Գյումրիում «Բալասանյան դաշինքի» հարկադրված հրաժարականից հետո սկսել է ակտիվորեն շրջանառվել, թե առջեւում ՏԻՄ արտահերթ ընտրություններ են կայանալու, եւ հանրապետության երկրորդ քաղաքում քաղաքային իշխանությունը ստանձնելու ցանկություն ունեցող տարբեր ուժերի անուններ են հնչում։
Հրապարակ թերթը գրել է․ Խոսակցություններ են շրջանառվում, թե ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը՝ իր թիմով։ Լուրեր են պտտվում, որ նրանք կմասնակցեն Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության ցուցակով, թեեւ Կարեն Պետրոսյանը հերքել է այդ լուրերը` չժխտելով իր մասնակցության պահը:
Նա հանրության շրջանում հայտնի է հակաեկեղեցական պայքարից` Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ տարիներ առաջ կազմակերպած ակցիաներից, որի արդյունքում էլ ժամանակին պաշտոն ստացավ: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը բավականին մտերիմ հարաբերություններ ունի Վեհափառի հետ, հաճախ հանդիպում է նրան, եւ այդ առումով էլ քիչ հավանական է, որ նման թեկնածու կներկայացնի Գյումրու ընտրություններում: Քաղաքապետի այլ թեկնածուների անուններ էլ են արդեն շրջանառվում:
ՔՊ-ն, օրինակ, հայտարարել է, որ իր թեկնածուն Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանն է: Մենք մի քանի հարց ուղղեցինք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:
– Գյումրու քաղաքապետի աթոռին, ըստ լուրերի, հավակնում է եկեղեցու դեմ ակցիաներով հանդես եկած ոմն Կարեն Պետրոսյան: Հետաքրքիր է լսել Ձեր կարծիքն այս մասին:
– Դա եղել է ուղիղ վեց տարի առաջ, այս վեց տարիների ընթացքում ի՞նչ է եղել, ի՞նչ է արել հակաեկեղեցական:
– Բայց կարծում եք` 6 տարում նրա հայացքները փոխվե՞լ են, փաստն այն է, որ նա ատում է Հայ առաքելական եկեղեցին:
– Այդ ակցիան եղել է 2018 թվականին, ես ո՛չ դրանից առաջ, ո՛չ էլ հետո չեմ հիշում նման բան: Ի՞նչ եք առաջարկում․ համ ասում եք՝ աթեիստն էլ է հայ, համ էլ ի՞նչ…. ամեն մարդ էլ իրավունք ունի թեկնածություն դնելու, դրել է՝ թող դնի, ի՞նչ խնդիր կա:
– Որպես Շիրակի թեմի առաջնորդ՝ նորմա՞լ եք համարում, որ նման մեկը քաղաքապետ դառնա:
– Ի՞նչ ասեմ, մի երկրում, որտեղ հոգեւոր արժեքները գերակա չեն, ցանկացած մեկն էլ կարող է դնել իր թեկնածությունը` ցանկացած պաշտոնի համար: Եթե վարչապետը կարող է լինել հակաեկեղեցական, եթե Ազգային ժողովի նախագահը կարող է լինել հակաեկեղեցական, է՝ քաղաքապետը կամ քաղաքապետի թեկնածուն չի՞ կարող լինել հակաեկեղեցական մեկը: Այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա:
– Բայց վարչապետն ու ԱԺ նախագահը գոնե անձամբ եկեղեցու դեմ բողոքի ակցիաներ չեն կազմակերպել…
– Բա ի՞նչ են, է, արել, ո՞վ էր եկեղեցականներին գետնին փռում: Ասֆալտին էր փռում նրանց, դրանից էն կողմ էլ ի՞նչ բացահայտ լիներ: Ազգային ժողովի նախագահն ինչ ասես, ասում է մեր հասցեին, դրանք թողած՝ վեց տարի առաջ ինչ-որ մեկի կողմից կազմակերպված ակցիան եք ասում….
– Մայր տաճարի վերաօծման արարողությանն իշխանություններն էլ էին հրավիրված, կարելի է կարծել, թե փորձում են եկեղեցու հետ հարաբերությունները կարգավորել:
– Ոչ մի հարաբերություն էլ չեն կարգավորել, այդ եկեղեցին էր փորձում հարաբերություն կարգավորել` եթե ուզում եք իմանալ: Բայց իշխանությունը ոչինչ էլ չարեց: Ամբողջ երկիրը ողողված է հակաեկեղեցական տարրերով ու հակահայ գործակալներով, Դուք զարմանում եք, որ Գյումրիում ինչ-որ մեկը թեկնածություն է դրել: Ինչի՝ ՔՊ-ի մեծ մասը կլինի հակաեկեղեցական, Գյումրու քաղաքապետի թեկնածուն չի՞ լինի: Իմ հասցեին ինչեր են ասում: Իմ մասին «պարոն Աջապահյան»-ով են խոսում:
– Ի՞նչ ունեն Ձեր դեմ:
– Իմ դեմ ոչ մի բան էլ չունեն, ինչպես որ ես իրենց դեմ չունեմ ոչ մի բան: Ուղղակի ուզում են իրենց ղեկավարին հաճոյանալ:
– Շիրակի մարզի բնակիչների մեջ աթեիստները, հակաեկեղեցականները շա՞տ են, կընտրե՞ն նման գաղափարներ ունեցող մեկին:
– Աթեիստները Շիրակի մարզում շատ չեն, ոչ էլ հակաեկեղեցականներն են շատ: Հուսամ, որ նման մարդիկ ձայներ չեն կարողանա հավաքել:
– Կա՞ այնպիսի մեկը, որին կցանկանայիք տեսնել որպես Գյումրու քաղաքապետ:
– Դեռ չեմ տեսնում նման մեկին, երբ տեսնեմ, կասեմ անպայման:
Բաց մի թողեք
Մարզերից վարորդներ են ուզում բերել Երևան
ՔՊ Գյումրու ցուցակում «Լուսավոր Հայաստանից» թեկնածու կա. Լուսանկար
Վերաբերմունք է փոխվել․ Հովիկ Աղազարյանը հեռացվել է ՔՊ-ից․ նշվում է պատճառը