03/12/2024

Որևէ մեկը, հատկապես հարբած վիճակում, իրավունք չունի ազատումներ անել․ Բոստանջյան

Հայաստանի ժողովրդավարության, ինքնիշխանության մասին ծեքծեքուն մտքերի հեղինակ Նիկոլ Փաշինյանը, որ նախկիններին բռնապետ էր կոչում, հիմա ինքն է հակասահմանադրական քայլերի ռեկորդակիր դարձել:

Հրապարակ թերթը գրել է․ Բանը հասել է նրան, որ բացահայտորեն թիմակիցներին հակասահմանադրական պահանջներ է ներկայացնում՝ ընտրովի եւ անկախ կառույցների ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու, պատգամավորներին` մանդատից հրաժարվելու վերաբերյալ, ինչը չեն արել նախկին «ավտորիտար» ղեկավարները:

Իհարկե, եղել են դեպքեր, երբ պատգամավորները մանդատը վայր են դրել, օրինակ, Ռուբեն Հայրապետյանը՝ Նեմեց Ռուբոն, հրաժարական տվեց հանրային ճնշման տակ, երբ իր «Հարսնաքար» ռեստորանում զինվորական սպային ծեծելով սպանեցին, թեեւ ինքը ներկա չէր եղել եւ անմիջական պատասխանատվություն չէր կրում:

2018-ին մանդատը վայր դրեց նաեւ ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը, որը հայտարարեց, որ ձեռնպահ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելիս: ՀՅԴ-ն որոշեց, որ նա պետք է մանդատը դնի, եւ հեռացրեց իր շարքերից` կուսակցության որոշումը չկատարելու համար: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այն ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ՝ պատգամավորին իր մանդատից հրաժարվելու պարտադրանքը որակելով հակասահմանադրական։

«Թեեւ Հայաստանում տիրող ալեկոծության համատեքստում ասածս կարող է մանրուք թվալ, սակայն չեմ կարող ուշադրություն չհրավիրել հետեւյալ հանգամանքի վրա։ ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածում ամրագրված է. «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով»»,- ասված էր հայտարարության մեջ։ Մանդատազրկման փորձեր արվում էին նաեւ ԲՀԿ խմբակցությունում: «Ժառանգություն» կուսակցությունն էր փորձում իր գծին դեմ գնացած Խաչատուր Քոքոբելյանին զրկել մանդատից, Էդմոն Մարուքյանն էլ Արման Բաբաջանյանի մանդատն էր պահանջում, բայց այդ բոլոր դեպքերում պատգամավորները վայր չդրեցին մանդատը` դուրս եկան խմբակցությունից ու շարունակեցին մնալ խորհրդարանում: Զրուցել ենք նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ, որը 2018-ի հուլիսին վայր դրեց մանդատը, քանի որ չէր կիսում ԲՀԿ-ի գիծը։

– Նիկոլ Փաշինյանը հայտնի միջադեպից հետո պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին եւ Հովիկ Աղազարյանին մանդատից հրաժարվելու պահանջ է ներկայացրել: Զեյնալյանը դրեց, Աղազարյանը դեռ դիմադրում է։ Դուք էլ եք ժամանակին նմանատիպ հակասահմանադրական գործընթացի «զոհ» դարձել, ի՞նչ կասեք այսօրվա իրողության մասին։

– Նախ, ինձ պարտադրանք չի եղել, երդվում եմ, ես՝ ինքս եմ նման որոշում կայացրել, իմ մանդատը վայր դնելը պայմանավորված է եղել հայտնի իրադարձություններով, որքան էլ ինձ վրա հարձակում է եղել, բայց ես ունեցել եմ նման վարքագիծ։ Կյանքը ցույց տվեց, որ ես չսխալվեցի, եւ տեսնում ենք՝ իրենք ովքեր են, գործակալական այս ցանցն աշխատում է բացարձակապես մեր հայրենիքի, մեր երկրի դեմ, իրենք դավաճանել են հայրենիքը, եւ այս առումով սրանցից մեկը կդնի մանդատը` չի դնի, կոպիտ ասած, մարդկանց համար ո՛չ տաք է, ո՛չ սառը, մասնավորապես՝ Բոստանջյանի համար։

