19/01/2025

Սրբերի մեջ մի «բարոյազուրկ, պետական դավաճան» կար՝ հեռացրին․ Ինչ «պետական գաղտնիք» է հրապարակվել

Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը» մերժելուց երկու օր անց պարզվեց, որ հեղափոխական սրբերի թիմում մի «բարոյազուրկ», «պետական դավաճան» է ծվարած եղել, որի անունը Հովիկ Աղազարյան է։

Հրապարակ թերթը գրել է․ Կեսգիշերն անց ՔՊ կուսակցության վարչության նիստի հաղորդագրությամբ հայտնեցին․ «Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է կուսակցությունից՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաեւ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։

Մինչդեռ բառացիորեն օրեր առաջ Հովիկ Աղազարյանին հեռացնելու պատճառը բոլորովին այլ էր` ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ կոնֆլիկտը, ոչխարների գործը, նաեւ այն, որ իբր պատգամավորը միջնորդել է ՔԿ նախկին պետին` իր որդու հետ կապված քրեական գործով, որին նաեւ ԱԺ նիստում «արա»-ով դիմեց: Շուրջ 2 շաբաթ Աղազարյանին չկարողացան համոզել, որ մանդատից հրաժարվի` կատարի Փաշինյանի ապօրինի հրահանգը, ուստի, հատելով բոլոր կարմիր գծերը, մտան մարդու անձնական կյանք, Սահմանադրությունը տրորեցին, նրա ինտիմ կապերն ու խոսակցությունները դարձրին կուսակցության քննության առարկան եւ հիմա փորձում են Հովիկ Աղազարյանից անբարոյականի ու պետական դավաճանի կերպար կերտել։ Ոմանք ՔՊ հայտարարությունից եզրակացրել էին, որ Աղազարյանը թշնամի պետությունների լրտես է կամ էլ, նվազագույնը` ընդդիմադիրներին է ինչ-որ գաղտնի` ներկուսակցական ինֆորմացիա փոխանցել: Եվ դա տրամաբանական էր` դատելով խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հայտարարությունից, թե պարզել են, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, արտահոսքեր է կազմակերպել։ ՔՊ խմբակցության ղեկավարը հայտարարեց նաեւ, որ Աղազարյանի հետ առնչվող տարբեր քրեական գործերով հարուցված վարույթներ կան, եւ դրանց շրջանակներում իրականացված գործողությունների ժամանակ էլ ի հայտ են եկել այդ տեղեկությունները։ Եվ քանի որ պետական գաղտնիքի հրապարակումը քրեորեն պատժելի հանցանք է, Կոնջորյանը չբացառեց, որ իրավապահները կզբաղվեն Աղազարյանով։

Իրականում, իրավապահները պետք է զբաղվեն այն ամենով, ինչ կատարվում է այս օրերին: Օրինակ, պետք է պարզեն, թե ինչպես Քննչական կոմիտեի քննիչն առգրավեց անձեռնմխելի անձի` պատգամավորի հեռախոսը, առանց ԱԺ-ից թույլտվություն ստանալու: Ինչ գործի շրջանակներում, ինչ նպատակով: Հետո այդ հեռախոսում ամփոփված տեղեկատվությունն ում մոտ հայտնվեց եւ ինչ իրավունքով դարձավ ՔՊ վարչության քննության առարկան: Ինչ գաղտնալսումներ են իրականացվել անձեռնմխելի անձի նկատմամբ` առանց դատարանի որոշման եւ այլն: Ակնհայտ է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն անօրինական կարգով ներխուժել է ՀՀ քաղաքացու, պատգամավորի կյանք եւ անօրինական ճանապարհով ստացված տեղեկություններն օգտագործել է՝ Աղազարյանի դեմ շանտաժ բանեցնելու նպատակով:

Այս անօրինական եւ ամոթալի` 37 թվին բնորոշ հալածանքին մասնակցել է ողջ ՔՊ զանգվածը: Անգամ այն մարմնի ղեկավարը, որը, ենթադրվում է, պետք է պաշտպաներ պատգամավորին․ երեկ Ալեն Սիմոնյանն ուղղակի ինքնակամ նետվեց լրագրողների գիրկը, որ հայտարարի․ «Ես անձամբ շոկի մեջ եմ եղել։ Այն, ինչ ես երեկ իմացել եմ, անկեղծ ասեմ՝ մինչեւ երեկ ամեն հնարավոր ձեւով փորձել եմ պարոն Աղազարյանին պաշտպանել, բայց երեկ ես ուզում էի իրեն ինչ-որ ձեւով խեղդել»։

