09/12/2024

600 մլն դրամ են ծախսում միայն Կենտրոնի տոնական ձևավորման վրա

Երեւանի քաղաքապետարանն Ամանորից 2 ամիս առաջ արդեն տոնական եռուզեռի մեջ է․ քաղաքն ամանորյա ձեւավորման նախապատրաստական փուլում է։ Ամանորյա պատրաստությունները վաղաժամ սկսելու պատճառը, թերեւս, տրանսպորտի վիճակի, առաջիկա թանկացումների թեման «ցրելու» ցանկությունն է։

Հրապարակ թերթը գրել է․ Մինչ քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Ձեւավորում եւ սպասարկում» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության աշխատակիցները զբաղված են այդ խառը գործերով, Երեւանի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել՝ ամանորյա ձեւավորման աշխատանքները կազմակերպելու եւ այդ նպատակով պետական գնումներ իրականացնելու համար: Մրցույթները հայտարարել են հոկտեմբերի 3-ից։

Քաղաքապետարանն աննախադեպ գումար՝ 600 միլիոն դրամ է առաջարկել Հանրապետության հրապարակի, դրան հարակից փողոցների ամանորյա ձեւավորման եւ լուսավորության համար։

Այդ թվում` Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի ճյուղերի եւ զարդարանքի պարագաների մատակարարման դիմաց նախատեսվել է հատկացնել 50 միլիոն դրամ, հրապարակի երգող շատրվանների տարածքի ամանորյա ձեւավորման համար՝ 60 միլիոն, սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպման համար՝ 190 միլիոն, գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողության համար՝ 90 միլիոն դրամ: Առանձին 210 միլիոն էլ նախատեսվել է ամանորյա լուսավորության աշխատանքների համար։ Ընդհանուր՝ 600 միլիոն դրամ՝ կես միլիարդից ավելի գումար։ Անհասկանալի ճոխ գնումներ, անհասկանալի թվեր, որոնք առիթ են՝ «ամանորյա ձեւավորում» անվան տակ բյուջեից փողեր դուրս գրելու հարմար։

Սա նախադեպը չունեցող գնառաջարկ է։ Նախորդ տարի, օրինակ, մայրաքաղաքի տոնական ձեւավորման համար Երեւանի քաղաքապետարանը հատկացրել էր 202 միլիոն 406 հազար, 2022-ին՝ 191 միլիոն դրամ։

Ովքեր են հայտ ներկայացրել

Տոնածառի ճյուղերի եւ զարդարանքի պարագաների մատակարարման եւ ամանորյա լուսավորության ձեւավորման համար մրցույթին ոչ մի ընկերություն չի դիմել, մնացածի մասով դիմել է հայտնի «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն՝ առաջարկելով նույն գինը, ինչը «Սինեմարտ» ՍՊԸ-ն է առաջարկել․ 210 միլիոն դրամի փոխարեն 209 միլիոն 700 հազար դրամ (300 հազար դրամի տարբերությամբ)՝ ամանորյա լուսավորության ձեւավորման համար։ Այս երկու ընկերությունները միմյանց փոխլրացնելով են աշխատում` որ ծառայության համար մեկը չի դիմել, մյուսն է դիմել։ Երեւանի տոնական ձեւավորումն արդեն քանի տարի է՝ հենց նրանք են անում, ընդ որում՝ նախորդ տարիներին գնումը կատարվել է առանց մրցույթ հայտարարելու` մեկ անձից, բայց պոտենցիալ հավակնորդներն արդեն հասկացել են, որ անիմաստ տեղը բախտները չփորձեն` դաշտը զբաղված է։ Կասկած չկա, որ այս տարի էլ են նրանք զբաղվելու Երեւանի կենտրոնի տոնական ձեւավորմամբ, պարզապես նախորդ տարի մեծ աղմուկ բարձրացավ՝ «մեկ անձից գնում» կատարելու պատճառով, այս տարի դրանից խուսափելու համար ձեւական մրցույթ են հայտարարել։
Երեւանի ավագանու նախկին անդամ Դավիթ Խաժակյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով նախատեսվող հատկացումներին, ասաց․ «Փաստացի, իրենք նախատեսել են, ընդհանուր առմամբ, 600 միլիոն դրամ․ առաջին 4-ը միայն Հանրապետության հրապարակին է վերաբերում, մնացածը լուսավորություն են անում»։ Խաժակյանը հիշեցնում է, որ 2022-ին, երբ մանկական Եվրատեսիլը Երեւանում տեղի ունեցավ, այդ ժամանակ քաղաքապետարանը զարդարանքի համար մեծ գումարներ էր ծախսել․ «Հաշվի առնելով, որ նախանցած տարի մեծ ծախս էին արել՝ մանկական Եվրատեսիլի առթիվ, եւ այդ լուսավորությունը պետք է պահպանված լիներ, այս գումարն անհասկանալի է։ Անհասկանալի են նաեւ տոնածառի զարդարման պարագաները, որովհետեւ դրանք էլ են նոր։ Ամենայն հավանականությամբ, չեն ուզում մանկական Եվրատեսիլի, ինչը որ ճոխ-ճոխ արել էին, զարդարանքները դնեն, տոնավաճառն էլ է անհասկանալի, որովհետեւ 4-5 տարվա տոնավաճառներ էին»։

Բացի այն, որ Երեւանի Կենտրոն համայնքում այսքան գումար է ծախսվում, պարզվում է` Երեւանի վարչական շրջաններն էլ իրենց հերթին են առանձին-առանձին ամանորյա ձեւավորման համար մրցույթներ հայտարարել։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանից հետաքրքրվեցինք՝ ամանորյա զարդարանքների համար առանձին մրցույթ հայտարարե՞լ եք։ «Այո, հայտարարել ենք, պետք է այսօր կայանար․ փողոցային լույսերը, ամանորյա լուսավորումն է»։ Նա նշեց, որ այս տարի նախորդ տարիներից մնացած տոնածառն են տեղադրելու, իսկ զարդարանքը տրամադրում է քաղաքապետարանը։ Բայց վարչական շրջանի ղեկավարը չմտաբերեց, թե ինչքան գնառաջարկ են ներկայացրել՝ միայն իրենց համայնքը զարդարելու աշխատանքների համար։

Հարկ է նշել, որ նմանատիպ գնառաջարկներ արել են նաեւ մյուս վարչական շրջանները, եւ այս գումարները հաշվելիս ակնհայտ է դառնում, որ Նոր տարին մայրաքաղաքի եւ նրա բնակիչների վրա անչափ թանկ է նստելու: Այս ճոխ ծախսերն անում են այն պարագայում, որ Երեւանով մեկ նորոգման ենթակա լիքը ճանապարհներ կան` մայթեզրեր, գետնուղիներ, ավերակ շքամուտքեր, մի կերպ աշխատող վերելակներ, աղբահանության աղետալի վիճակ, ջրահեռացման չգործող համակարգ, փտած խողովակներ եւ այլն, եւ այլն։