04/12/2024

ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. Լուսանկար

«Իրավապահ բլոկի մասնակցությամբ մեկ ամիս առաջ կայացած խորհրդարանական լսումները ճակատագրական դարձան ուժային պաշտոնյաների եւ կոնկրետ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի համար. Հովիկ Աղազարյանը դեռ դիմադրում է:

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. Կհարցնեք՝ ի՞նչ կապ ուներ Անդրանիկ Քոչարյանի բեմադրած պառլամենտական քննարկումը «ուժայիններին գլխատելու» պրոցեսի հետ. բացատրենք: Ճակատագրական նոյեմբերի 17-ի գիշերը` կիրակի, երբ Նիկոլ Փաշինյանը հարսանիքից հետո հրահանգել էր իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին տեղեկացնել 6 պաշտոնյաներին, որ պետք է առավոտյան ազատման դիմումներ գրեն, իշխանական, իսկ ավելի կոնկրետ՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին փոխկապակցված Radar Armenia-ն հայտնեց, որ ԱԺ պատգամավորական մանդատները վայր կդնեն Հովիկ Աղազարյանը եւ Նարեկ Զեյնալյանը։

Այսինքն՝ կուսակցությունում արդեն գիտեին, որ ուժայիններին պատժելուն զուգահեռ նաեւ խորհրդարանականները պետք է պատժվեն:

Իսկ ինչ էր արել Նարեկ Զեյնալյանը. նա ամբիոնից կշտամբել էր Արգիշտի Քյարամյանին թե՝ Ձեր աշխատասենյակում չեք, որ նման ժեստիկուլյացիայով եք խոսում պատգամավորների հետ: Բացի այդ, նա ոչ խոսափողի մոտ, բայց օգտագործել էր նաեւ «սեւ շորերով պատգամավորի», իսկ իրականում ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանի օգնականի բառապաշարը՝ «կուռաժիտ լինելու» մասին, ինչը չներվեց Զեյնալյանին:

ՔՊ-ն համարում է, որ Զեյնալյանը խախտել է պատգամավորի վարքականոնի մասին ՀՀ օրենքը եւ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ նա պետք է հեռանա: Նարեկ Զեյնալյանը, իհարկե, չի դիմադրել եւ անմիջապես ենթարկվել է Փաշինյանի պահանջին՝ ներկայացնելով մանդատից հրաժարվելու դիմում. բայց եւ նեղ շրջապատում դժգոհել է, թե ՔՊ պատգամավորներ կան՝ այնպիսի արարքներ են թույլ տվել ու անպատիժ մնացել, որ տարակուսելի է, թե ինչու հենց ինքը պետք է պատիժ կրեր: Նա հերթով հիշել է թե՝ Արթուր Հովհաննիսյանը խայտառակ վարքագիծ դրսեւորեց ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նիստում, չպատժվեց, Հակոբ Ասլանյանը հայհոյեց Եռաբլուրում, չպատժվեց, Ալեն Սիմոնյանը թքեց քաղաքացու դեմքին, չպատժվեց եւ այլն:

Նա հարցը քննարկել է նաեւ իրեն ՔՊ թիմ բերած ԱԳՆ Արարատ Միրզոյանի հետ, ով եւս տարակուսել է, որ ՔՊ-ականներին այնպիսի աններելի բաներ են ներվել, որ Զեյնալյանին հեռանալ պարտադրելը անարդար է: Բայց ահա այդպիսի զգացումներով՝ Զեյնալյանը հեռացել է»:

ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»