03/12/2024

Վրաստանի նախագահի պաշտոնում առաջադրվել է նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը. Լուսանկար

Իշխանություններին հավատարիմ «Ժողովրդի իշխանություն» շարժման անդամ, հայտնի նախկին ֆուտբոլիստ, պատգամավոր Միխեիլ Կավելաշվիլին «Վրացական երազանքի» քաղխորհուրդը առաջադրել է Վրաստանի նախագահի պաշտոնում:

Ընտրությունը կլինի դեկտեմբերի 14-ին, նախագահին կհաստատի կամ կմերժի ընտրական կոլեգիան:

Նախքան քաղաքական կարիերան սկսելը, Միխայիլ Կավելաշվիլին հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Սպարտակ-Ալանիան» (Վլադիկավկազ), «Մանչեսթեր Սիթին», իսկ հարձակվողի կարիերան ավարտել է Ցյուրիխում 2006 թվականին։

Վրաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած 46 խաղում դարձել է ինը գոլի հեղինակ։

Ներկայացնելով թեկնածուին՝ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին Կավելաշվիլիին անվանել է «սկզբունքային հայրենասեր»։

Նրա խոսքով՝ Կավելաշվիլիի ընտրվելուց հետո «Վրաստանի Սահմանադրության կոպիտ խախտման (-խմբ. նկատի ունի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնավարումը) պրակտիկան և պետությանը դավաճանելը կմնա անցյալի իրողություն»:

Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի վերջին ուղղակիորեն ընտրված նախագահն է։

Հաջորդ նախագահին կընտրի 300 հոգանոց ընտրական կոլեգիան, որի կազմում կլինեն Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, Աջարիայի և Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդների անդամներ, ինչպես նաև ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

Ինչպես նշում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, Վրաստանի նախագահը պետք է լինի մարդ, որը կգործի իր «երկրի շահերին համապատասխան»։ Ինչպես հայտնի է, ներկայիս նախագահ Զուրաբիշվիլիի և իշխանությունների կարծիքները չեն համընկնում:

Սահմանադրության համաձայն՝ Վրաստանի նախագահի ընտրություններն անցկացվում են պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո՝ հոկտեմբերին, սակայն եթե ընտրությունների ամսաթիվը ընկնում է խորհրդարանական ընտրությունների ամսին կամ նախորդ ամսին, ապա նախագահական ընտրություններն անցկացվում են նորընտիր խորհրդարանի առաջին նիստից հետո՝ 45 օրվա ընթացքում։