08/12/2024

Այս փուլում իրենց դեմքը փրկելու հարցն են լուծում․ Բադալյան

Վրաստանի ընդդիմությունը հրաժարվում է ընդունել ընտրությունների արդյունքները․ ցույցերը, բողոքի ակցիաները շարունակվում են, ավելին, բախումներ են եղել ցուցարարների ու ոստիկանների միջև:

«Հրապարակի» հետ զրույցում քաղաքագետ Հակոբ Բադալյանն ասաց, որ Վրաստանի ընդդիմությունը հիմա առավելապես փորձում է պահել իր դեմքը, որովհետև Վրաստանում խորհրդարանի ընտրություններից հետո ԱՄՆ-ում տեղի ունեցավ նախագահական ընտրություն և Թրամփի հաղթանակը որոշակիորեն ոչ բարենպաստ տենդենցներ հաղորդեց, այդ թվում, նաև Վրաստանի ընդդիմության հեռանկարների մասով, իսկ Վրաստանում ընդդիմությունը ներկայացնում է այդ ուլտա-լիբերալ գլոբալիստական թևի շահերը և հետաքրքրությունները: Եվ այս տեսանկյունից Թրամփի ընտրությունը Վրաստանի ընդդիմության համար լավ նորություն չէր, եթե կարող ենք այսպես ասել։

«Եվ մենք տեսնում ենք, որ Վրաստանում այն շատ թեժ զարգացումները, որոնք սպասվում էին, տեղի չեն ունենում և հիմա Վրաստանի ընդդիմությունը պարզապես փորձում է պահել դեմքը, բնականաբար պայքարել, պահպանել իրենց դիրքերը: Հայտարարելով, որ մանդատները չեն վերցնելու, սահմանեցին բավականին բարձր նշաձող և պետք է պայքարեն, բայց ընդհանուր առմամբ այդ պայքարը զրկվեց միջազգային կոնյուկտուրայի ազդեցիկ աջակցությունից: Դրա համար եմ կարծում, որ իրենք այս փուլում լուծում են այդ հարցը՝ դեմքը պահելու հարցը: Գուցե նաև այսպես տոնուսն են պահում, տեսնելու համար, թե ինչ կլինի հետո»,-ասաց Բադալյանը։

Թիրախային հիմնական խնդիրները, որքան էլ զարմանալի լինի, բայց ծավալվեցին Աբխազիայում: Աբխազիայում ավելի անկայուն վիճակ ստեղծվեց, քան հետընտրական Վրաստանում: Սա ևս վկայում է այն մասին, որ Վրաստանում իրավիճակն այդ աստիճան ճոճելու և լարելու հնարավորություններն այնքան մեծ չէին, որքան ակնկալվում կամ դիտարկվում էին: Գլխավոր հանգամանքն այն էր, որ Վրաստանի խորհրդարանի ընտրությունը մեծ հաշվով արտացոլում էր վրացական հասարակության տրամադրությունները: Այսինքն, այնտեղ փորձ չի արվել ստանալ վրացական հասարակության տրամադրություններից տարբեր պատկեր և այս պատկերն է թույլ տվել պաշտոնական Թբիլիսիին ավելի հաստատակամ լինել արդյունքը պաշտպանելու հարցում:

Ո՞րն է լինելու վրացական ընդդիմության հաջորդ քայլը հարցին ի պատասխան, Բադալյանն ասաց, որ բնականաբար կշարունակեն պայքարել իշխանության դեմ:

«Առնվազն կլինեն որոշ ուժեր, որոնք կվերանայեն մանդատների վերաբերյալ որոշումը: Մեծ հաշվով, կարծում եմ, այդ տրամաբանության մեջ պետք է լինի հաջորդ քայլը: Սա ընդհանուր ենթադրություն է, որովհետև որևէ կերպ չեմ կարող Վրաստանի ընդդիմության պլանների մասին խոսել, թե ինչ կպատկերացնեն կամ ինչ կպլանավորեն իրենք: Բայց եթե տեղի չունենա որևէ ֆորս-մաժորային փոփոխություն, կամ հիմա ինչպես ընդունված է ասել՝ սև կարապի տրամադրությամբ որևէ փոփոխություն կոնյուկտուրայում, ես կարծում եմ, վրացական ընդդիմության համար առանձնապես մեծ հեռանկարներ քաղաքական նպատակների տեսանկյունից չկան»,-ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Աբխազիայի դեպքերին, ապա Բադալյանն ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ է այնտեղ տեղի ունենում, արդյոք կա՞ արևմտյան մեծ ազդեցություն, թե՞ ներռուսական իշխանական խմբավորումների պայքար է: Ի վերջո, պետք չէ բացառել, որ այդ ներդրումային փաթեթը, որի պատճառով Աբխազիայում ծավալվեց նման ապակայունացումը կամ թեժ զարգացումները, շոշափում է Աբխազիային առնչվող ներռուսական իշխանական տարբեր խմբավորումների շահեր:

«Բոլորովին պետք չէ բացառել, որ այդ ապակայունացումը ոչ թե Արևմուտք-Ռուսաստան հակադրության կոնտեքստում է, այլ պարզապես հենց ներռուսական իշխանական խմբերի պայքար, բայց Աբխազիայի տարածքում: Ավելի հանգամանալից պետք է ծանոթ լինել ուժերին, դերակատարներին՝ ստույգ գնահատելու համար, թե ինչ տեղի ունեցավ: Մյուս կողմից, իհարկե, բոլորովին բացառված չէ, որ Աբխազիան ևս կարող է լինել թիրախ, եթե, օրինակ, Վրաստանում չստացվեց իրավիճակ փոխել և էապես ճոճել իրավիճակն, այսպես ասած, ապա փորձել դա անել Աբխազիայում, այն իմաստով, որ ի վերջո, Վրաստան-Ռուսաստան փոխհարաբերության կայունացման, բարի-դրացիական զարգացման հեռանկարներում Աբխազիան ունի էական դեր: Որովհետև ի վերջո, վրաց-ռուսական հարաբերության աշխարհաքաղաքականության կարևորությունը լինելու է նաև հաղորդակցությունը տրանսպորտային ուղիներով: Աբխազիան առանցքային ճանապարհներից մեկն է ու եթե Աբխազիայում ստեղծվեն խոչընդոտներ՝ դա ունենալու է իր աշխարհաքաղաքական արժեքը: Ես որևէ կերպ չեմ բացառում, որ դիտարկվի հնարավորություն, տարբերակ՝ միջամտել իրավիճակին Աբխազայի միջոցով»,-ասաց Բադալյանը:

Քաղաքագետ շեշտում է, Աբխազիան գործանականում ամբողջությամբ լինելով Ռուսաստանի ազդեցության ներքո, այդուհանդերձ ունի շատ մեծ սփյուռք Թուրքիայում և Բադալյանը չի բացառում, որ Թուրքիայում աբխազական սփյուռքի միջոցով փորձ արվի միջամտել Աբխազիայի ներքին կյանքին և այնտեղ եղանակ փոխել, ինչ-որ տրամադրություններ ստեղծել: Քաղաքագետը շեշտում է, որ իր ներկայացրածը դիտարկումներ են, որովհետև որևէ ստույգ գնահատականի հնարավորություն չունի: