակ մարդիկ են հիվանդանոցում. ինչ է հայտնի
ԱՄՆ նախագահի ընտրությանը վաղաժամ քվեարկել է 72 մլն քաղաքացի
Մոլդովայում տեղի է ունենում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը. Լուսանկար