09/12/2024

Ադրբեջանում մեկնարկել է COP29 համաժողովը. Ովքեր չեն մասնակցում

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Ադրբեջանում մեկնարկում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը։

Այս կապակցությամբ Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ժամանել է Ադրբեջան:

Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Շառլ Միշելին դիմավորել են Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևը և այլ պաշտոնյաներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Քեթրին Կազինգանը հաստատել էր Շառ Միշելի մասնակցությունը։

Ադրբեջանում COP29-ի կլիմայի համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 11-22-ը։ Միջոցառման շրջանակում Ադրբեջանի մայրաքաղաքը կընդունի շուրջ 70,000 օտարերկրյա հյուրերի։

ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Բաքուն մասնակցելու հրավեր է ուղարկել նաև Երևանին:

ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 100 պետության և կառավարության ղեկավար հաստատել է իր մասնակցությունը համաժողովին։ Սակայն աշխարհի մի շարք առաջնորդներ ու պետական պաշտոնյաներ էլ հայտնել են, որ չեն մեկնելու Բաքու։

Այսպիսով՝ տարբեր պատճառաբանություններով COP29 համաժողովին չեն մասնակցի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Կանադայի, Ավստրալիայի, Նիդերլանդների, Հնդկաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության վարչապետներ Ջասթին Թրյուդոն, Էնթոնի Ալբանեզեն, Դիկ Սխոֆը, Նարենդրա Մոդին, Սիրիլ Ռամաֆոսան:

Հայաստանի Հանրապետությունից ևս պատվիրակություն չի մեկնել՝ թեև Բաքուն պաշտոնական հրավեր էր ուղարկել Երևանին:

Այս տարի COP29-ի գագաթնաժողովին կմասնակցի 40 հազար մարդ, մինչդեռ անցյալ տարի Դուբայի գագաթնաժողովին մասնակցել էր ընդհանուր առմամբ 83 հազար 884-ը: