08/12/2024

Ջո Բայդենն ու Քամալա Հարրիսը զանգահարել են Դոնալդ Թրամփին և շնորհավորել հաղթանակի կապակցությամբ

Բայդենը զրուցել է Թրամփի հետ և շնորհավորել նրան ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, հայտնել են Սպիտակ տանը։

Նրանք նաև նշել են, որ ԱՄՆ նախագահը հինգշաբթի օրը կդիմի ժողովրդին ընտրությունների արդյունքների և իշխանության անցման հետ կապված։

ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսը զանգել է հանրապետական կուսակցության թեկնածու, իր մրցակից Դոնալդ Թրամփին՝ նախագահի ընտրությունում հաղթանակի առթիվ շնորհավորելու համար, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով Հարիսի բարձրաստիճան խորհրդականին։

«Հարիսը զանգահարել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամին՝ ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իշխող Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարրիսը կոչ է արել դեմոկրատներին ընդունել նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները և հաստատել, որ շնորհավորել է հանրապետական Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ։

Նա համապատասխան հայտարարություն է արել Վաշինգտոնի Հովարդի համալսարանում ելույթ ունենալիս։

«Մենք պարտավոր ենք ընդունել այս ընտրությունների արդյունքները: Այսօր ավելի վաղ ես խոսեցի նորընտիր նախագահ Թրամփի հետ և շնորհավորեցի նրան հաղթանակի կապակցությամբ: Ես նաև ասացի նրան, որ մենք կօգնենք իրեն և իր թիմին անցումային շրջանում և կմասնակցենք իշխանության խաղաղ փոխանցմանը»,- ասել է Հարրիսը՝ ընդունելով, որ պարտվել է նախագահական ընտրություններում։

Հարրիսը 2021 թվականի հունվարից զբաղեցնում է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։

Պատահական չէր, որ նա ընտրեց Հովարդի համալսարանը իր ներկայիս ելույթի համար: Հարրիսն ավարտել է այս բարձրագույն ուսումնական հաստատությունը, և նրա նախընտրական շտաբն աշխատում էր այնտեղ ընտրությունների օրը: Այնտեղից Հարրիսը նախատեսում էր երեքշաբթի երեկոյան հաղթական ելույթ ունենալ համախոհների համար, սակայն այս ծրագրերը չեղարկվեցին։