Սիրիական ռեժիմի տապալման «դափնիներն» առայժմ վերագրվում են «Հայաթ թահրիր ալ-Շամ» խմբավորմանը: Համենայն դեպս, առ այս պահը թուրքամետ այդ խմբավորման առաջնորդ ալ-Ջուլանին է միջազգային լրատվամիջոցների հետ շփվում և խոսում Սիրիայի քաղաքական ապագայի հետ կապված հնարավոր զարգացումների մասին:
Ռուսական «Նեզավիսիմայա գազետան», անդրադառնալով նրան, ասում է, որ ալ-Ջուլանին Թուրքիայի խամաճիկը չէ: Ըստ երևույթին Մոսկվայում «ապստամբական ուժերի» հետ համաձայնության հնարավորություն են տեսնում:
Քաղաքագետ Ելենա Սուպոնինայի գնահատմամբ՝ Ասադի անկմանը նպաստել են մի շարք գործոններ: Ընդսմին՝ նա դրանցից մեկն է համարում ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակը:
Սուպոտինայի դիտարկմամբ՝ Թրամփը չի թաքցնում, որ ցանկանում է վերաֆորմատավորել Մերձավոր Արևելքը, որպեսզի լրջորեն թուլացնի Իրանի ազդեցությունը, և տարածաշրջանային մի քանի դերակատար, առաջին հերթին՝ Թուրքիան, որոշել են ցուցադրել, որ սիրիական ընդդիմության նկատմամբ ազդեցություն ունեն և իրենց հետ պետք է հաշվի նստել»:
Եթե այս դիտարկումը զուտ հեղինակային չէ, առնվազն միջնորդավորված է Սիրիայում իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի «ուղեղային կենտրոնների» միջինացված գնահատականով, ստացվում է, որ կամ ԱՄՆ նախագահի թեկնածուներից մեկի՝ Դոնալդ Թրամփի նկատմամբ Մոսկվայի համակրանքն ադեկվատ չէր, կամ Ասադի անկումը և Մերձավոր Արևելքի վերաֆորմատավորումը բխում է ՌԴ իրական աշխարհաքաղաքական շահերից:
Մանավանդ որ ռուս քաղաքագետը վստահաբար ասում է, որ Ռուսաստանը Սիրիայից չի հեռանա: «Եթե կա մեկը, որ այնտեղ չի լինի, ապա դա Իրանն է՝ իր պրոքսի խմբավորումներով: Ընդդիմության (սիրիական) մի հատվածը, չնայած կատարվածին, բավական ջերմ է վերաբերվում ՌԴ-ին, և ռուսական ռազմաբազաների հարցը կկարգավորվի բանակցությունների միջոցով»:
Նման հավաստիացում, ինչպես աղբյուրներն են տեղեկացնում, արել է «Հայաթ թահրիր ալ-Շամի» առաջնորդ ալ-Ջուլանին, որի գլխավորած շարժման խորհրդանիշը, ի դեպ, դեկտեմբերի 8-ին բարձրացվել է Մոսկվայում Սիրիայի դեսպանատան և Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոսության շենքերի վրա: Դա նշանակում է, որ Ռուսաստանն արդեն իսկ ճանաչում է Սիրիայում տեղի ունեցած «խաղաղ իշխանափոխությունը»:
Բաշար Ասադի ռեժիմի անկումը եվրոպական մի շարք երկրներ ողջունել են: Բացառված չէ, ավելին՝ շատ հավանական է, որ Վաշինգտոնում և եվրոպական մայրաքաղաքներում նույնպես սիրիացի «ապստամբների» հետ կապի հնարավորություն են փնտրում կամ արդեն իսկ հատուկ ծառայությունների միջոցով առաջին շփումներն են ունեցել:
Բայց Մոսկվան, երևի, առաջին մայրաքաղաքն է, որտեղ Սիրիայի դեսպանատան շենքին բարձրացվել է «Հայաթ թահրիր ալ-Շամի» տարբերանշանը: Ընդ որում՝ ՌԴ օրենսդրությամբ այդ խմբավորումը ճանաչված է ահաբեկչական:
Ռուսաստանի մամուլը Սիրիայի իրադարձությունները լուսաբանում է Իրանի հասցեին ակնհայտ «կշտամբանքով»: Բարդ է ասել՝ Թեհրանը Մոսկվային խոստացել է Ասադին փրկել, բայց գործնականում ռազմական գործողություններին չի միջամտե՞լ, թե, ընդհակառակը, Մոսկվան է «երդմնազանց եղել»: Անհավանական չէ, որ Ռուսաստանը և Իրանը պարզապես Ասադին ևս մի քանի տարի իշխանության պահելու անհրաժեշտություն ուղղակի չեն տեսել:
Ներկա պահին դա չէ կարևորը, այլ թե Սիրիայում ի՞նչ ուժերի հետ են բախվելու սուննի «ապստամբականները», եթե շիադավան բոլոր խմբավորումներն այլևս այնտեղ չեն: Արևմտյան մամուլը բացահայտել է, որ «Հայաթ թահրիր ալ-Շամի» առաջնորդի անվան «ալ-Ջուլանին» մակդիր է և նշանակում է«գոլանցի»:
Գոլանի բարձունքները Սիրիան բաժանում են Իսրայելից, Հորդանանից և Լիբանանից: Լեռնային այդ բարձրավանդակը որոշ լրագրողներ անվանել են «Իսրայելի աչքեր»: 1974թ. բուֆերային գոտով Գոլանի բարձունքները բաժանված էին Իսրայելի և Սիրիայի միջև:
Դեկտեմբերի 8-ին սիրաիական բանակը բուֆերային գոտին լքել է, այն լիովին անցել է Իսրայելի հսկողության տակ:Նույն օրն Իսրայելի ԶՈՒ ԳՇ պետ «Գոլանի» զորամիավորման նորակոչիկներին ասել է, որ նրանք շուտով կկռվեն նաև Սիրիայում: Ալ-Ջոլանին Գոլանի բարձունքները վերադարձնելու համար Իսրայելի դեմ ռազմագործողություններ կսկսի՞:
Ռուսաստանը երկու ռազմաբազայով կվերահսկի Սիրիայի ալավիաբնակ հատվա՞ծը:
Բաց մի թողեք
ԱՄՆ-ն մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության և լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումներով
«Տան գաղտնիքը փոքրը կասի»․ Արցախի զինվորականը, որ այսօր ուսուցիչ է
ԿԸՀ-ն հաստատել է Եվրաքվեի հարցով ստորագրահավաքի վավերականությունը. ինչ է այն ենթադրում