Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ավանդական դարձած կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ է անցկացվել, որտեղ զեկուցողը եղել է վարչապետը։
«Հրապարակ» թերթը գրում է. Այս հանգամանքով պայմանավորված՝ դահլիճում ազատ աթոռ չի եղել: Նրանք, ովքեր չգիտեն, տեղեկացնենք, որ նիստի նախօրեին ՔՊ անդամներին աստիճանական կարգով տեղեկացնում են այդ օրվա նիստի եւ թեմայի, գլխավոր զեկուցողի մասին եւ պահանջում տեղեկացնել՝ հաստատո՞ւմ են իրենց մասնակցությունը, թե՞ ինչ-ինչ պատճառներով ներկա չեն գտնվի։
Երեկվա նիստից հրապարակված տեսանյութում երեւում էր, որ ներկա էր ՔՊ գրեթե ողջ ֆրակցիան, գործադիրի անդամները, անգամ համայնքի ղեկավարներ եւ մարզպետներ կային։ Շատերը թերեւս մտածել են՝ խառնակ ժամանակներ են, գնանք` ներկա գտնվենք, լսենք վարչապետին, գլխով ու խոսքով ցույց տանք, որ իր հետ համակարծիք ենք, որ հանկարծ մի sms էլ մենք չստանանք։
Նիկոլ Փաշինյանի զեկույցի առանցքային թեման եղել են կադրային քաղաքականությունը եւ հատկապես վերջին ժամանակների sms-ային ազատումները, որոնք տեղի ունեցան գործադիր, օրենսդիր եւ նույնիսկ դատական համակարգում։ Նիկոլ Փաշինյանը հիմնականում իրեն բնորոշ խոհափիլիսոփայական, դասախոսության ոճով ներկայացրել է, թե պետական կառավարումը եւս կենդանի օրգանիզմ է, եւ պետք է ըմբռնումով մոտենալ, որ ինչ-որ պահի, ինչ-որ օղակում կարող են կադրերը լճանալ, ինչ-որ տեղում՝ թերանալ, ուստի պետք չէ ցավագին կամ անձնավորված ընդունել այդ ազատումները։ Վստահեցրել է, որ անձնական որեւէ խնդիր չի ունեցել եւ չունի ազատվող պաշտոնյաներից եւ ոչ մեկի հետ, հիշատակել է իր մանկության ընկեր Վահե Ղազարյանին (ՆԳՆ-ում ասել էր` 37 տարվա ընկերներ ենք), որ անգամ կարող է մոտ ընկերոջն ազատել, քանի որ գալիս է ժամանակ, որ, իր խոսքով, ամենանվիրյալները կարող են լճանալ։
Նորից գովեստի խոսքեր է ուղղել բոլոր ազատված պաշտոնյաների հասցեին, որ չեն մերժել պաշտոնը լքելու իր խնդրանքը, եւ մանավանդ շեշտել է Քննչական կոմիտեի արդեն նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի անունը, ասելով` շնորհակալ եմ, որ, լինելով անկախ կառույցի ղեկավար, չի մերժել իմ խնդրանքը։ Թեեւ գրեթե նույն կարգավիճակում էին նաեւ մյուս հեռացողները, իսկ ԲԴԽ նախագահն ու պատգամավորը, առհասարակ, խիստ պաշտպանված էին օրենքով:
ՔՊ-ական ներկաներից ոմանց կարծիքով, Փաշինյանը Քյարամյանին շեշտելով` «լսեցրել» է Հովիկ Աղազարյանին, որ դու երկու շաբաթ է՝ դիմադրում ես, իսկ Քյարամյանն ապրի` արագ փասափուսեն հավաքեց` չմերժելով իր խնդրանքը: Եվ անգամ ակնարկել է, որ դա կգնահատվի առաջիկայում։ Այսինքն` մի պաշտոն կտամ ինձ լսողներին:
Հովիկ Աղազարյանը, ի զարմանս շատերի, նույնպես ներկայացել է նիստին եւ մինչեւ վերջ մնացել քննարկմանը։ Բոլորը սպասել են, որ Փաշինյանը նրան անարգանքի սյունին կգամի, բայց նա ոչ մի բառ չի ասել:
