Նիկոլ Փաշինյանը սկսել է նախընտրական քարոզարշավը եւ որոշել է կրկին հանդես գալ ընդդիմադիրի կերպարով՝ քննադատելով իր ենթականերին եւ մեղադրելով նրանց` նախկին թալանչիներին չպատժելու, թալանածը հետ չբերելու համար։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հեղափոխական» մորուսը սափրելու հաջորդ օրը՝ կառավարության նիստի ժամանակ, նա սպառնաց իրավապահներին․ «Դատական, իրավական, ուժային համակարգի ներկայացուցիչներ, ես ձեզ ուղիղ ասում եմ՝ իմ համբերության բաժակը լցվել է»։
Իսկ համբերության բաժակը լցվել էր ճիշտ այն պահին, երբ Հակակոռուպցիոն քրեական դատարանում շարունակվում էր Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Շուրջ 6 տարի առաջ Փաշինյանի հանձնարարականով վերաբացվեց Մարտի 1-ի գործը։ Բոլոր հնարավոր ատյաններով անցավ: Սակայն Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը եւ Արմեն Գեւորգյանն արդարացվեցին, հետո Վճռաբեկ դատարանը բեկանեց արդարացման դատավճիռը եւ կրկին ուղարկեց քննության։ Հիշեցնենք, որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամբողջությամբ փոխել էր Վճռաբեկ դատարանի կազմը, եւ այս թարմացված կազմն էլ ցանկալի որոշումը կայացրեց:
Երեկ կառավարության նիստին զուգահեռ ընթանում էր նաեւ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը` վերաբացված գործով, երբ Փաշինյանը հայտարարեց․ «Ես չեմ ուզում հասնեմ նրան, որ մենք գնանք շենքեր շրջափակենք։ 7 տարի ա՝ դատավարություն են անում, ստեղ ամենամեծ պրոբլեմն էն ա, որ մարդիկ չեն հավատում, որ էդ բոլոր բեմականացումների, սցենարների տակ ես չեմ ստորագրում։ Սա լրջագույն քաղաքական խնդիր է»: Ակնհայտորեն նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը։
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը, որն ըստ երեւույթին լսել էր Փաշինյանի «հանձնարարականը», նիստի ժամանակ հայտարարեց, որ որոշում է կայացնում՝ բերման ենթարկել Ռոբերտ Քոչարյանին, Սերյան Օհանյանին եւ Յուրի Խաչատուրովին։ Վերջիններս չէին ներկայացել, քանի որ անգամ պարզ չէ, թե ինչ մեղադրանք է առաջադրվել, եւ ինչ դատական պրոցես է ընթանում:
Նիկոլ Փաշինյանը չի հանգստանում` նա հենց կառավարության նիստում, ըստ էության, հանձնարարեց ավելի շատ ուժ գործադրել ցուցարարների վրա, դատավորներին` ավելի շատ կալանքի սանկցիաներ արձակել, քննիչներին` ավելի շատ միջնորդություններ ներկայացնել եւ այլն: Բնականաբար, թիրախն իրեն քննադատող, իր դեմ պայքարող գործիչներն են: Նա կարծում է, որ երբ քիչ են դատում, պատժում, ծեծում, կալանավորում, հասարակությունն իրեն ընկալում է որպես թույլ ղեկավար։
«Ստացվում է, որ Հայաստանում թույլ իշխանություն է, կներեք, ուրեմն թույլն ուժային կառույցն է, որ որեւէ մեկն ինձ թույլ անվանի։ Այսինքն՝ անընդհատ ապացուցելու անհրաժեշտությո՞ւն պետք է ունենանք, ո՞նց կարող է պետության մեջ ընդհանրապես որեւէ մեկը թպրտա, ո՞նց կարող է այդպիսի բան լինի։ Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք` արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որեւէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե` հա, բան էր, ասեց, գնաց»,- ասաց Փաշինյանը։
Մենք տեղեկացանք, որ իրավապահ մարմինների ղեկավարները շեֆի հանձնարարությունը բառացի են հասկացել եւ կառավարության նիստից անմիջապես հետո իրենց ղեկավարած կառույցներում ժողովներ են արել, որի արդյունքներն արդեն երեւացին օրվա ընթացքում։ Բացի Քոչարյանին եւ մյուսներին բերման ենթարկելու որոշումից, տնային կալանք կրող եւ այդ խափանման միջոցի պայմանները ոչնչով չխախտած Խաչատուր Բալասանյանին` Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն, երեկ կալանավայր տարան` տնային կալանքը փոխարինելով կալանքով:
Բաց մի թողեք
Ինչ արժե Ամանորի գիշերը երևանյան ռեստորաններում, ովքեր են երգելու
Գաբրիել Ջեմբերեջյանին կալանավորել են ցանկացել․ Լուսանկար
Գյումրվա պրայմերիզ. քաղաքապետի ժամանակավոր աթոռի շուրջ պտտվող քարոզարշավի կարգախոսներն ու կանխատեսումները. Լաուսանկարներ