09/12/2024

Հողամաս, բնակելի տուն, հիփոթեքով բնակարան. Տաթեւիկ Գասպարյանի հայտարարագրի հետքերով. Լուսանկար

«ՔՊ-ական այս պատգամավորի համար էլ հեղափոխությունը արգասաբեր էր:

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը, ով խորհրդարանում մշտապես լռակյաց է, հեղափոխությունից հետո գույքերի առքուվաճառքի մեջ է եղել։ Այսինքն` ՔՊ թիմում եւ խորհրդարանում իշխանության որոշումներին «կողմ» քվեարկելու համար գործունեություն ծավալող Գասպարյանը, առիթից օգտվելով, ունեցվածք է կուտակում։

Օրինակ` հեղափոխությունից հետո՝ 2022 թվականին, նա ձեռք է բերել հողամաս Աբովյան քաղաքում, իսկ 2023 թվականին Առինջ գյուղում՝ անհատական բնակելի տուն։

Դատելով վարկային մնացորդից` հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Գասպարյանը նաեւ հիփոթեքով գնած բնակարան ունի, որի մայր գումարի մնացորդը կազմել է 43 մլն 232 հազար դրամ։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամի ամուսինը` Արսեն Մխիթարյանը, որ շարքային ինժեներ է Ազգային անվտանգության ծառայությունում, հեղափոխությունից հետո բախտ է ունեցել ժառանգություն ստանալ բնակարան Երեւանում եւ ձեռք բերել 2 ավտոմեքենա։

Հարցն այն է, որ ՀՀ ազգաբնակչության պատկառելի մասը օր-օրի ընկղմվում է վարկերի, պարտքերի մեջ, բռնում է արտագաղթի ճանապարհը, իսկ իշխանության ոչ մի ներկայացուցչի կամ նրա ընտանիքի անդամի (տվյալ դեպքում ամուսնու) համար գոյություն չունի ոչ մի նյութական անկում, ամենուր վերելք է` բնակարաններ, ավտոմեքենաներ, դրամ։

Փաստորեն, էվոլյուցիա ապահովող կախարդական փայտիկը Նիկոլ Փաշինյանը միայն իր թիմակիցների համար է օգտագործում»:

Հողամաս, բնակելի տուն, հիփոթեքով բնակարան. Տաթեւիկ Գասպարյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»