Ազգային ժողովում երեկ առանց հանգուցյալի հուղարկավորություն էին անում: Նիկոլ Փաշինյանի ուսապարկերը՝ ՔՊ-ական պատգամավորները, լուռ սգում էին իրենց գործընկերներ Նարեկ Զեյնալյանի եւ Հովիկ Աղազարյանի համար, որոնց նույնպես նախօրեին վարչապետ Փաշինյանը «Վոթսապով SMS էր ուղարկել»` մանդատներից հրաժարվելու հորդորով։
«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ-ական պատգամավորները կտրականապես հրաժարվում էին բառ փոխանակել լրագրողների հետ, առավել եւս՝ կարծիք հայտնել Փաշինյանի «ահեղ դատաստանի» մասին, հավանաբար վախենալով, որ եթե նման չնչին «զանցանքների» համար Զեյնալյանին ու Աղազարյանին պաշտոնանկ արեց, ի՞նչ իմանաս` ինչի համար կարող է առաջիկայում նման «նոպա» ունենալ եւ իրենց էլ մանդատից զրկել։ Համընդհանուր կարծիք կար, որ «վոժդն» անկանխատեսելի ու վտանգավոր է դարձել` ո՛չ կարմիր գիծ է ճանաչում, ո՛չ իրենց նախկին «զասլուգաներն» է հաշվի առնում` ով «դռբի» տակ ընկավ վատ պահի, «գլխատում» է, եւ այդ մթնոլորտը սարսափեցնում է խորհրդարանի տաքուկ կաբինետներին սովորած, ողջ տարին պետության հաշվին արտասահմաններում ֆռֆռացող ՔՊ-ականներին, որոնք ո՛չ նորմալ մասնագիտություն ունեն, ո՛չ աշխատանքային փորձ, որ զրկվելով իշխանություն լինելուց՝ կարողանան իրենց բարեկեցությունն ապահովել:
Հատկապես ծանր էր մթնոլորտը Նարեկ Զեյնալյանի աշխատասենյակի հարկաբաժնում․ առավոտից մի խումբ գործընկերներ սգավոր դեմքերով մտնում էին պատգամավորի աշխատասենյակ՝ գուցե մխիթարելու, գուցե հուշելու, թե ինչպես երեկոյան սպասվող վարչության նիստում փափկեցնի Նիկոլ Փաշինյանի սիրտը, որ համոզի` հետ կանգնել իր որոշումից։ Իսկ մի խումբ պատգամավորներ էլ, կարելի է ասել, ժամեր շարունակ Զեյնալյանի կողքին էին. Լուսինե Բադալյանը` Լուլուն, որը, ասում են, ամենածանրն է տանում կատարվածը եւ անգամ մտադիր է Զեյնալյանի հետ վայր դնել մանդատը։ Այստեղ էին նաեւ Արմեն Խաչատրյանը, Արփի Դավոյանը, Նարեկ Ղահրամանյանը, Ռուստամ Բաքոյանը։ Նրանց երբեմն-երբեմն այցի էր գալիս նաեւ Անդրանիկ Քոչարյանը: Ինքը՝ Զեյնալյանը, որ, ըստ գործընկերների, նախորդ օրը մինչեւ ուշ երեկո իր աշխատասենյակում էր անցկացրել, բավականին տխուր էր, ցանկություն չուներ զրուցելու լրագրողների հետ։
Տեղեկացանք, որ նա մեկ օր մտածելուց հետո` երեկ կեսօրին վարչապետին փոխանցել է իր համաձայնությունը, որ պատրաստ է կատարել առաջնորդի ցանկությունը, ավելի ճիշտ՝ պարտադրանքը, վայր դնել մանդատը։ Այս թիմում իրենց իրավունքների համար պայքարելու, դիմադրելու ռեսուրս գրեթե չկա․ բոլորը պատրաստ են կատարել վարչապետի անգամ ամենաանօրինական պահանջը:
