13/12/2024

ԱՄՆ-ը «կպատժի» Վրաստանի կառավարությանը

ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Վրաստանի դեմ, այդ թվում՝ պատժամիջոցներ՝ կապված երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի հետ, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Միացյալ Նահանգներն այժմ պատրաստվում է օգտագործել մեր տրամադրության տակ եղած գործիքները, ներառյալ՝ լրացուցիչ պատժամիջոցների սահմանումը, ի լրումն երկկողմ համագործակցության հետագա վերանայման, որը մենք ավելի վաղ հայտարարել էինք», – ասել է ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը։
Նրա կարծիքով, Վրաստանի իշխանությունները «պետք է անհապաղ ազատ արձակեն» նրանց, ովքեր ձերբակալվել են «խաղաղ հավաքների և արտահայտվելու իրավունքից օգտվելու համար»։

Ինչպես կարծում է պետքարտուղարը, «ուժի ապօրինի կիրառման համար մեղավոր պաշտոնյաները պետք է լիովին պատասխանատվության ենթարկվեն»։

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է «Վրացական երազանք» կուսակցության չարդարացված բռնությունը Վրաստանի քաղաքացիների, ԶԼՄ-ների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ։
Մեզ հատկապես անհանգստացնում են իրավապահների գործողությունների պատճառով մարդկանց լուրջ վնասվածքները»,-նշել է նա: