Կորյունը ծնունդով Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքից է: Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը, կյանքը՝ մինչ պատերազմը: «Իմ Կորյունը շատ հանգիստ, համեստ երեխա էր: Տարիքի հետ իր բնավորությունը չփոխվեց, ինչպես համեստ կար, այդպիսին էլ մնաց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անահիտը՝ Կորյունի մայրիկը:
Կորյունը սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետև մեկնել է պարտադիր զինվորական ծառայության: «Դպրոցում շատ էր սիրում Մաթեմատիկա առարկան: Մինչև 4-րդ, 5-րդ դասարան լավ է սովորել, հետո առաջադիմությունը փոխվեց, բայց սովորել սիրում էր»: Դպրոցն ավարտելուց հետո Կորյունն ուսումը չի շարունակել, զորակոչվել է բանակ, 2008-2010 թվականներին ծառայել է Երևանի թիվ N զորամասում: «Զորացրվելուց հետո երեք տարի աշխատեց «Գազպրոմ Արմենիայում»: 2014 թ.-ին, որպես պայմանագրային, ծառայության անցավ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում: Նա կոչումով եֆրեյտոր էր, հաստիքով՝ կապավոր։ Այնքան բծախնդիր էր իր ծառայության, համազգեստի նկատմամբ: Նույն կարգապահությունը նրան նաև առօրյա կյանքում էր բնորոշ:
Շատ էր սիրում իր ծառայությունը, բայց նաև երբեք չէր կիսվում ծառայության մանրամասներով, այդ առումով շատ գաղտնապահ էր»: 2014 թ.-ից մինչև 2020 թ.-ը Կորյունը ծառայել է սահմանապահ զորքերում, բայց պատերազմը փոխեց շատ տղաների, այդ թվում՝ Կորյունի կյանքի ընթացքը: Մայրիկն ասում է՝ որդին սեպտեմբերի 28-ից մեկնել է ռազմադաշտ, բայց իրենց ոչինչ չի ասել: «Մենք վստահ էինք, այդպես գիտեինք, որ ԱԱԾ սահմանապահ զորքերը մարտի դաշտ չեն մեկնում: Կորյունը մեզ ասում էր, որ իրենք Գորիսում են, կապ չունեն պատերազմի հետ: Բայց սեպտեմբերի 28-ից եղել է պատերազմի դաշտում: Մինչև իր զոհվելու պահը մենք այդ մասին տեղյակ չենք եղել»: Զանգերը տուն պարբերական ու պարտադիր բնույթ էին կրում: Տիկին Անահիտը նշում է՝ օրը երկու անգամ զանգում էր, որևէ բան պատերազմից չէր խոսում: «Եթե անգամ ընկերներին ինչ-որ բան ասում էր, ապա մենք անտեղյակության մեջ էինք: Մենք էլ, կարծես, հանգիստ լինեինք իր համար: Ճիշտ է, պատերազմ էր, բայց Կորյունս հեռու էր ռազմական գործողություններից: Ասում էր՝ լավ ենք, մեզ մոտ խաղաղ է: Այդպես էլ մինչև վերջին օրը մեզ ոչինչ չասաց պատերազմից»:
Մայրիկը գիտի, որ որդին եղել է Հադրութում, այլ վայրերում՝ ևս: Նշում է՝ ընկերներն էլ շատ բան չեն պատմում պատերազմական օրերի մասին: «Երկու անգամ շրջափակման մեջ է հայտնվել, բեկորային վնասվածք ստացել և տեղափոխվել հոսպիտալ։ Բուժումը կիսատ թողնելով՝ նորից միացել է ընկերներին»: Կորյունի պատերազմը տևել է մինչև հոկտեմբերի 14-ը: Նա այդ օրն է զոհվել Հորադիզում: «Զոհվել է ամսի 14-ին, իրեն գտել ենք հոկտեմբերի 25-ին»: Կորյունի հայրիկը չի դիմանում որդու բացակայությանը ու որոշ ժամանակ անց «միանում» է որդուն: «Ու մնացի տան մեջ մենակ: Տղա և աղջիկ ունեմ: Աղջիկս ամուսնացած է, իր ընտանիքն ունի»: Ապրելու ուժի մասին: «Ես ապրում եմ, որ իմ տղային ապրեցնեմ: Աստված ինձ ինչքան կյանք տա, այնքան էլ իմ տղան ինձ հետ կապրի»: Մայրիկն ասում է՝ որդին մեծ այգի էր տնկել: «Տարբեր՝ երևի մի հարյուր տեսակի ծառ ունի, մեծ այգի է: Հիմա ես եմ իր ծառերը մշակում, ծանր աշխատանք է, բայց անում եմ, որ հանկարծ դրանց հետ մի բան չպատահի: Երբ ծառի ճյուղը հանկարծ կոտրվում է, սիրտս ցավում է: Մենք պապական տանն էինք բնակվում, երբ ծառայության անցավ սահմանապահ զորքերում, այնքան լավ նորոգեց այն, ամեն ինչ տեղը տեղին: Ինձ ուժ է տալիս այն, որ իր տունն ու այգին պահեմ, իր այգիով եմ ապրում: Չգիտեմ՝ ճիշտ է այդպես ասելը, թե ոչ, բայց հիմա, երբ սկսում եմ մտածել ապրելու ուժի մասին, կարծում եմ, որ իր այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որպեսզի Կորյունի ջանքերը չկորեն: 2017 թ.-ին այգին տնկեց, 2020 թ.-ին արդեն ծառերի վրա բերք կար:
Այնքան էր սիրում իր այգին, երբ տանն էր լինում, այնտեղից դուրս չէր գալիս, ջրում էր, մշակում: Մեզ էլ ասում էր՝ դուք այնքան չեք ջրում, որ ծառը կշտանա: Իրեն զանգում էի, ասում՝ տես, ինչ լավ բերք են տվել ծառերդ: Կորյունս էլ արձագանքում էր՝ բա ո՞վ է ջրել, դրա համար էլ բերքը շատ է: Այդքան տանջվեց, բայց իր բերքի համը չտեսավ, իր տնկած ծառից բերք չհավաքեց: Այգեգործությամբ շատ էր սիրում զբաղվել: Երբ կենդանիներ էինք պահում, հայրիկին օգնում էր, խնամում դրանց, բայց ավելի շատ այգի էր սիրում, ծառեր: Հայրիկին ասում էի՝ մնա իմ կողքին, մեր տղայի տունն ու այգին պահենք, բայց հայրիկը չդիմացավ»: Կորյունի բազմաթիվ երազանքներ կիսատ մնացին: Հայրենի գյուղում ապրելու, պապական տունը շենացնելու երազանքը նույնպես: Որդու զոհվելուց հետո են ծնողներն իմացել, որ նա սիրած աղջիկ է ունեցել, մտածել է ամուսնության մասին:
Հ. Գ. – Կորյուն Սառիկյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Արաքսի պահապան» կրծքանշանով և «Մարտական ծառայության» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Սարիգյուղի ընտանեկան գերեզմանատանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Բաց մի թողեք
Դեկտեմբերի 9-ի աստղագուշակ․ Հարմար օր է ինքնուրույն աշխատելու համար
Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը, շքեղ միջոցառման տեսանյութը
Ինչ արժե Ամանորի գիշերը երևանյան ռեստորաններում, ովքեր են երգելու