Պատմում են՝ այդ պահանջի բացատրությունը մոտավորապես այսպիսին է եղել, որ չէր կարելի վարչապետի նշանակած կադրի` Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի դեմ նման ելույթ ունենալ եւ նրան հեղինակազրկել: Խոսքը, հիշեցնենք, ԱԺ հայտնի լսումների ժամանակ Նարեկ Զեյնալյանի ելույթի մասին է, որի ժամանակ նա դիտողություն արեց չափն անցած Քյարամյանին, թե իր աշխատավայրում չէ` ձեռքով-ոտքով չպետք է խոսել պատգամավորների հետ, պետք է հարգալից արտահայտվել: Պատգամավորին վայել այս դիտարկումները, պարզվում է, Փաշինյանի սրտով չեն եղել` նա միայն «ուսապարկերին» է հանդուրժում եւ արժանապատիվ պահվածքի յուրաքանչյուր դրսեւորում իրեն ուղղված մարտահրավեր է համարում, իսկ Զեյնալյանը փորձել է երկրի գլխավոր քաղաքական մարմնի ներկայացուցչին վայել ելույթ ունենալ, ուստի անսպասելի չէ այս հորդորը: Նիկոլ Փաշինյանին պետք չէ քաղաքական մարմին` նա ստրուկների, անողնաշար ու անարժանապատիվ մարդկանց է միայն պահում իր կողքին, որոնք անտրտունջ կատարում են իր հրահանգները: Արդեն երեկոյան Զեյնալյանն իր էջում հրապարակեց հրաժարականի լուրը՝ զավեշտալի կերպով ընդգծելով, որ դա արել է իր նախաձեռնությամբ։
Մենք տեղեկացանք, որ Փաշինյանը նաեւ լսումների գլխավոր «հերոս» Հովիկ Աղազարյանին է նույն հաղորդագրությունն ուղարկել՝ պահանջելով վայր դնել մանդատը։ Աղազարյանը, որ երբեւէ լրագրողներին չէր մերժում հարցազրույց տալ, երեկ մերժեց՝ ոչինչ չասելով: Պատգամավորի մտերիմները մեզ վստահեցնում էին, որ Աղազարյանը հեշտ հանձնվողներից չէ` նա կդիմադրի։
Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն ազատում է այս պատգամավորների մանդատազրկման պատճառ դարձած Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին՝ առաջնային մանդատ ունեցող օրենսդիրների հանդեպ անհարգալից պահվածքի համար, մյուս կողմից՝ իբր ինքն արդար արբիտր է, ուստի հավասարության սկզբունքով` եթե իր սիրելի Քյարամյանին ազատում է, ուրեմն պատգամավորներն էլ պետք է պատժվեն։
Բայց զավեշտն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում Սահմանադրության անգամ ձեւական կողմը պահել, որ պատգամավորը, ըստ մայր օրենքի, կաշկանդված չէ հրամայական մանդատով, եւ նրան ոչ ոք չի կարող պարտադրել՝ ինչպես քվեարկել, ինչ ելույթ ունենալ, հոդված 94-ն ասում է․ «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով»։
Մի կողմից՝ դերասանություն է անում կառավարության նիստում, թե ինքը չի միջամտում իրավապահների գործառույթներին, նրանք ազատ են եղել` ինքը չի ստորագրել նրանց որոշումների տակ: Մյուս կողմից` SMS-ներով աշխատանքից ազատում է Սահմանադրությամբ պաշտպանված պաշտոնյաներին, անկախ համարվող կառույցների ղեկավարներին եւ առաջնային մանդատով ընտրված օրենսդիրներին: Ցանկացած փոքրիշատե ինքնուրույնություն այս անձի կողմից չի խրախուսվում: Բայց մարդիկ արդեն չեն հասկանում, թե ինչը կարող է իրենց փողոց շպրտելու պատճառ դառնալ։ Թեեւ, իհարկե, ուսապարկ լինելու կարգավիճակը նրանք կամովին են ընտրել եւ այս տարիներին հիմնովին ամրապնդել` հանդուրժելով Փաշինյանի ցանկացած կամայականություն եւ հանցանք:
Բաց մի թողեք
Ինչ արժե Ամանորի գիշերը երևանյան ռեստորաններում, ովքեր են երգելու
Գաբրիել Ջեմբերեջյանին կալանավորել են ցանկացել․ Լուսանկար
Գյումրվա պրայմերիզ. քաղաքապետի ժամանակավոր աթոռի շուրջ պտտվող քարոզարշավի կարգախոսներն ու կանխատեսումները. Լաուսանկարներ