14/12/2024

Երևանի քաղաքապետն անդրադարձել է Երևանում «100-դրամանոցների ճգնաժամին». Որքան գումար է հավաքվել անցած 3 օրերին

Բանկային քարտերով նույնպես հնարավոր է լինելու վճարումներ իրականացնել հասարակական տրանսպորտից օգտվելիս: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա հայտնեց՝ նախորդ շաբաթ խոսել է ԿԲ-ի նախագահի հետ, և նրանք բանկային քարտերով վճարման համակարգը ներդնելու վերջնականացման փուլում են: Ավինյանի խոսքով՝ բացի բանկային քարտերով վճարումներից, հասանելի են լինելու նաև Mayfair քարտերով վճարումներ, այսինքն՝ տրանսպորտային քարտերով վճարումները. «Բոլոր այն դեպքերում, երբ մարդու իդենտիֆիկացիայի կարիք է լինելու, մարդն ունենալու է հնարավորություն և՛ հավելվածով, և՛ տրանսպորտային քարտից օգտվելու»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ստեղծվել է «100-դրամանոցների ճգնաժամ», կարևոր արձանագրում արեց՝ այս բոլոր խնդիրներով, չվճարումներով հանդերձ, վերջին 2-3 օրում փաստացի ավելի շատ գումար է հավաքվել:

«Ուրբաթ օրը դրա նախորդ օրվա համեմատ հավաքել ենք 1 միլիոն 700 հազար դրամով ավել, շաբաթ և կիրակի օրերը միասին՝ մոտավորապես 9 միլիոն դրամով ավելի գումար՝ նախորդ շաբաթվա շաբաթ և կիրակի օրերի համեմատությամբ: Երևանի քաղաքապետարանն այս տարի միայն ստիպված է եղել 8,5 միլիարդ դրամ դոտացիա տալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին, որովհետև նոր շարժակազմերը պահելը և նրանց տեխնիկական սպասարկումը և ծախսերը կտրուկ աճել են, որովհետև մենք ձգտում ենք ավելի լավ որակով տրանսպորտ ապահովել: Այս նոր՝ 171 ավտոբուսները մտնելուց հետո այդ ծախսերն ավելի են մեծանալու, ասեմ ավելին, 250 նոր ավտոբուսներ գնելուց հետո ծախսերը ավելի կավելանան: Դրա համար միասնական տոմսային համակարգը մեր քմահաճույքը չէ: Այն Երևանում երկարաժամկետ, լավ որակի հանրային տրանսպորտի ապահովման միջոցն է»,- նկատեց նա:

Տիգրան Ավինյանը մանրամասներ ներկայացրեց Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի ընթացքից։ Քաղաքապետն ընդգծեց, որ նման խոշոր ծրագրերի իրականացման և դրանց հետ կապված նախապատրաստական աշխատանքները պահանջում են որոշակի ժամանակ․ «Ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվա ընթացքում կունենանք կապալառու ընկերություն, որը կհաղթի մրցույթում»։

Ավելի վաղ Ավինյանը նշել էր, որ կայարանը պատրաստ կլինի 2028 թվականին։

***

Նոյեմբերի 1-ի, 2-ի և 3-ի վճարումների արդյունքներով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքել է 72 միլիոն 528 հազար 400 ՀՀ դրամ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Հավելեմ, որ մինչև նոր վճարային պայմաններին անցնելը հոկտեմբեր ամսվա վերջին ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին հավաքագրումը կազմել է 64 միլիոն 944 հազար ՀՀ դրամ»,- ասել է Կոստանյանը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել տրանսպորտի ուղեվարձի վճարումը միայն 100 դրամանոց մետաղադրամի կամ QR կոդի միջոցով կատարելու որոշումը: