04/12/2024

«Վրաստանը մտնում է խորը քաղաքական ճգնաժամ». Զուրաբիշվիլին նոր խորհրդարանական ընտրությունների կոչ է արել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ Վրաստանը մտնում է «խորը քաղաքական ճգնաժամ», որից կարելի է դուրս գալ նոր խորհրդարանական ընտրությունների շնորհիվ, և Եվրոպան կօգնի նրան այդ հարցում։

«Վրաստանը մտնում է խորը քաղաքական ճգնաժամ, մեզ մոտ են եկել մեր եվրոպացի ընկերները, և սա լավ նշան է այն բանի, որ Եվրոպան մեզ բաց չի թողնում ձեռքից, Եվրոպայում հավատում են Վրաստանին և նրա ժողովրդին»,- ասել է նա Թբիլիսի ժամանած ԵՄ ութ երկրների խորհրդարանական կոմիտեների ղեկավարների հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանը ժողովրդավարական երկիր է, որը չունի ժողովրդավարական իշխանություններ. «Վրաստանում միակուսակցական կառավարում է, որը տիրացել է երկրի բոլոր ինստիտուտներին, և արդյունքը մենք ստացել ենք անցած միակուսակցական կեղծված ընտրություններում»։

Վրաստանի նախագահը կարծում է, որ քաղաքական ճգնաժամից այսօր հնարավոր է դուրս գալ միայն նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու միջոցով. «Նոր ընտրությունների անցկացումը անհրաժեշտություն է, որպեսզի Վրաստանը ստանա լեգիտիմ խորհրդարան, լեգիտիմ կառավարություն և լեգիտիմ նախագահ, երբ գա դրա ժամանակը»: