«Հրապարակի» հարցերին պատասխանում է Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանը:
– Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշում է կայացրել մինչեւ 2028-ը դադարեցնել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ եվրոպացի բյուրոկրատներին պետք է ցույց տան, որ իրենց հետ կարելի է խոսել ոչ թե շանտաժով ու վիրավորանքներով, այլ՝ արժանապատվորեն: Նրա խոսքով՝ ԵՄ-ն հեղինակության վնաս է հասցրել Վրաստանին՝ օգտագործելով բանակցությունների մեկնարկի թեման՝ որպես մանիպուլյացիոն գործիք: Կառավարության ղեկավարը նաեւ ընդգծել է, որ վրացիները հպարտ ազգ են` հարուստ պատմությամբ, ուստի Վրաստանի համար կտրականապես անընդունելի է ԵՄ-ին ինտեգրումը դիտարկել որպես «ողորմություն»: Առաջին հայացքից թվում է, թե այս հայտարարությունն ազգային արժանապատվության մասին է, սակայն Վրաստանում քիչ չեն նաեւ այն մարդիկ, ովքեր կողմ են եվրաինտեգրմանը: Ի վերջո` ի՞նչ որոշում է սա, ինչո՞վ է պայմանավորված եւ ի՞նչ հետեւանքներ կարող է թողնել երկրի հետագա ճակատագրում:
– Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ներկայիս կառավարությունը լիովին հավատարիմ է եվրոպական արժեքներին եւ եվրաինտեգրման գործընթացին, սակայն մինչեւ 2028թ․ որոշվել է չվերսկսել ԵՄ անդամակցության բանակցությունները, ինչպես նաեւ՝ հրաժարվել է ԵՄ դրամաշնորհներից։ Կոբախիձեն նշել էր, որ այս փուլում ԵՄ-ին անդամակցության բանակցություններն օգտագործվում են որպես երկրին շանտաժի ենթարկելու գործիք։ Այնուամենայնիվ, Վրաստանի վարչապետը վերահաստատել է, որ շարունակելու են մինչեւ 2028թ․ ավարտել Ասոցացման համաձայնագրի եւ ազատ առեւտրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների 90%-ը, իսկ 2030-ին լիովին պատրաստ կլինեն ԵՄ-ին անդամակցության։ Հետեւաբար, եթե հարցին փորձենք համակողմանի նայել, ապա, ըստ էության, Վրաստանը չի հրաժարվում եվրաինտեգրման գործընթացից, սակայն ժամանակավորապես կասեցնում է որոշ աշխատանքներ, իսկ որոշների իրականացման ժամկետն էլ հնարավորինս երկարացնում է։ Ինչ վերաբերում է ընդդիմության եւ հանրության դժգոհությանը, ապա դա նույնպես սպասելի եւ հասկանալի է, քանի որ վերջին տարիներին ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը, քաղհասարակությունը եւ այլ շահագրգիռ կողմեր աշխատում էին այդ ուղղությամբ։ Հետեւանքների մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ, քանի որ ներկայում իրադարձությունները բավական արագ են զարգանում, եւ դեռ հստակ չէ, թե այս հարցում ինչպիսի դիրքորոշում կունենա ԵՄ-ն, որի անդամ պետությունների մի մասը դեռեւս նախընտրական շրջանից սատարում էր ընդդիմադիր ուժերին։
– Այս քայլից կարո՞ղ ենք եզրակացնել, որ Վրաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի Ռուսաստան:
– Վրաստանում իշխանությունը ո՛չ նախընտրական շրջանում, ո՛չ էլ դրանից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունների փոփոխության մասին չի հայտարարել։ Այնուամենայնիվ, Վրաստանի թե՛ արեւմտյան գործընկերները, թե՛ ընդդիմությունը, թե՛ հանրության լայն շրջանակ Արեւմուտքի հետ հարաբերությունների վատթարացումը, արեւմտյան գործընկերների հետ կոշտ հռետորաբանությունը, փոխադարձ մեղադրանքները դիտարկում է որպես Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման փորձ, ինչպես նաեւ՝ ՌԴ-ի վարած քաղաքականության սատարում։ Հատկապես ուզում եմ շեշտել, որ ռուսական ազդեցության գոտում հայտնվելու մեղադրանքներն էականորեն աճել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի եւ «Ընտանեկան արժեքների եւ անչափահասների պաշտպանության մասին» օրենսդրական փաթեթի աղմկահարույց ընդունումից հետո։
– Ի՞նչ ազդեցություն կարող են թողնել վրացական իրադարձությունները Հայաստանի վրա:
– Վրաստանում ցանկացած անկայունություն ուղղակիորեն եւ անուղղակիորեն ազդում է Հայաստանի վրա։ Այդ իսկ պատճառով մեզ համար շատ կարեւոր է, որ Վրաստանում իրադարձությունների զարգացումն այնպիսի իրավիճակ չստեղծի, որի պատճառով տուժեն հայ-վրացական հարաբերությունները, Հայաստանի առեւտրաշրջանառությունը մեր գործընկերների հետ, ինչպես նաեւ՝ կապն արտաքին աշխարհի հետ։
Բաց մի թողեք
Ազատված 32 վարորդներից 28-ը դիմել են աշխատանքի վերականգնվելու խնդրանքով
Հեռախոսի բովանդակությունը տպել են, տվել՝ կարդան
Փաշինյանն արդեն որոշել է, թե ով է լինելու Գյումրիի քաղաքապետի ԺՊ-ն