Երբ Նիկոլ Փաշինյանն ավարտել է իր խոսքը, ավանդույթի պես հայտարարել է` լսում եմ ձեր հարցերը, որից հետո էլ անցնում են ելույթներին։ Սակայն Փաշինյանն անակնկալի է եկել, երբ հարցերի համար հերթագրում հայտարարելուց հետո պարզվել է, որ ոչ մեկը հարց տալու ցանկություն չունի: Նա զարմացած, գրեթե հանդիմանական տոնով հարցրել է՝ ինչո՞ւ ոչ մեկը հարց չի տալիս, ինչից հետո մի 5-6 հոգի «ամոթու» գրանցվել են, որ հարց տան, մի քանիսն էլ ելույթ ունենան։
Խմբակցությունում կասկած չունեն, որ վերջին իրադարձություններն այնպես են ազդել ՔՊ-ականների տրամադրության վրա, որ Փաշինյանը բռնել է նրանց վախը, եւ հիմա շատերը, շառից-փորձանքից հեռու, նախընտրում են լռել, քանի որ չգիտեն, թե ինչը կարող է վարչապետի զայրույթը հարուցել, եւ ինչից հետո նա մի sms էլ իրենց կուղարկի։
Որքան էլ անակնկալ է եղել, սակայն հարց տվողներից ու ելույթ ունեցողներից միայն Փաշինյանի երբեմնի հավատարիմ Հայկ Սարգսյանը՝ Շիշ բռնողն է մի թեթեւ հակադրվել վարչապետին: Մոտավորապես ասել է, որ թիմակիցների հետ փոխհարաբերությունները պետք է փոխադարձ հարգանքի սկզբունքով կառուցվեն՝ ակնարկելով, որ վերջին պաշտոնանկություններն այնքան էլ հարգալից ձեւով չեն արվել։ Ասել է, որ չպետք է մոռանանք հին հայկական ասացվածքը, որ ով գործ չի անում, նա չի սխալվում, նշանակում է` այդ մարդիկ գործ անող մարդիկ են եղել եւ արժանի էին հարգալից վերաբերմունքի։ Ապա ասել է, որ կարող է տասնյակ պաշտոնյաների անուններ թվարկել, որոնք տարիներ շարունակ ոչինչ չեն անում, ձայն-ծպտուն էլ չեն հանում եւ շարունակում են մնալ իրենց պաշտոններում։ «Ինչ է` չխոսենք այդ մասին՝ վախենալով, որ դա մեզ վրա կարող է ծա՞նր նստել»․ մոտավորապես նման արտահայտություն է արել նա՝ նկատի ունենալով գործընկեր պատգամավորների ճակատագիրը, որոնք փաստացի պատժվում են այն բանի համար, որ Արգիշտի Քյարամյանին ասել են, թե աչքիդ վերեւը հոնք կա։
«Թեթեւի մեջ» Վլադիմիր Վարդանյանն է փորձել չհամաձայնել Նիկոլ Փաշինյանի այն պնդման հետ, որ դատական համակարգում խնդիրներ ունենք, եւ ազատումներից մեկն էլ այդ նկատառումով է եղել` ԲԴԽ-ի նախագահին ակնարկելով։ Վարդանյանն ասել է, թե դատական համակարգն էլ է մերը, այսինքն՝ մեր իշխանությանը, ուստի չարժե անընդհատ բարձրաձայնել, փնովել, որ խնդիրներ կան։ Արեն Մկրտչյանն էլ նրան հակադարձել է, թե՝ էլի մերն է, բայց մարդիկ առանց մեր ասելու էլ տեսնում են, չէ՞, որ կան խնդիրներ։ Փաշինյանի քիմքին հաճո մի ելույթ էլ ունեցել է ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, ինչը տարօրինակ չի եղել ներկաների համար: Նա սկսել է գովերգել առաջնորդին եւ ՔՊ կուսակցությունը, թե` մենք ամենալիբերալ կուսակցությունն ենք, ԱՄՆ դեմոկրատներից էլ լիբերալ ենք, որ ինքներս ենք մեր ուժայիններին պատին դեմ տալիս, անգամ բարձրաձայնում ենք, որ նախնական կալանքը որպես պատժիչ միջոց է կիրառվում։
Մի խոսքով, վախվորած ուսապարկերի վախը եւս մեկ անգամ բռնեց Փաշինյանը, եւ այսուհետ նրանք ավելի հնազանդորեն են նրան ենթարկվելու, որ կերակրատաշտից հանկարծ չզրկվեն:
Բաց մի թողեք
Ինչ արժե Ամանորի գիշերը երևանյան ռեստորաններում, ովքեր են երգելու
Գաբրիել Ջեմբերեջյանին կալանավորել են ցանկացել․ Լուսանկար
Գյումրվա պրայմերիզ. քաղաքապետի ժամանակավոր աթոռի շուրջ պտտվող քարոզարշավի կարգախոսներն ու կանխատեսումները. Լաուսանկարներ