03/12/2024

Խոսելը կայացած ՏԻՄ-երի մասին՝ կատարյալ ցինիզմ է

Նոյեմբերի 10-ին Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպվել: Մասնակցում էին Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Տիգրան Ավինյանը, օրենսդիր եւ գործադիր իշխանության, ՏԻՄ-երի ներկայացուցիչներ, Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:

Վարչապետը շնորհավորել է տեղական ինքնակառավարման օրվա առիթով, գոհունակություն հայտնել այն վճռականության համար, որը «ցուցաբերվել է տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար»: Ուշագրավ է, որ Հայաստանի ՏԻՄ համակարգը հիմնահատակ ավերած իշխանությունը խոսում է ՏԻՄ ինստիտուտի կարեւորության մասին: ՏԻՄ ինստիտուտը նախեւառաջ ենթադրում է անկախություն, ընտրողի կամքի հանդեպ հարգանք, իսկ Փաշինյանի իշխանությունը մեծ թվով համայնքներում հաղթանակը խլել է քաղաքական ուժերից եւ չընտրված անձանց համայնքապետ կարգել` սկսած Երեւանից, վերջացրած Ալավերդի, Վանաձոր, Փարաքար, Գյումրի, Ախուրյան եւ այլ համայնքներով: Թեմայի մասին զրուցել ենք Երեւանի ավագանու նախկին անդամ Դավիթ Խաժակյանի եւ Ալավերդի խոշորացված համայնքի նախկին ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արկադի Թամազյանի հետ: Արդյո՞ք Հայաստանում անկախ ՏԻՄ համակարգ կա:

Արկադի Թամազյան – Եթե անկեղծ լինեմ, կասեմ, որ այս իշխանությունը ՏԻՄ համակարգն ապականել է ամբողջությամբ: Տեսնում ենք, թե ինչպես են հերթականությամբ, հետեւողական, նույն ձեռագրով աշխատում այն բոլոր համայնքներում, որտեղ ՔՊ-ն չի իշխում` իշխանությունը զավթում են: Ալավերդու օրինակը բացառիկ էր, որովհետեւ աննախադեպ մեծ էր ուժային կառույցների դերակատարումը, ոստիկանական համակարգն ամբողջությամբ օգտագործեցին եւ կարողացան բռնազավթել Ալավերդի համայնքը: Ասեմ ավելին` այդ դեպքից հետո Ալավերդի համայնքն ամբողջապես պարալիզացվել է, եւ համայնքը զարգացնելուն ուղղված որեւէ աշխատանք չի տարվում: Այն, ինչ տեղի է ունենում, ոչ մի կապ չունի համայնքների զարգացման հետ, եւ չենք կարող անվանել ՏԻՄ ինքնուրույն մարմին: Հայաստանում, որպես այդպիսին, չկա նման անկախ համակարգ: ՏԻՄ՝ նշանակում է տեղական ինքնակառավարման մարմին, այսինքն` ինքնուրույն մարմին: Ինչո՞ւ է կոչվում ինքնակառավարվող մարմին, եթե այն պետք է կառավարության հետ սինխրոն աշխատի: Համայնքը պետք է զարգանա, ինչի արդյունքում բնակիչները պետք է ընտրեն ավագանու ղեկավար, իսկ ղեկավարը պետք է աշխատի ինքնուրույն` ժողովրդի համար, առանց կախվածության եւ կաշկանդվածության: Բայց այսօր որեւիցե անկախ տեղական ինքնակառավարման մարմին գոյություն չունի, այսինքն` պետական ապարատն այսօր լծված է ՏԻՄ համակարգը քանդելու գործին: Ջրհեղեղից հետո ասում են՝ քաղաքային իշխանության ձեռքին շատ բան չկա, իսկ ո՞վ ասաց, որ չկա: ՏԻՄ-ն ունի շատ մեծ լիազորություններ, եթե ինքնուրույն լինի: Ունի համայնքային բյուջե, այն կարող է կառավարել, սուբվենցիոն ծրագրեր ներկայացնել, ֆինանսներ միացնել, այլ պետական եւ ոչ պետական միջոցներ ներառել, արդյունքում մի շարք խնդիրներ լուծել: Մեր կառավարման մեկ տարվա ընթացքում այլ միջոցների, ինչպես նաեւ սուբվենցիոն միջոցների հաշվին կարողացել ենք համայնքը զարգացնել, բազմաթիվ աշխատանքներ ենք կատարել, ծրագրեր իրականացրել: Այս մեկ տարվա ընթացքում ոչինչ չի արվում ՔՊ-ական իշխանության կողմից` ոչ միայն Ալավերդի քաղաքում, այլեւ մնացյալ բնակավայրերում: Ասեմ ավելին` նախորդ տարի լրացուցիչ բյուջե են տրամադրել համայնքներին, այսինքն` այն բյուջեն, որ համայնքն ուներ, նաեւ ավելացվեց, բայց անգամ այդ դեպքում ոչինչ չի արվում: Այս իշխանությունն իշխանազավթում անում է ոչ թե համայնքների զարգացման համար, այլ` պետական ապարատն իր ձեռքում պահելու, վարչական լծակներ օգտագործելու համար: Շուտով ընտրություններ են՝ գուցե 2025 թվականին ինչ-ինչ աշխատանքներ անելու, ընտրություններից առաջ բնակչությանն ինչ-որ բան ցույց տալու համար:

