Մթնոլորտային փոփոխությունների վերաբերյալ ՄԱԿ-ի գագաթնաժողովն այս պահին նաեւ քաղաքական մթնոլորտ է որոշում։
Հրապարակ թերթը գրել է․ COP-29 գագաթնաժողովի, ինչպես նաեւ այս օրերի մի քանի այլ առանցքային իրադարձությունների եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա դրանց ազդեցության մասին զրուցել ենք Մերձավոր Արեւելքի երկրների գծով ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ, լսել նրա կանխատեսումները։ Նա կարծում է, որ այս պահի դրությամբ «խաղաղության պայմանագրի» ստորագրման հեռանկարը մշուշոտ է, մերկապարանոց։
– Չորեքշաբթի Մոսկվայում կայացավ ՀԱՊԿ երկրների դիվանագետների հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ դեսպանը։ Այս իրադարձության վերաբերյալ միայն պաշտոնական տեղեկություններ են հայտնի, եթե լրացուցիչ տեղեկություն ունեք, խնդրում եմ, փոխանցեք։ Մասնավորապես մեզ հետաքրքիր է, թե հանդիպման ընթացքում արդյոք խոսե՞լ են Արցախի մասին, եւ եթե Փաշինյանը հայտարարել էր, որ սառեցնում է մասնակցությունը ՀԱՊԿ բոլոր միջոցառումներին, հիմա Գուրգեն Արսենյանի ներկայությունը կարելի՞ է համարել ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության ապասառեցում։
– Ոչ։ Այդ հանդիպման մասին առայժմ լրացուցիչ տեղեկատվություն չունենք։ Ամենայն հավանականությամբ, Արցախի թեմայով առանձին զրույց չի եղել։ Դիրքորոշումների մեջ փոփոխություն չի եղել։ Սպասվում էր, որ հայկական պատվիրակությունը Միրզոյանի մակարդակով կայցելի Բաքու, բայց նրանք չմեկնեցին, Միրզոյանն այդ օրը գնաց Շվեդիա։ Մթնոլորտի վերաբերյալ կոնֆերանսի անցկացումն առաջին անգամ Կովկասում եւ կոնկրետ Բաքվում, Ադրբեջանի քաղաքական եւ դիվանագիտական հզորության մասին է վկայում, եւ կարելի է ասել, որ Բաքուն հանդես է գալիս ուժի դիրքերից։
– «Խաղաղության պայմանագրի» հեռանկարն ինչպիսի՞ն է։
– Կարծում եմ, մշուշոտ է` մերկապարանոց հայտարարությունների մակարդակի, այն պարզ կլինի միայն այն ժամանակ, երբ Թրամփը գա իշխանության եւ սկսի գործել, այսինքն՝ երդմնակալությունից հետո։ Բայց Կովկասը նրա օրակարգում առաջնային չի լինելու, առաջնայինն Ուկրաինան է, Եվրոպան, Մերձավոր Արեւելքը, հետո նոր՝ Կովկասը։ Հավանաբար, հիմա կողմերը սպասում են Թրամփի դիրքորոշմանը։ Ներկայիս կանխատեսումներով՝ ամերիկացիները դուրս են գալու տարածաշրջանից` դա պարզ է, Հայաստանի դիրքը վատթարանում է, որովհետեւ Եվրոպան տարածաշրջանում տապալվելու է, հայերն էլ, ինչպես միշտ, ուշանում են կարեւոր որոշումներում, հետ են մնում իրադարձություններից։
– Ո՞ր որոշումները նկատի ունեք։
– Բոլոր, վերջին որոշումները, Փաշինյանը միշտ ուշանում է, նա պետք է կանխորոշի զարգացումները, իրադարձություններից առաջ ընկնի, մինչդեռ նա, ինչպես միշտ, պոչում է։ Ալիեւը նրանից 2-3 քայլ առաջ է։ Նա արդեն պայմանավորվել է Թրամփի հետ, իսկ Փաշինյանը սպասում է։ Մակրոնը մեկուսացման մեջ է հիմա, Փաշինյանը Մակրոնի հետ է, մինչդեռ Մակրոնից ոչ մի օգուտ չկա։ Եվրոպան ճգնաժամի մեջ է, Հայաստանը Եվրոպայից ի՞նչ օգնություն է սպասում՝ հասկանալի չէ։ Մոսկվայից հեռավորություն է պահում։ Մոսկվան առաջարկել է տարբեր ձեւաչափեր, Հայաստանը չի արձագանքում։ Ադրբեջանում ներկա պահին հակված են այն կարծիքին, որ ուժային գործոնին անցնելն ավելորդ գլխացավանք է բերելու, եւ ավելորդ չի լինի հիմա կանգ առնել ու սառեցնել իրավիճակը։ Ամենայն հավանականությամբ, Ալիեւը կսառեցնի իրավիճակը։
– COP-29 կոնֆերանսին եվրոպական բազմաթիվ երկրներ չմասնակցեցին, Հայաստանը՝ նույնպես։ Սա սթափեցնող վերաբերմունք է Ադրբեջանի նկատմամբ, մեզ մոտ կարծիքներ կան, որ այսկերպ Հայաստանը յուրօրինակ ճնշում է գործադրում, հասկացնում, որ գերիներին պետք է վերադարձնեն, իսկ դուք ասում եք` իզուր Հայաստանը չգնաց։
– Գերիներն առանձին թեմա են։ Ես չգիտեմ` հրապարակային պաշտոնական հարթակներում գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարություներ չեն հնչում։ Եվ հետո՝ պետք է կոնկրետացնել․ ո՞ր գերիներին նկատի ունեք։
– Բոլոր՝ ե՛ւ ռազմագերիներին, ե՛ւ Արցախի նախկին ղեկավարությանը։
– Բաքվում շատ լավ են հասկանում դիրքորոշումների ընթացիկ տեսքը։ Եթե Մոսկվան անգամ ոչ հրապարակայնորեն Ալիեւի առաջ Ղարաբաղի նախկին ղեկավարների վերադարձի հարց է դնում՝ ասելով, թե ինչու եք նրանցից զոհ սարքում, տառապյալ կերպար, բաց թողեք` գնան, պատասխանն այն է, որ սպասում են դատարանի որոշմանը։ Իսկ դատը երկարաձգվում է։
– Ո՞վ է հավատում այդ դատերին։
– Այո, դա սպեկուլյացիա է, այդ հարցում չեմ վիճում։ Ո՞ւմ են պետք գերիները, մյուս ռազմագերիները, հասկանալի չէ` ի՞նչ օգուտ ունի դրանցից։ Ասենք թե ինչ-որ ժամանակ պահեց բանտում, հետո՞։ Ճիշտ կլիներ բաց թողնել ու վերջացնել այդ հարցը։ Հավանաբար, այստեղ ինչ-որ կուլիսային առեւտուր է գնում, որից Մոսկվան դիստանցիա է պահում, չի ուզում մեկնաբանել։ Իմիջը, որը Հայաստանն ուներ Մոսկվայում, հիմա պլինտուսից ցածր է։ Ձեւավորվել է կայուն նեգատիվ վերաբերմունք, բայց ոչ թե հայերի էթնոսի, այլ քաղաքական իրողություններով պայմանավորված։ Հայաստանն ասես պոկված մաս լինի, չի առաջացնում ոչ մի էմոցիա։ Վրաստանի հետ՝ այո, հարաբերություններն աճում են, կա ալյանս, եւ Բաքվի հետ, իհարկե։
– Վրաստանն առաջարկեց Երեւանի ու Բաքվի միջեւ միջնորդ դառնալ։ Կարո՞ղ է, ի՞նչ եք կարծում։
– Թող դառնա։ Մոսկվան ասում է՝ խնդրեմ, գործիր։
– Մինչեւ ԱՄՆ նախագահական ընտրությունները Դուք ասում էիք, որ Ադրբեջանն ու Հայաստանը սպասողական դիրքում են։ Հիմա Թրամփն ընտրվեց, ի՞նչ կանխատեսում ունեք, ի՞նչ կփոխվի։
– Նա ընտրվել է, բայց չի պաշտոնավարում։ Դա պարզ կլինի հունվարի 20-ից հետո։
– Բայց արդեն հայտարարություններ է անում, օրինակ, որ ամեն ինչ անելու է, որ ռուս-ուկրաինական պատերազմը դադարի։
– Պետք չէ խառնել գործողությունները եւ ֆուտլյարը։ Նա հիմա դեռ իրավական առումով չի կարող հայտարարություններ անել։ Հիմա ոչ թե դեկլարացիաների մասին ենք խոսում, այլ կոնկրետ գործողությունների, որոնք կլինեն միայն հունվարի 20-ից հետո։ Երկրորդ․ դատելով այն արտահոսքերից, որոնք դուրս են գալիս Թրամփի շրջապատից, ամերիկացիները հեռանալու են Կովկասից՝ թողնելով այն Ռուսաստանին։ Իսկ Ռուսաստանը դա այնքան էլ չի ուզում, մեզ դա պետք չէ։ Դուք կարծում եք, թե մենք ուզում ենք միացնել մեզ Հայաստանը կամ Վրաստանը կամ այլ երկի՞ր։ Չենք ուզում։
– Բայց եթե ուկրաինական կամպանիան ավարտվի, Կովկասը ձեզ համար ավելի ակտուալ է դառնալու, չէ՞։
– Կովկասը կհանդարտվի, Կովկասը չպետք է Ռուսաստանի համար լարվածության օջախ լինի, սա է պրոբլեմը։ Ցանկալի է, որ իշխանության լինի այնպիսի ռեժիմ, որը Ռուսաստանին չի վնասի։ Մենք նեյտրալ ենք։ Գործեք, առեւտուր արեք, ինչ ուզում եք, արեք, բայց եղեք նեյտրալ։ Սա է Ռուսաստանի դիրքորոշումը։ Ճիշտ է այն, թե ոչ՝ ես կարծում եմ, որ ոչ, բայց այն այդպիսին է։
– Ի՞նչ հեռանկար կա, կստորագրվի՞, Ձեր կարծիքով, «խաղաղության պայմանագիրը» եւ ե՞րբ։
– Այս տարի, կարծում եմ՝ ոչ։ Ամենայն հավանականությամբ՝ գարնանը։
Բաց մի թողեք
Ազատված 32 վարորդներից 28-ը դիմել են աշխատանքի վերականգնվելու խնդրանքով
Հեռախոսի բովանդակությունը տպել են, տվել՝ կարդան
Փաշինյանն արդեն որոշել է, թե ով է լինելու Գյումրիի քաղաքապետի ԺՊ-ն