– Բայց մարդկանց մի խմբի էլ Փաշինյանը կարողանում է իր գործողություններով մոլորեցնել: Վերջին պաշտոնազրկումներով, օրինակ, ասում է` ես լավն եմ, մյուսները վատն են, իր վարկանիշն է փորձում բարձրացնել։ Բայց խոսենք գործընթացի օրինականությունից` արդյոք Սահմանադրությանը դեմ չէ՞, որ պատգամավորից մանդատ են ուզում խլել։

– Պատգամավորի կարգավիճակը տալիս է ժողովուրդը, որեւէ մեկը, հատկապես հարբած վիճակում, իրավունք չունի ասել՝ մանդատը վայր դրեք։ Կամ, ընդհանրապես, գործադիրում ի՞նչ է կատարվում, Բադասյանն օտարվեց, Գնել Սանոսյանն օտարվեց: Հեռացվեցին, շպրտվեցին, կարեւոր չէ, թե ում է նշանակում, նրանց վիրավորեց, շպրտեց, մարդիկ, որոնք մաքսիմալ իրենց տիրույթում արել են հարաբերականորեն դրական գործ։ Չէ՞ որ հենց իրենք են պարծենում ասֆալտով, հարկային վարչարարությամբ։ Այսինքն՝ դու դրական գործ արածներին էլ չես խնայում, նշանակում է՝ տեղի է ունենում արխայիկ ինչ-որ մի բան։ Ամենաաբսուրդը նա է լինելու, որ ապագայում այդ մարդկանց կարող են այլ պաշտոններում նշանակել։ Իսկ պատգամավորի դեպքում դա ավելի խայտառակություն է։ Պատգամավորին դու վատագույն դեպքում կարող ես դուրս շպրտել քո կուսակցությունից, բայց պատգամավորին ընտրել է մարդը, քաղաքացի կոչվածները։

– Գուցե Փաշինյանը երեւույթներին նայում է այն դիտանկյունից, որ խորհրդարանում բոլորն իր ուսապարկերն են, իր շնորհիվ են մանդատ ստացել։

– Եթե այդ դիտանկյունից է նայում, ապա ամբողջ կառավարման համակարգն ուսապարկ է, բոլորին կարող է տուն ուղարկել, ո՛չ երկրում քաղաքացի կա, ո՛չ ինստիտուտներ, ո՛չ ընտրություն, բոլորին ինքն է ասում՝ շնչեք կամ մի շնչեք․․․

– Փաշինյանի թիմակիցները փորձում են շեֆի քայլերին արդարացումներ տալ՝ կուսակցական կարգապահությունից, խաղի կանոններից են խոսում:

– Մենք տասնամյակներ շարունակ ծանոթ ենք Դաշնակցությանը, նրանք կարող են անհնազանդ կուսակցականի անդամությունը սառեցնել, հեռացնել: Խնդրեմ, եթե չի պահպանվել կարգապահությունը, թող նման քայլեր անեն, եթե հանցանք է գործել` դա էլ դեռ պետք է ապացուցվի։

– Ձեր կարծիքով՝ Փաշինյանն այս ամենը չի՞ հասկանում, ինչո՞ւ է նման քայլերի գնում, ո՞րն է նպատակը։

– Ինքը սիրում է կրկնել՝ ինձ ընտրել են, ես մանդատ ունեմ, բայց ես մի առիթով ասել եմ՝ Մուկուչյանի պես պրոֆեսիոնալի պարագայում մեր երկրում կարելի էր ընտրություններ չանցկացնել, ինչ որ պետք էր, կարելի էր միանգամից գրել․․․ ես կարծում եմ, որ այս ամենի նպատակը հետեւյալն է․ հասարակության մեջ գոյություն ունեն մանկուց տառապյալներ, մերժվածներ, կասկածելի բարոյականություն ունեցող մայրերից ծնվածներ, սրանք շնչահեղձ ձգտում են ինչ-որ բանի, ու Աստված չանի, որ հանկարծակի ձեռք են բերում այդ ամենը, ատամները սրած` պահպանում են։ Հիմա, իմ կարծիքով, նման բան է տեղի ունենում։