Դավիթ Խաժակյան – Մինչեւ 2018 թվականն էլ ՏԻՄ համակարգում եղել են բազմաթիվ խնդիրներ, սակայն 2018-ից հետո դրանք էլ ավելի են լրջացել: Նախ՝ համակարգը դարձել է 100 տոկոսով համամասնական, կուսակցականացվել է, այն բերեց մի իրավիճակի, երբ ոչ թե մրցակցությունն ավելացավ, այլ իշխող ուժը փորձեց ՏԻՄ-երում իշխանություն վերցնել` հնարավոր բոլոր արդարացված եւ չարդարացված մեթոդներով: Հայտնի դեպքերի շարքում ընտրված համայնքապետերին մանդատից զրկելն է: Ցցուն օրինակներից մեկը Երեւան քաղաքում տեղի ունեցածն էր, այն, որ մեծամասնություն չունեցող կոալիցիան քաղաքապետ է ընտրել եւ քաղաք է ղեկավարում այսօր: Մասամբ ապօրինությամբ տեղի ունեցավ այդ պրոցեսը, մասամբ` մանդատագողությամբ: Այսպիսի բան ժողովրդավարական երկրում ուղղակի չի կարող լինել: Հաջորդ հանգամանքը, որը, ի դեպ, շատ կարեւոր է ու մարդկանց աչքից վրիպում է, դատախազությանը հավելյալ լիազորություններ տալն է՝ ՏԻՄ մարմիններում քրեական գործեր հարուցելու առումով: Իմ համոզմամբ` մանրամասն քննության դեպքում կարող է պարզվել նաեւ, որ այս փոփոխությունը հակասահմանադրական է, քանի որ դրանով խախտվում է ՏԻՄ-ի անկախությունը: Քանի դեռ ավագանին՝ ինքը, չի դիմում դատախազություն` ուսումնասիրություն կատարելու համար, բոլոր նման գործերն անօրինական են: Կան նման բազմաթիվ գործեր, որոնք միտված են ՏԻՄ տարբեր գործիչներին ճնշելուն: Իհարկե, նաեւ պետք է ֆինանսական անկախության մասին խոսել: ՏԻՄ-երը հիմնականում նայում են կառավարության ֆինանսներին, այդկերպ մարզպետները համայնքի ղեկավարների վրա ազդելու հնարավորություն են ստանում` չունենալով որեւիցե իրավական լծակ: Ի վերջո` ո՞վ է մարզպետը. մեկը, որն ուղղակի նշանակվել է վարչապետի կողմից եւ ցանկացած պահի կարող է ազատվել աշխատանքից, բայց այնպես է ստացվում, որ ընտրված ՏԻՄ մարմնին կարող է անգամ ճնշել, քանի որ կա սուբվենցիայի, ֆինանսների խնդիր, որովհետեւ ՏԻՄ-երը չունեն ֆինանսական միջոցներ: Ի վերջո` ՏԻՄ մարմինների մշտական ներգրավվածությունն ընտրական պրոցեսներին նույնպես կարեւոր հարց է, ինչը եղել է նախքան 2018 թվականը եւ շարունակում է մինչ օրս: Վարչական ռեսուրսի ամբողջական կիրառում է սա: Այս պարագայում խոսել կայացած ՏԻՄ համակարգի մասին՝ մեծագույն ցինիզմ է, այնքան խնդիրներ կան այս ոլորտում, իսկ իշխանություններն այդպես էլ ոչինչ չարեցին այդ ուղղությամբ: