Թբիլիսիի պետական համալսարանի մոտ վրացական ընդդիմադիր ուժերը նոյեմբերի 17-ի երեկոյան սկսել են 24-ժամյա բողոքի ցույցեր, որոնք հրաժարվում են ընդունել հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Ակցիայի մասնակիցները Վարազիխևի փողոցի և Ճավճավաձեի պողոտայի խաչմերուկում գտնվող ԹՊՀ առաջին շենքի մոտ վրաններ են տեղադրել։
Ընդդիմության ներկայացուցիչները նշել են, որ համալսարանի տարածքը ցուցարարների միայն առաջին կանգառն է, նրանք մտադիր են 24 ժամով փակել ուսումնական հաստատության հարակից փողոցները և ամենժամյա տեղեկատվական հայտարարություններ անել իրենց ապագա ծրագրերի մասին, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը:
«Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդներից Նիկա Գվարամիան կոչ է արել դադարեցնել բողոքի «տոնախմբությունները» և անցնել կոնկրետ գործողությունների։
«Խնջույքներ, քայլերթ, աղմկել, այս ամենը արած է: Մենք վերադարձնում ենք մեր հայրենիքը: Փակում ենք ամեն ինչ: Մենք այլևս ժամանակ չունենք։ Մենք՝ Վրաստանի բնակչությունից ամենաշատ ձայները ստացած մարդիկ, ովքեր հայտարարել են. «Գնում ենք Եվրոպա», պատասխանատվություն ենք կրում։ Եվ, այո, Մենք գնում ենք Եվրոպա»,- ընդդիմադիր քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում SOVA հրատարակությունը։
Հանրահավաք Ռուսթավելի պողոտայում
Դրան զուգահեռ Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, տեղի է ունեցել «Վերադարձրու քո ձայնը» հանրահավաքը։ Դրան մասնակցել են անցած խորհրդարանական ընտրություններում որպես դիտորդ հանդես եկող հասարակական կազմակերպությունների, ուսանողական շարժումների և ընդդիմության ներկայացուցիչներ։
Մինչ ակցիայի մեկնարկը մի շարք բուհերի անունից ընթերցվել է մանիֆեստ, որտեղ ուսանողներն ընդգծել են, որ մտադիր են պայքարել իրենց ձայնի համար՝ համարելով, որ ընտրությունների արդյունքները գողացված են։
Ընդդիմությունը համաձայն չէ ընտրությունների արդյունքների հետ
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ շուրջ 54 տոկոս արդյունքով հաղթանակի մասին։ Ընդդիմությունը չի համաձայնել քվեարկության արդյունքների հետ, և հինգ տոկոսանոց շեմը հաղթահարած չորս ընդդիմադիր կուսակցություն հայտարարել է նոր խորհրդարանի աշխատանքը բոյկոտելու մասին։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես հրաժարվել է ճանաչել պաշտոնական արդյունքները՝ Ռուսաստանին մեղադրելով ընտրություններին միջամտելու համար:
Ընտրությունների արդյունքների դեմ առաջին բողոքի ցույցերից հետո մի շարք ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկն էականորեն չի փոխել ԿԸՀ-ի՝ նախկինում հայտարարված տվյալները։ Քվեարկության արդյունքները չեղարկվել են 30 ընտրատեղամասերում քվեարկության գաղտնիությունը խախտելու պատճառով։
Միևնույն ժամանակ, միջազգային դիտորդները մատնանշել են ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումները՝ ընտրողներին ահաբեկելու և ընտրակաշառքի դեպքեր, ճնշումներ պետական պաշտոնյաների նկատմամբ, բազմակի քվեարկություններ և լցոնումներ։
ԱՄՆ-ը և Եվրամիության երկրները կոչ են արել հետաքննել Վրաստանում ընտրական գործընթացին հնարավոր կեղծիքների և ենթադրյալ միջամտության դեպքերը։
Բաց մի թողեք
Ֆրանսիան ողջունել է Ասադի վարչակարգի տապալումը. Դադարեցնել կրակը, հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը
Դամասկոսում պարետային ժամ կգործի. Ասադի ավտոտնակում մի քանի տասնյակ ավտոմեքենաներ են գտնվել
Հակասական լուրեր Սիրիայի նախագահի լինել – չլինելու մասին, ինքնաթիռը կործանվե՞լ է