Ինչ «պետական գաղտնիք» է հրապարակվել

Նախօրեին կայացած նիստում Աղազարյանի հարցը քննարկվել է մոտ մեկուկես ժամ, սակայն բառ անգամ չի խոսվել ո՛չ Քյարամյանի հետ տեղի ունեցած միջադեպի, ո՛չ պատգամավորի որդու, ո՛չ էլ ոչխարների հայտնի գործերի մասին: Ինչը նշանակում է, որ դրանք շինծու, անհիմն մեղադրանքներ են: Մի ձեւով փորձել են մանդատը խլել` չի ստացվել, եւ անցել են այլ մեթոդի: Երկակի կյանքով ապրող ՔՊ-ականների խումբը որոշել է բարոյականության դիրքերից հանդես գալ եւ երկար քննարկել է Աղազարյանի անձնական կապերը, ինտիմ զրույցները, կանանց եւ տղամարդկանց հետ նամակագրությունները, Նիկոլ Փաշինյանն անգամ ընթերցել է իր առջեւ դրված ինչ-որ հեռախոսային զրույցներ, հաղորդագրություններից սքրին շոթեր է ներկայացրել եւ փորձել է Աղազարյանի վրա հոգեբանական ճնշում գործադրել, թե բա` ինչ կլինի, եթե այս մասին ուրիշներն էլ իմանան: Փաստորեն, այս մարդիկ անգամ չեն հասկանում` ինչ է կարելի, ինչ չի կարելի անել: Փորձել է հանրայնացնել մարդու անձնական կյանքը, սպառնալ՝ որպես քաղաքական կոմպրոմատ օգտագործել, իսկ վերջում էլ, առանց անհարմար զգալու, այդ մասին գրել են հաղորդագրության մեջ` որպես կուսակցությունից հեռացնելու պատճառ։

Փաշինյանն Աղազարյանին նաեւ մեղադրել է լրագրողներին ինֆորմացիա փոխանցելու մեջ, նախկին խմբագիրը մի քանի տող է ընթերցել` դրանք վերագրելով Աղազարյանին: Ամենաշատը վրդովվել է իր եւ Իլհամ Ալիեւի վերջին հանդիպման մասին «Հրապարակում» հայտնված տեղեկություններից, մասնավորապես` Ռուբեն Վարդանյանին վերաբերող դրվագից։ Մենք գրել էինք, որ այդ հանդիպման ժամանակ, երբ Ալիեւը հարցրել է՝ ինչու չեք պահանջում Ռուբեն Վարդանյանին, Փաշինյանը պատասխանել է` գիտի, որ պահանջի էլ, նա չի տա։ «Փոխարենը ուրիշներն են պահանջում, Պուտինը»,- ասել է Ալիեւը։ Փաշինյանն Աղազարյանին մեղադրել է, թե այս ինֆորմացիայի արտահոսքն իր ձեռքի գործն է։

Ի դեպ, այդ լուրերը մեր թերթում հրապարակվել են հոկտեմբերի 29-ին, այսինքն՝ շուրջ մեկուկես ամիս առաջ, եթե դրանք վտանգել են պետության անվտանգությունը կամ պետական գաղտնիք էին պարունակում, ինչո՞ւ են այսօր հիշում այդ մասին եւ ինչպե՞ս են պարզել, որ աղբյուրը Հովիկ Աղազարյանն է:

Երեկ Հովիկ Աղազարյանը լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց. «Ես այս տարիների ընթացքում երբեւէ չեմ եղել այն բաժնում, չեմ դիմել՝ այս կամ այն գաղտնի փաստաթղթին ծանոթանալու համար… Եթե խոսքը վերաբերում է խմբակցության նիստերից արտահոսքին, որտեղ մասնակցում է 60-70 պատգամավոր, նաեւ՝ կառավարության անդամներ, ասեմ՝ ես միշտ հասանելի եմ, լրագրողները գիշերն էլ զանգեն, ես պատասխանել եմ։ Հիմա այդ զրուցելու ընթացքում, թե՛ հարցազրույցի ֆորմատով, թե՛ ընդհանրապես, կարող է պատահի, որ ես մի բան եմ ասել, որ չէր կարելի ասել: Ես չեմ հիշում կոնկրետ այդպիսի դեպք, որ նպատակամղված, պլանավորված` այսօր սա եմ ասել՝ արտահոսք, հետո այն եմ ասել` արտահոսք»։ Հարցին՝ իսկ «բարոյական հանրային նորմեր է խախտել»-ն ի՞նչ է նշանակում` տպավորություն է, որ սիրուհի ունենալու մասին է խոսքը, Աղազարյանը պատասխանեց. «Սիրուհի ունենալը հանցագործությո՞ւն է… բա էլ ի՞նչ կա, հիմա ես կուզե՞մ՝ էդ ինֆորմացիան հրապարակեն․ իհարկե, չեմ ուզի»։ Ասաց նաեւ. «Ես հարցրեցի՝ պարոն վարչապետ, այս ամենը, որ ցույց եք տալիս ինձ, օրինակա՞ն է, նա ասաց՝ դա հիմա կարեւոր չէ»։