08/12/2024

Սրբուհի Գալյանն անդրադարձել է Արդարադատության նախարար նշանակվելուն

Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանի համոզմամբ՝ Հայաստանում զանգովի արդարադատության չկա։

Այս մասին նա ասաց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած դեպքին. «Զանգովի արդարադատության մասին խոսում ենք, երբ զանգը հասնում է։ Ես արդյունքի վրա հիմնվող մարդ եմ, երբ կլինի զանգ, որի հիման վրա կլինի արդարադատություն, մենք կքննարկենք։ Իսկ խոսվել է զանգի մասին, որը չի իրականացվել, այսինքն՝ զանգովի արդարադատություն մեզ մոտ չկա»։

Սրբուհի Գալյանի խոսքով՝ իր համար սպասելի չի եղել նախարարի պաշտոնում իր թեկնածության առաջադրումը. «Ես զբաղեցնում էի այլ պաշտոն, առաջարկը ստանալուց հետո մտածել եմ ու տվել իմ համաձայնությունը։ Նախկինում այդ բեռը ստանձնել եմ. հեղափոխությունից հետո զբաղեցրել եմ ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնը»։

Վերջինս ընդգծեց՝ գործադիր մարմնում աշխատող մարդու գործը պետք է լինի գործ անելը, իսկ մտահոգություններ ունենալը տեղին չէ. «Արդարադատության նախարարի հիմնական անելիքը քաղաքական մակարդակում արդարության հարցի ճիշտ հասցեագրումն է, երկրորդը՝ նոր արդարադատության համակարգի կայուն ու միասնական չափանիշների վրա հիմնված զարգացումը։ Կփորձենք վեր հանել խնդիրները, հասկանալ, թե որտեղ է արդարության պակասի զգացումը ձևավորվում մեր քաղաքացիների մոտ»։