Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական միլիոններն է ծախսում քաղաքացիների գրպանից։ Նա կարգադրություն է ստորագրել, ըստ որի՝ մոտ 22 միլիոն դրամ է հատկացրել Երեւանի քաղաքապետարանի VIP սրահի վերանորոգման եւ լուսավորության համար։
Հրապարակ թերթը գրել է․ Կարգադրության մեջ նշված է․ «Հանձնարարել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ «Գերատեսչական շենքերի պահպանման եւ շահագործման» ՓԲԸ-ին հատկացնել 21 միլիոն 876 հազար 400 դրամ՝ Երեւանի քաղաքապետարանի Արգիշտի 1 հասցեի վարչական շենքում տեղակայված բարձրաստիճան հյուրերի ընդունելության (VIP) սրահի վերանորոգման եւ լուսավորության ավելացման համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով»։
Քաղաքապետարանի մեր աղբյուրը հայտնում է, որ այս սենյակը մշտապես օգտագործվել է խնամքով, կարելի է ասել` ամիսը հազիվ մի քանի անգամ է օգտագործվում․ «Այս սենյակի համար 22 միլիոնը շատ-շատ է։ Աչքաչափով կարող եմ ասել՝ 40 քառակուսին չգերազանցող սենյակ է, դրսից հյուրերին, պաշտոնյաներին են այնտեղ ընդունում, երբեմն է օգտագործվում։ Իմաստը ո՞րն է՝ այդ սենյակի ուղղակի վերանորոգման եւ լուսավորության համար այդ կլորիկ գումարը հատկացնել»։ Մեր աղբյուրը նաեւ նշում է, որ շատ հաճելի, լավ լուսավորությամբ սրահ է այն, նորմալ կահավորված, գտնվում է քաղաքապետի աշխատասենյակի դիմաց։
«Հրապարակը» Երեւանի քաղաքապետարանին գրավոր հարցում է ուղարկել՝ խնդրելով նշել. մրցույթ հայտարարվե՞լ է վերանորոգման համար, ո՞ր ընկերությունն է հաղթել, եւ ո՞վ է ստանձնել այդ վերանորոգումը։
Քաղաքապետարանից ստացել ենք սպասված պատասխանը, որ մրցույթ չի հայտարարվել, կատարվել է մեկ անձից գնում. «Հիշյալ դահլիճը 2004 թվականից չէր վերանորոգվել, գտնվում էր ոչ բարվոք վիճակում, ուստի անհրաժեշտություն է առաջացել կազմակերպել դահլիճի վերանորոգման աշխատանքներ՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում: Արդյունքում ծագել է գնման անհետաձգելի պահանջ, եւ գնման այլ ձեւերի կիրառումը ժամկետի առումով անհնարին լինելու պատճառով նշված աշխատանքներն իրականացվել են մեկ անձից գնման եղանակով՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի եւ ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ հաստատված Գնումների գործընթացի կազմակերպման կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության դրույթները»:
Քաղաքապետարանից փոխանցում են, որ աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են եւ բոլոր բաղադրիչներով (լուսավորություն, վերանորոգում) իրականացվում են «Շենք-շինություններ» ՍՊԸ-ի կողմից:
Մենք նաեւ դիմել էինք քաղաքապետարանին՝ խնդրելով տրամադրել այդ սրահի լուսանկարը, սակայն մերժում ենք ստացել․ պատճառաբանել են, որ այնտեղ աշխատանքներն արդեն մեկնարկել են, եւ հնարավոր չէ սրահի նախկին վիճակը ցուցադրող լուսանկար տրամադրել։ Հետաքրքիրն այն է, որ «Շենք-շինություններ» ՍՊԸ-ի մասին բացարձակապես որեւէ ինֆորմացիա չկա համացանցում։ Ի վերջո տեղեկացանք, որ այս ՍՊԸ-ն վերջերս է ստեղծվել՝ օգոստոսին, հիմնադիրը Լիանա Ղազարի Պստիկյանն է։
Հիմնադրի մասին եւս ինֆորմացիա չգտանք համացանցում։ Ամենայն հավանականությամբ, որեւէ պաշտոնյայի հետ փոխկապակցված անձ է, որի միջոցով էլ հերթական գումարներն են վատնվում քաղաքային բյուջեից։ Ինչ վերաբերում է մեկ անձից գնմանը, բացի այն, որ ոչ մի հրատապություն չէր ներկայացնում այդ նորոգումը, սակայն մեկ անձից գնումների դեպքում, որպես կանոն, դիմում են կայացած, փորձառու կազմակերպություններին, այլ ոչ թե 3 ամիս առաջ ստեղծված ՍՊԸ-ի։
ՀԳ․ Հրապարակում ենք այդ սրահի լուսանկարը, որն արվել է հանդիպումներից մեկի ընթացքում` մինչեւ վերանորոգումը սկսելը, որից երեւում է, որ սրահը գտնվում է ավելի քան բարվոք վիճակում։
Բաց մի թողեք
Ազատված 32 վարորդներից 28-ը դիմել են աշխատանքի վերականգնվելու խնդրանքով
Հեռախոսի բովանդակությունը տպել են, տվել՝ կարդան
Փաշինյանն արդեն որոշել է, թե ով է լինելու Գյումրիի քաղաքապետի ԺՊ-ն